HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

16 դպրոց կշարունակի մնալ վթարային վիճակում

Մոտ մեկ ամսից կմեկնարկի նոր ուսումնական տարին, սակայն Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում աշակերտները դարձյալ ստիպված կլինեն դասերն անցկացնել ահ ու դողով: Մարզի 16 դպրոց գտնվում է վթարային վիճակում, իսկ այս տարի նշված ուսումնական հաստատություններում վերանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:

Կառավարությունը պատճառաբանել է, թե բյուջեի միջոցները սուղ են: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը «Հետքին» ասաց, որ իրենք ամեն տարի առաջնային վերանորոգման կարիք ունեցող դպրոցների ցանկը ներկայացնում են տարածքային կառավարման նախարարություն եւ այնտեղ խնդրին քաջատեղյակ են: 4-րդ կարգի խիստ վթարային է Վարդենիս գյուղի դպրոցը: Այս դպրոցին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է: Հրապարակումից հետո տնօրինությանը խոստացել էին, որ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով դպրոցն անպայման կվերանորոգվի, կամ կկառուցվի նոր դպրոց: Ինչպես դպրոցի աշխատակազմը, այնպես էլ երեխաներն ու նրանց ծնողները ոգեւորվել էին նոր դպրոց ունենալու հնարավորությամբ, սակայն ուրախությունը կարճ տեւեց` այս տարի նույնպես երեխաները կսովորեն իրենց կյանքի ու առողջության համար խիստ վտանգավոր պայմաններում, քանի որ դպրոցի համար այդպես էլ գումար չգտնվեց: Սեյսմոլոգների եզրակացություններով` առաջնահերթ վերանորոգման կարիք ունեն նաեւ Վարդենուտ, Շենավան, Ափնա, Գեղաձոր, Գեղադիր, Նոր Ամանոս համայնքների դպրոցները, որոնց հիմնական մասն ունի վթարայնության 3-րդ աստիճան: Վթարային են նաեւ մարզի Սասունիկ գյուղի դպրոցի մասնաշենքերից մեկը, Եղիպատրուշի, Ճարճակիսի, Մելիքգյուղի, Կայնաշիրի դպրոցները: Այս տարի շինաշխատանքներ են կատարվում միայն Աշտարակի թիվ 3 եւ Փարպի գյուղի դպրոցներում: Նշված 2 դպրոցներում էլ շինաշխատանքները մեկնարկել էին դեռեւս նախորդ տարվանից, նախատեսված է այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել: Դժվարություններ են առաջացել Փարպիի դպրոցի վերանորոգման աշխատանքներում, քանի որ մրցույթում հաղթած «Էրեբունի շին» ՍՊԸ-ի ղեկավարն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել վերանորոգման աշխատանքները: Աշոտ Դավայանի ասելով` առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, եւ շինաշխատանքներն ավարտին կհասցվեն:

Մեկնաբանություններ (1)

Կաջայան Դիանա
Բարի լույս Խնդրում եմ գրել, Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը վթարային է թե ոչ և եթե այո,որ կարգի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter