HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշխատանքի տոնավաճառ` Գյումրիում

Սոֆյա Թամիրյանին հանդիպեցի Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքում կազամակերպված «Աշխատանքի տոնավաճառում»: Կինը սկսել էր իր այցելությունները «Ֆաբերլիք» ֆիրմայի ներկայացուցչական գերասենյակի տաղավարից: Տաղավարը ներկայացնող երիտասարդ աղջիկները տիկնոջը սիրով գրանցեցին, բացատրեցին աշխատանքի բնույթը եւ հրավիրեցին լինել գրասենյակում, եթե, իհարկե, տիկին Թամիրյանը կնախընտրի համագործակցել հենց իրենց կազմակերպության հետ: Աշխատանք փնտրող տիկին Սոֆյան «Հետքին» փոխանցեց, որ չի սահմանափակվելու իր փնտրտուքներում, դեռ մի 30 տաղավար էլ պիտի այցելի: «Աշխատանք չունենալը մեր քաղաքի ամենացավոտ հարցն է: Ես ունեմ երկու մասնագիտություն, սակայն փաստացի անգործ եմ,-ասաց տիկին Սոֆյան,-ուրախ եմ, որ էս տիպի բաներ կազմակերպվում է, իմացա, որոշեցի այցելել, բայց էնքան էլ հույսեր չունեմ, թե արդյունքում մի բան կստացվի»: Հակառակ գյումրեցի գործազուրկներին` «Աշխատանքի տոնավաճառի» կազմակերպիչները  լավատես են: Թեկուզ փոքր չափով, սակայն, ամեն դեպքում, շնորհիվ տոնավաճառի, այցելուների մի մասը կարողանում է աշխատանք գտնել: Զբաղվածության պետական ծառայությունն առաջին անգամ աշխատանքի տոնավաճառ իրականացրել է 2008թ-ին ԱՄՆ ՄԶԳ եւ ՀԲ ծրագրերի շրջանակներում, որից հետո, հաշվի առնելով արդյունքները եւ կարեւորությունը, այն ամրագրվել է որպես պետական ծրագիր: 2009 թ-ին հանրապետության 6 քաղաքներում իրականացվել է աշխատանքի տոնավաճառ, որոնց մասնակցել է 220 գործատու եւ 10750 աշխատանք փնտրող: Զբաղվածության պետական ծառայության տվյալներով` անցած տարի կազմակերպած 6 տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 400 աշխատանք փնտրող: 2008թ-ին Գյումրիում 40 գործատուի մոտ աշխատանքի է անցել 55 հոգի, իսկ ահա 2009 թ.-ին Գյումրիում աշխատանքի տեղավորվածների թիվը հասել է 106-ի: Այս տարի Գյումրիում տոնավաճառին մասնակցելու հայտ ներկայացրել է 33 գործատու, ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը 115 է, կանխատեսվել է` 140: Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը հայտնեց, որ այս անգամ իրենք հրավիրել են նաեւ բարձր դասարանցիներին: Վերջիններիս հնարավորություն կտրվի ծանոթանալու ՀՀ աշխատաշուկային, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերին եւ ստանալու խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանք փնտրելու հմտությունների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները ակնկալում են, որ Գյումրիի տոնավաճառ կայցելի 3000 աշխատանք փնտրող: Հետագայում, երբ արդյունքները ամփոփվեն, պարզ կդառնա, թե որքանով է արդյունավետ եղել այս տարվա տոնավաճառը: Ամալյա Ադամյանը գոհունակությամբ նշեց, որ, օրինակ, միայն «Ֆաբերլիկ» ֆիրման 50 թափուր աշխատատեղի հայտ է ներկայացրել, թեպետ կային նաեւ այնպիսիները, որոնք ուներին 1 կամ 2 աշխատողի կարիք, բայց ամեն դեպքում հայտ են ներակայացրել եւ մասնակցում են տոնավաճառին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter