HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իռլանդական high-cross-ները եւ հայկական խաչքարերը կապ ունեն իրար հետ

Սա ապացուցել են Տիգրանակերտի նոր գտածոները «Այս տարի պեղումները շատ արդյունավետ էին, պեղումները իրականացրել ենք միջնաբերդում, հյուսիսային պարսպի հատվածում, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու հարավային բակում: Արդյունքները շատ լավն են: Տիգրանակերտը շատ հարուստ քաղաք է, այն երբեք մայրաքաղաք չի եղել, բայց եղել է առեւտրային եւ ադմինիստրատիվ կենտրոն, ինչն ապացուցում են պեղումները»,- այսօր հրավիրած ասուլիսում, ի մի բերելով ընթացիկ տարում Տիգրանակերտի պեղումների արդյունքները, ասաց ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Նա կարեւորեց քաղաքի սպիտակ գույնի հանգամանքը, ինչը կրաքարից կառուցված լինելու արդյունք է: «Սա սպիտակ քաղաքների կարոտ ունեցող հայերի համար շատ երանելի մի իրողություն է,- նշեց հանգետն ու հավելեց:- Մենք հիմա բավականին նյութեր ենք հավաքել Ղարաբաղին կամ «Սեւ այգուն» հակադրվող սպիտակ երկրի մասին պատկերացումների, որի մեջ կարող ենք ներառել Աղվանքը, Աղվենը, Աղդամը, այսինքն` «աղ» բառով սկսվող բազմաթիվ եզրաբանություններ, որոնք հին հնդեվրոպականում պիտի «ալ»` սպիտակ կամ ձյուն նշանակեին»: Արշավախմբի ղեկավարի համոզմամբ` այս տարվա երկրորդ կարեւոր արդյունքը հետախուզական պեղումներն են եղել: Նա նշեց, որ չգիտենք, թե քաղաքն ինչ տարածք է ունեցել, ինչ մասերից է կազմված եղել. միջնաբերդ, հյուսիսային ամրապատ, կենտրանական թաղամաս տերմինները մերօրյա հնագետների կողմից տրված անվանմումներ են: «Մեզ հաջողվեց գտնել մի նոր անտիկ թաղամաս, որտեղ մշակութային շերտի խորությունը հասնում է մինչեւ 2 մետրի: Դա, մեր հնագետներից մեկի բնորոշմամբ, մայրաքաղաքային տիպի մշակույթ է տալիս, այսինքն` այնտեղի գտածոները չեն տարբերվում Արտաշատի լավագույն նմուշներիրց,- ասաց Հ. Պետրոսյանը:- Վերջին տասնօրյակում մենք պեղեցինք երկու կարասային թաղում Տիգրանակերտի նորահայտ անտիկ դամբարանադաշտում: Այդ կարասային թաղումներում գտնվեց նաեւ երկու դրամ: Դրանք պղձե դրամներ են, արտաքինից դատելով` պարթեւական դրամներ են, այսինքն` թաղումը վերաբերել է մ.թ.ա. 1-ին եւ մ.թ. 1-ին դարերին: Դրամներից մեկը հենց հանգուցյալի բերանի վրա էր դրված, որից էլ ատամները կանաչել էին. այն ժամանակ շատ տարածված մի սովորույթ կար, որ մահվան գետն անցնելու համար պետք է վճարել նավավարին, եւ հանգուցյալի հետ դրամներ էին դնում: Սա մի հանգամանք է, որը մեզ օգնելու է շատ դրամներ գտնել: Տիգրանակերտի ինքնությունը մանրամասնելու գործում շատ էական է նման դրամների գյուտը, մենք ակնկալիք ունենք նաեւ, որ գտնելու ենք Տիգրանի ժամանակի եւ նույնիսկ Տիգրանի հատած դրամներ»: Հ. Պետրոսյանը խոսեց նաեւ օձագլուխ զարդով կարասի մասին, որի վերականգնման աշխատանքները խնդիրների առաջ են կանգնեցրել հնագետներին. գտածոն այնքան մեծ է, որ հնարավոր չէ որեւէ տեղ վերականգնել եւ թանգարան մտցնել: Հիմա մտածում են աշնանը վերականգնել շենքի ներսում: Արշավախմբի ղեկավարն ասում է, որ խնդիր է վերականգնողական կենտրոնի բացակայությունը, ու հիմա իրենք մտորում են Արցախում նման կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում` Հայաստանում էլ նման կենտրոն ուղղակի գոյություն չունի: «Երկար ժամանակ խոսվում էր հայ-իռլանդական մշակութային փոխառնչությունների մասին: Իռլանդական high cross-ները` բարձր խաչերը, որոնք շրջանի մեջ են ներառված, ըստ էության` շատ էին փորձում կապել մեր խաչքարերին, բայց կապող օղակ չկար, քանի մենք չունեինք շրջանի մեջ ներառված խաչեր: Եվ ահա Տիգրանակերտի պեղումները տվել են նման խաչերի 5 օրինակ»: Համլետ Պետրոսյանը պատրաստվում է գտածոների մասին հոդված հրապարակել Իռլանդիայում, ինչը Տիգրանակերտի գտածոների գյուտերը միջազգայնացնելու փորձ է: Հնագետը, սակայն, նշում է, որ այսօր խնդիր է հուշարձանի պապպանման հարցը: Ինչպե՞ս հուշարձանը դարձնել մատչելի` հոգալով նրա պահպանության մասին: Սա է հարցը: Պետրոսյանի կարծիքով` այսօր Տիգրանակերտում առաջ եկած այդ խնդիրը ժամանակին եղել է նաեւ  հայաստանյան բազմաթիվ հուշարձաններում, ուղղակի դրանց հասարակական հնչեղություն չի տրվել: «Տիգրանակերտը դառնում է ուխտավայր: Սա նշանակում է, որ ինչպես հայկական ցանկացած եկեղեցի այցելելուց կտեսնեք ուխտագնացության դրական եւ բացասական կողմերը, այնպես էլ դա կարող է վերաբերել Տիգրանակերտին: Մարդիկ փորձում են ինչ-որ իրեր բերել դնել եւ հակառակը` ինչ-որ մասունքներ իրենց հետ տանել: Այս ամենը կանոնակարգված չէ, բայց ամենացավալին այն է, որ սա ամրապնդված չէ հասարակական գիտակցության մեջ: Հաճախ ինձ հարցնում են, թե երբ ենք ավարտելու պեղումները, ես ասում եմ` իսկ արդյո՞ք կարիք կա դրանք ավարտել, որովհետեւ ամեն տարին մի նոր բան է բերում ոչ միայն հնագիտական հայտնագործությունների, այլ նաեւ հասարակական վերաբերմունքի առումով»,- եզրափակում է Համլետ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter