Հայ ժողովրդի հերթական բարոյական հաղթանակը
«ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Հայաստանի համար ուներ մեծ բարոյական նշանակություն եւ բարոյական հաղթանակ էր մեր հարեւան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ներքո»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ Հայաստանի ազգային բյուրոյի տնօրեն Նվեր Թորոսյանը:
Նա նշեց, որ երեւանյան հավաքը ՀԱՊԿ առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովն էր ու Հայաստանի համար կարեւոր էր տարածաշրջանում այսօր առկա լարվածության պայմաններում եւ նաեւ որոշակի զսպաշապիկ էր Ադրբեջանի համար:
Ըստ Թորոսյանի` գագաթնաժողովում հիմնական հարցերից առաջինը եղել է Ղրղըզստանում իշխանափոխության արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակը: «ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ չէր տալիս կազմակերպության անդամներին ավելի օպերատիվ արձագանքել իրավիճակին եւ խնդիր առաջացավ քննարկել, նոր փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ, որպեսզի նմանատիպ իրավիճակներում հետագայում ավելի օպերատիվ, արդյունավետ լինի արձագանքը»,- ասաց Թորոսյանը:
Մյուս հարցը կազմակերպչական է եղել: Որոշվել է 2010 դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ պաշտոնական գագաթնաժողովում ՀԱՊԿ նախագահությունը փոխանցել Բելառուսին. «Վերջինս, ըստ կանոնակարգի, դեռ 2009-ի գարնանը պետք է ստանձներ նախագահությունը, բայց խնդիրներ կային եւ Բելառուսի նախագահը հրաժարվեց նախագահությունից: Սակայն այժմ համաձայնություն ձեռք բերվեց»: ՀԱՊԿ Հայաստանի ազգային բյուրոյի տնօերնը շեշտեց, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովերը նախատեսված չեն փաստաթղթեր ստորագրելու համար, բայց այդ հանդիպումները կարեւոր են` պաշտոնական հանդիպումների ժամանակ համապատասխան փաստաթղթեր ստորագրելու համար: Երեւանյան հավաքի ընթացքում մասնակիցները մատնանշել են իրենց պարտավորությունները եւ դրանց կատարման պատրաստակամությունը:
Այն հարցին, թե ինչ է նախատեսվում Ադրբեջանի կողմից Արցախի վրա կհարձակվելու դեպքում, Նվեր Թորոսյանն ասաց, որ այս հարցին անդրադարձել է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարը: «Նախ` նշենք, որ ԼՂՀ-ն դեռ ճանաչված չէ եւ ՀԱՊԿ-ում չէ, ու ՀԱՊԿ-ն կոնկրետ պարտավորություն, օգնելու վերաբերյալ փաստաթուղթ չունի,- ապա կիսահռետորական հարց տվեց:- Դուք կարո՞ղ եք ասել այն սահմանը, որտեղ վերջանում է ԼՂՀ սահմանը եւ սկսվում է ՀՀ անվտանգությունը: Իմ կարծիքով` ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը փոխկապակցված են, եւ հնարավոր զարգացումների դեպքում չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ի համար միեւնույն կլինի ԼՂՀ-ին սպառնացող վտանգը, կամ թե ինչ կլինի ԼՂՀ-ի հետ: Բացի այդ` ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է»:
Ըստ Ն. Թորոսյանի` ՀԱՊԿ-ն եւ հայ-ռուսական հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ: Վրաստան-Ադրբեջան նոր ձեւաչափով համագործակցությանն ու Ադրբեջանի եւ Թուրքիայի նոր համաձայնագրին անդրադառնալով` բանախոսը նշեց, որ ՀԱՊԿ-ի խնդիրն անդամ-պետությունների խաղաության եւ անվտանգության ապահովումն է, ու երրորդ երկրների հետ խնդիր կառաջանա միայն այն դեպքում, երբ դրանց կողմից վտանգվի ՀԱՊԿ անդամներից որեւէ մեկի անվտանգությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել