
Գերմանացի ներդրողը անհամբերությամբ սպասում է փորձաքննության արդյունքներին
Գերմանացի ներդրող-Գագիկ Ծառուկյան դատական վեճում «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում» անշարժ գույքի գնահատում կիրականացնի «Անիկոմ» գնահատող ընկերությունը: «ԻստԻնվեստոր» գերմանական ներդրումային ընկերությյունը` ընդդեմ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դատաքննությունը դեռեւս կասեցված է:
«Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում» ուներ 3.2% բաժնետոմս, սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը դիմել է դատարան` վերականգնելու բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Դատավոր Ա. Մելքումյանը այս տարվա ապրիլի 21-ին բավարարել էր «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը` նշանակելով կոմբինատի դատահաշվապահական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Հայցվոր կողմի ներկայացմամբ` այս փորձագիտությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե որքան կկազմեր ընկերության սեփական կապիտալը եւ մեկ բաժնետոմսի գինը դրանք համախմբելու պահի դրությամբ (12.10.2008 թ.):
«ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը պնդում է, որ ընկերությունը արհեստականորեն արժեզրկել է սեփական կապիտալը, որպեսզի նվազեցնի նաեւ բաժնետոմսերի շուկայական գինը: Փորձաքննության իրականացումը հանձնարարվել էր ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, իսկ անշարժ գույքի գնահատման աշխատանքների իրականացման համար հայցվորը պայմանագիր է կնքել «Անիկոմ» գնահատող ընկերության հետ: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը կասկածում է փորձաքննության արդյունքների օբյեկտիվությանը:
Ըստ նրա` «Անիկոմ» ընկերությունը եւս հաշվարկներ կանի` ելնելով «Մուլտի գրուպ»-ի սեփականատիրոջ շահերից: «Մենք մի փոքր կասկածում ենք, որ նրանք կասեն իրական շուկայական գինը: Մենք տեսնում ենք, թե «Մուլտի գրուպ»-ը ու Գագիկ Ծառուկյանն այս գործում ինչքան ուժեղ ճնշում են գործադրում, եւ ավելի քան հավանական է, որ «Մուլտի գրուպ»-ը ուղիներ փնտրի գնահատման գործընթացի վրա եւս ազդելու համար: Ահա թե ինչու ենք մենք կասկածում` կտեսնե՞նք իրական գնահատում, թե՞ այն կլինի «Մուլտի գրուպ»-ի օգտին: Բայց մենք հետաքրքրությամբ սպասում ենք արդյունքներին»,- ասաց Ստեֆան Լաքսհուբերը:
Փորձաքննությունների ավարտի համար կոնկրետ ժամկետ չի նշանակվել, դատաքննությունը կվերսկսվի ավարտից անմիջապես հետո: Լուս.` Գ. Շամշյանի
Մեկնաբանել