
Բարձրաստիճան պաշտոնյայի որդին՝ հանցախմբի անդամ
Այսօր Երեւանում ոստիկանության կողմից վնասազերծված հանցավոր խմբի մեջ կա նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի որդի: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշելով, որ վերջինիս անունը չի կարող հրապարակել՝ նախաքննության շահերից ելնելով:
Տեղեկացնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցներն օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ:
Ենթադրվում է, որ վնասազերծվածն այն խումբն է, որը վերջին ամիսներին բռնության գործադրմամբ ավազակային հարձակման էր ենթարկում նախկին ու ներկա պաշտոնյաների բնակարանները: ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ խմբի անդամներից մի քանիսն արդեն տեղափոխել են ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Մի քանիսն էլ փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկանությունը փախուստը կանխել է:
Հայտնաբերվել է նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վնասված վիճակում: Զենք-զինամթերքը եւ դիմակները եղել են ավտոմեքենայում: Շամշյանը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության գործողությունը ղեկավարել են ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնել են տարբեր հասցեներ, քանի որ տեղեկություններ ունեն, որ հանցագործները մի քանի հասցեներում վարձակալել են բնակարաններ:
Նշենք նաեւ, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողներից մեկը, ըստ նախնական տեղեկատվության՝ «Մերսեդեսի» վարորդը, մահացել է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել