«Կեցցե Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միությունը»
«Այս վերջին տարվա ընթացքում ես իմ կաշվի վրա զգում եմ, որ պրեսսան խորշում է ինձ հետ հանդիպումներից: Չգիտեմ` ինչի. երեւի վերեւների ճնշման տա՞կ, թե՞ ուղղակի ես արդեն դուրս եմ գալիս արենայից»,- այսպիսի հռետորական հարցով սկսեց այսօրվա ասուլիսը գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` նա նշեց, որ դեռ 2008-ի սեպտեմբերի 15-ին Մատենադարանի հարթակում գուշակել ու զգուշացրել էր, որ այդ հարաբերությունները պետք է լինեն ու խորանան: Դրանից ամիսների անց` 2009-ի ապրիլին Ծիծեռնակաբերդում նա քննադատել էր ռուսական դիվանագիտությունը, ինչն իր խոսքերով զարմացրել էր ՀՀ նախագահին:
«Երբ ես Ծիծեռնակաբերդում քննադատում էի ռուսական դիվանագիտության հիմարությունները Հայաստանի նկատմամբ, նախագահը ինձ կշտամբեց` թե բա դու երեկ կռներդ քշտած ռուսներին կյովում էիր, է, կյովում Մատենադարանի հարթակից, հիմա դու ասում ես ռուսները մեզ ողջակիզում են իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին: Երե՞կ էիր ճիշտ, թե՞ այսօր: Ես ասացի` եւ երեկ, եւ այսօր»,- պատմում է Հակոբյանն ու բացատրում, որ 2008-ին ինքը խոսել է մեր երկրի անվտանգությունից բխող հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին, իսկ 2009-ին քննադատել է Ռուսաստանի վերաբերմունքը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ:
«Իմ քաղաքական պրոգնոզը իրականություն դարձավ,- շեշտեց մարքսիստն ու հիշեց 2008-ին արված կանխատեսումը,- համաամիրկյան հեգեմոնիան վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլեւ համաշխարհային քաղաքակրթության համար: Նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միության տեսքով պատմական անհրաժեշտություն է, ժամանակի թելադրանք: Ռուսական երկգլխանի արծիվը, որը հպարտ նայում է արեւելք ու արեւմուտք, առանց հանրապետությունների դառնում է առանց թեւերի: Իսկ հանրապետությունները առանց Ռուսաստանի դառնում են առանց գլխի: Այսինքն` մենք գնում ենք դեպի Ռուսաստան ոչ որպես ստրուկներ, սա ոչ վասալային, ոչ էլ սատրապային հարաբերություններ են: Կամ Ռուսաստանի հետ մոխիր կդառնանք, կամ Ռուսաստանի հետ կհառնենք մոխրից: Երրրոդ տարբերական չկա: Կեցցե Ռուսաստանի հետ էվոլյուցիոն նոր միությունը»:
Դ. Հակոբյանը նշեց, որ իր այդ խոսքերից ամիսներ անց տեղի ունեցան կարեւոր շրջադարձեր: «6 ամիս հետո հայ-ռուսական դաշնագիրը, որ 1995-ի օգոստոսի 19-ին կնքել էր Լեւոն Հալեպցին, վերածվեց քաղաքական դաշինքի: Այսինքն` եթե մենք ունեինք ռազմական դաշինք, ստեղծեցինք ռազմաքաղաքական դաշինք: Իսկ այսօրվա դրությամբ մենք ամբողջությամբ դառնում ենք ռուսական կոնտինգենտի համար ռազմական բազա` երկրի ռազմական, քաղաքական եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկրտումներով: Այսպես թե այնպես այդ դաշինքը մենք համարում ենք ժամանակի պահանջ: Նախագահի եւ կառավարության արտաքին քաղաքականության կուրսը հայ-ռուսական հարաբերությունների առումով հայտարարում եմ գերազանց,- շեշտեց Հակոբյանն ու հավելեց,- ինչ մնում է ռուսական ուժերի դիսլոկացիայի առումով պայմանագրի կետերին, դա կքննարկենք այդ կետերի ի հայտ գալուց հետո»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել