Ադրբեջանցիները ոչ մասնագիտորեն են մոտենում Տիգրանակերտի հայտնագործություններին
Տիգրանակերտի նյութերը Երեւանից կտեղափոխվեն Ստեփանակերտ
«Մի քանի անգամ նույնիսկ Հայաստանի շատ հայտնի մտավորականների ու նաեւ ժուռնալիստների մենք ստիպել ենք, որ իրենց նյութերը թափեն: Շատ հաճախ գալիս են, բարձարնում են պատերը, որոնց վրա չի կարելի բարձրանալ, լուսանկարվում են: Մենք հիմա մշակում ենք ստնեդներ եւ հուշարձանը պահպանելու որոշակի կանոններ: Անկեղծ ասած` մարդիկ այնքան էլ մեղավոր չեն, որովհետեւ իրենց ոչ մեկը հստակ չի ասում, իրենք էլ տեղյակ չեն, թե իրենց ինչպես պիտի պահեն այդտեղ»,- ասում է Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Հուշարձանի հսկողությունն իրականացնում է ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը, ստեղծվել է «Տիգրանակերտի արգելոց» ՊՈԱԿ-ը: Հ. Պետրոսյանը նշում է, որ այսօր Տիգրանակերտի գոտիավորումը վերջնականապես դեռ պատրաստ չէ, բայց շուտով պատրաստ կլինի, ու նաեւ հստակ կլինի, թե որ տարածքում, օրինակ, ոչինչ անել չի կարելի:
Այժմ բոլոր նյութերը տեղափոխվում են Երեւանի պետական համալսարան` հնագիտության լաբորատորիայում վերականգնվելու, սակայն Ստեփանակերտում հնագիտական ժողովածուների մեծ պահադարան է ստեղծվում, եւ դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, Տիգրանակերտի նյութերն աստիճանական կհանձնվեն ԼՂՀ լիազորված մարմնին: Տիգրանակերտը կներկայացվի հնավայրի տարածքում բացված թանգարանում, բայց քաղաքի ողջ հնագիտական նյութը, որ տասնյակ անգամ ավելի է, քան հնարավոր է ներկայացնել թանգարանում, կպահվի Ստեփանակերտում այդ նպատակով ստեղծվող պահոցում: Շենքը պատրաստ է, մնում են ներքին աշխատանքները:
Բաքվի պետական համալսարանի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ամբիոնի վարիչ Հուդրաթ Իսմայիլզադեն, պատասխանելով Day.az-ի` «ադրբեջանցիների օրրան հանդիսացող գրավված տարածքներում» ընթացող պեղումների մասին հարցին, վերջերս ասել էր. «Մենք ժամանակին մանրամասն ուսումնասիրել ենք տվյալ տարածքը: Մեր «կոլեգաները», ինչքան էլ փորփրեն, ոչ մի նոր բան չեն կարող գտնել, առավելեւս` յուրացնել: Հայերը Ղարաբաղում երբեք չեն կարող գտնել իրենց «նախնիների» հետքերը»:
«Հետքի»` այս խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան` Հ. Պետրոսյանը նշեց. «Ես ծանոթ եմ այդ թեմային: Ասեմ, որ Հուդրաթը ժամանակին լավ բարեկամություն է արել մեր ինստիտուտի, իմ ավագ կոլեգաների հետ, որովհետեւ ինքը երկար տարիներ աշխատել է Նախիջեւանում եւ, կարծեմ, Ֆիզուլիի տարածքում: Այնտեղ որեւէ կոնկրետ փաստարկ Տիգրանակերտի մասին` թե արդյոք կա, չկա, թե ինչպիսի նյութեր են եւ այլն, չկա եւ ուղղակի դժվար է նման հայտարարություններին ինչ-որ պատասխան տալ: Ինձ համար մի քիչ ցավալի է, որ ադրբեջանցի կոլեգաները հաճախ ոչ մասնագիտական մանրամասնությամբ են պատասխանում մեր կատարած հայտնագործություններին»:
Հնագետը հայտնեց, որ պեղումներն այսօր ամբողջությամբ ֆինանսավորում են ԼՂՀ իշխանությունները, սակայն իրենք այսօր լուրջ խնդիրներ ունեն գիտական հետազոտությունների տեխնիկական հագեցվածության առումով, ինչը չի վերաբերում բուն հնագիտական պեղումներին:
«Հետքի» մեկ այլ հարցին, թե ինչպես է տեսնում Տիգրանակերտի ապագան ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավոր տարբերակի դեպքում, Համլետ Պետրոսյանն ասաց. «Ես երբեք առիթ չեմ ունեցել խոսել ազատագրված տարածքների վերադարձի մասին: Տիգրանակերտը մշտական հուշարձան է, նրա հետազոտությունը շարունակվելու է, եւ որեւէ տրամադրվածություն, մտահոգություն իմ` հետազոտողիս մեջ գոյություն չունի»:
Նրա հավաստմամբ`Տիգրանակերտի հայկականության մասին են խոսում հայկական ճարտարապետական եւ քանդակային դետալների գյուտերը, վաղ քրիստոնեական հորինվածքների գյուտերը, Տիգրանակերտում գտնվել է սկավառակ, որի վրա կա հայերեն արձանագրություն, խեցեղեն անոթներ, որոնց վրա կան հայկական տառեր, ճարտարապետական որոշ մանրամասներ:
Մյուս տարի էլ պեղումները անց են կացվելու ամռանը եւ տեւելու են 60-70 օր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել