Մարքսիստի տնտեսական դեղատոմսն ու Խոսրով Մելիքիչի «բլթոցը»
«Ազգի առաջ ծառացած է 3 գերխնդիր,- կարծում է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:- Առաջինը գաղափարական միասնության եւ քաղաքական միաբանության գերխնդիրն է, որը հայ ժողովրդի աքիլլեսյան գարշապարն է եղել դարեր շարունակ, երկրորդ գերխնդիրը ֆիզիկական եւ կենսաբանական անվտանգության գերխնդիրն է, եւ հայ-ռուսական այս դաշինքն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ երրորդ գերխնդիրը պատմաաշխարհագրական տարածքների ամբողջականության վերականգնման գերխնդիրն է: Այս գերխնդիրների առումով Մեդվեդեւի` Ռուսիո կայսեր այցը ուղղակի պատմական անհրաժեշտություն է, եւ իշխանություններին քննադատելու փոխարեն պետք է սատար կանգնել: Այս հարցում նրանք ճշմարիտ ուղու վրա են»:
Շուկայում մասսայական գնաճի վերաբերյալ հարցին ի պատասխան` մարքսիստը հայտարարեց. «Հիշեցնում եմ Ծիծեռնակաբերդում տնտեսական ֆորումում իմ հանրահայտ ելույթը, որին մեծ «դաբրո» տվեցին նախկին վարչապետներ Դարբինյան Արմենն ու Մանուկյան Վազգենը: Իմ ելույթը բաղկացած էր երեք կետից: Ազատիչի ասած` այդ դեղատոմսը ձեզ որտեղի՞ց: Առաջին կետը` գների եւ դրանց ձեւավորման գործընթացների պետական վերահսկողություն եւ պետական կարգավորում, երկրորդը` գլխատել կապիտալը պարալիզացնող բրոկերային-դիլերային-կիլերային շղթան, երրորդ` շուկայի ձեւավորման նոր սկզբունք, շուկան ձեւավորել սեփականության երեք տեսակի սուբյեկտներով` պետական, մասնավոր եւ կոլեկտիվ-կորպորատիվ: Ահա այս երեք սկզբունքներն էի ես առաջակել տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, երբ որ Խոսրով Մելիքիչը կողքից բլթացրեց` թե արա, դու էդ ի՞նչ դասախոսական ոճով ես խոսում նախագահի եւ վարչապետի հետ:
Սահմանադրության մեջ, մանչս, չունենք տնտեսական բլոկը, սա ուղղակի ողբերգություն է: Դրանով որոշվում է, թե տնտեսության որ ոլորտները սեփականության որ ձեւերին պետք է տալ, այսինքն` որ ոլորտում սեփականության որ ձեւը արդյունավետ կլինի: Սահմանադրությունում սա չկա: Ո՞վ է գրել այդ Սահմանադրությունը. Ռոբին Հուդը: Ձեռքերն էսպես արած Ստեփանին ասում էր` արա, դու նոր Սահմանադրությունը կարդացել ե՞ս, նա էլ ասում ա` չէ, չեմ կարդացել, դե գնա կարդա, փոխանակ ասեր` կարդացել եմ ուստա, բայց դատարկ ա, բան չկա մեջը: Այնինչ այդ Սահմանադրության նպատակն այն էր, որ նախագահականը կիսանախագահականի անցումը հարթի դեպի իշխանություն ուղին»:
Ըստ Դ. Հակոբյանի աշխարհի երկու բեւեռներում է որոշվում, թե ով պետք է լինի մեր հանրապետության նախագահը. «Ազգն այդ ինքնուրույնությունը չունի: Խնդիրը նա է, թե կարո՞ղ է ազգը երկունք ապրել եւ իր ժամանակի, պատմության քաղաքական թատերաբեմ նոր կադրեր ուղարկել` իր բարոյական հատկանիշներով, թե՞ նորից ստրկաբարո կեցվածքով ընտրելու է հանրապետականներին, եւ վերջ: Ինչու ընտրե՞լ` քյոխվեն էդպես ա ասում»:
«Պետության հզորությունը գիտակից մասսաների քանակի մեջ է: Սվինները պիտանի են ամեն ինչ համար` բացի նստելուց,- հայտնի խոսքերն է հիշեցնում գլխավոր մարքսիստը,- Դրանց վրա երկար նստել հնարավոր չէ: Կգա մի պահ, երբ ժամանակն ինքը կթելադրի վիկինգների հեռանալն իշխանությունից: Բայց կարծում եմ` քաղաքական իրադրությունում մինչեւ 2012 թվականը լուրջ տեղաշարժեր կլինեն»: Մյուս կողմից` Հակոբյանը գաղափարական նոր ուժի մուտք չի տեսնում, փոխարենը նշում է, որ Հայաստանում բավականին տարածված երեւույթ է այսպես կոչված գաղափարական մետոմորֆոզը, երբ անձը կարճ ժամանակում իրեն տարբեր գաղափարների կրող է հռչակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել