HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտորն ընդդեմ «Հետքի»

Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը դիմել է դատարան` պահանջելով հերքել «Հետք» շաբաթաթերթի լրագրող Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը հոդվածը (N 21, 03.06.2010), որը, ըստ հայցի, արատավորել է ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը:

Միքայել Ամիրխանյանը պահանջել է նաև հօգուտ իրեն բռնագանձել պատճառված նյութական վնասը` 200 հազար դրամ, ինչպես նաև 4.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը:

Հայցվորը նշել է, որ հոդվածագիրը, յուրաքանչյուր անգամ իբր վերարտադրելով ինստիտուտի չինարենի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Մալիշենկոյի բերած փաստերը, ջանքեր չի խնայել Միքայել Ամիրխանյանի անձը ներկայացնել ամենաբացասական կողմերով, արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը:

«Հոդվածագիրը նսեմացրել և բացասական կողմերով է հանրությանը ներկայացրել նաև Երևանի հումանիտար ինստիտուտին որպես Բուհի` իրավաբանական անձի: Արատավորել է նրա գործարար համբավը, հետևաբար նաև իմը, որքանով ես եմ հանդիսանում այդ բարձրագույն ուսումնական հաստատության հիմանդիրն ու ռեկտորը»,- նշել է Միքայել Ամիրխանյանը:

Այսօր «Հետքի» խմբագրությունը ստացավ դատարանի ծանուցումը, սակայն Անի Հովհաննիսյանին ուղարկված ծանուցումը կիսասպիտակ էջերով էր. ծանուցման վրա նշված հեռախոսահամարով փորձեցինք դատարանից ճշտել, թե ինչու որոշ էջեր սպիտակ են, և գրված տողերն` անընթեռնելի: Պարզվեց` դատարանի պատճենահանման սարքի թանաքն է վերջացել:

Ի դեպ, պետական տուրքի գումարը` 4.000-ը, հայցադիմումի վերջում սև գրիչով դարձված է 8.000: Հուլիսի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Մելքումյանի, վարույթ է ընդունել գործը, և առաջին դատական նիստը նշանակել սեպտեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter