ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձը` Վրաստանում
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված էին ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի եւ Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլեւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Այնուհետեւ Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգեւատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների եւ համույթների կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական եւ ժողովրդական երգեր:
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Տրիումֆ» համալիրում կայացավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Ազգային անկախության 20-րդ տարեդարձին:
Հյուրերի թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, պետական մարմինների ղեկավարներ, նահանգապետեր, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Վրաստանի հայկական համայնքի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչներ:
Հայաստանի անկախության հոբելյանական 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունն ուղեկցվում էր հայկական համայնքի կողմից կազմակերպված համերգով, որ ընթացքում ներկայացվեցին հայկական եւ օտարերկրյա դասական մեղեդիներ, ազգային երգեր եւ պարեր:
Ընդունելության սրահի առաջին եւ երկրորդ հարկերում ցուցադրված էին Վրաստանի մայրաքաղաքի ժամանակակից հայ նկարիչների, ինչպես նաեւ Թբիլիսիի հայտնի լուսանկարիչների գործերը:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն` իրենց ելույթներում հատկապես շեշտելով հայ-վրացական հարաբերությունների հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների առավել զարգացման անհրաժեշտությունը:
***
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում շարունակվեցին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումները:
Վրաստանի Ազգային թանգարանին կից Շ.Ամիրանաշվիլու անվան արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Վրաստանի հայ նկարիչներ: Հակոբ Հովնաթանյանից մինչեւ Գայանե Խաչատրյան: Պատառիկներ մեծ պատմությունից» խորագիրը կրող ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին 19-րդ եւ 20-րդ դարերի հայազգի հայտնի նկարիչների գործերը:
Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Այնուհետեւ ներկաներին օրվա տոնի կապակցությամբ շնորհավորեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության արվեստի եւ կրթության դեպարտամենտի տնօրեն Իամզե Գվատուան, ով նաեւ հրապարակեց Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանագիրը հայտնի հայազգի նկարիչ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովային Պատվո շքանշանով պարգեւատրելու վերաբերյալ եւ փոխանցեց շքանշանը հայ համայնքի ներկայացուցչին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել