
Հաղթանակ գյուղի ծերանոցում` թիվ 1 տուն-ինտերնատում կատարված ուսումնասիրությունների և մոնիտորինգի իրականացման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները հայտնաբերել են թերություններ և բացթողումներ, որոնց վերաբերյալ տուն-ինտերնատի տնօրինությանը տրվել են ցուցումներ` դրանք վերացնելու ուղղությամբ:
Ծերանոցում տիրող վիճակին արդեն
անդրադարձել ենք, իսկ որոշ պարզաբանումների համար դիմել էինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցումից 20 օր անց, ի վերջո, ստացանք պատասխան:
Համաձայն պատասխանի` եռամսյակը մեկ նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ու ռազմավարական ծրագրերի և մոնիտորինգի վարչություններն են իրականացնում մոնիտորինգ և վերահսկողություն, ցուցաբերում մեթոդական-գործնական օգնություն:
Մոնիտորինգի իրականացման ժամանակ ուսումնասիրվում է սպասարկման վիճակը, սննդի, հագուստի, բուժօգնության, դեղորայքային ապահովության, սանիտարահիգիենիկ և այլ պայմանների համապատասխանությունը ՀՀ կառավարության հաստատած չափորոշիչներին:
Ինչպես պարզել են նախարարության աշխատակիցները, ծերանոցում հայտնաբերված թերությունները հիմնականում կապված են անկողնային հիվանդների բաժանմունքի սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի կազմակերպման հետ, մասնավորապես` շատ խնամվողներ սնունդը տանում էին սենյակներ, որտեղ հակասանիտարական վիճակ էր ստեղծվում, ինչն անթույլատրելի է:
Պատասխան գրությամ մեջ նշված է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայումս այդ հարցը լուծվել է. «Վերջին շրջանում թերությունները վերացնելու ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվում, սակայն հիմնական խնդիրը մնում է տուն-ինտերնատի մասնաշենքերի և լվացքատան հիմնանորոգումը»:
Հիշեցնենք, որ Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը այս տարվա հուլիսի 30-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն իր դիմումի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Արմեն Գյուրջյանը: Իսկ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է բաց մրցույթ, որը կկայանա 2010թ. նոյեմբերի 17-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել