HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստոցը նորմալ է աշխատում, բայց օրաթերթերը չեն տպագրվել

Այսօր լույս չեն տեսել «Հայք» և «Ժամանակ» օրաթերթերը: «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ա-Մարկոսյան տպարանն արդեն որերորդ անգամ դիտավորությամբ չի կատարում պայմանագրով ամրագրված իր պարտականությունները, եւ առանց լուրջ հիմնավորման չի տպագրում «Ժամանակ» օրաթերթը. «Երեկ եւս, ընդդիմադիր դաշտում թեժ զարգացումների մեկնարկին, «Ժամանակը» անհասկանալի պատճառներով լույս չի տեսել, եւ չի հասել ընթերցողին»,- նշել է խմբագիրը` հավելելով, որ այս ամենում առկա է իշխանությունների մասնակցությունն ու ներգրավվածությունը, և վստահություն հայտնել, թե Ա-Մարկոսյան տպարանը կատարում է իշխանությունների քաղաքական հրահանգը: «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդիրներ են առաջացել տպարանում, հաստոցն ու տպագրական մեքենան խափանվել է: Խմբագիրը նշեց, որ իրենց տպարանից հավաստիացրել են, որ խնդիրները հարթվում են և վաղը կտպագրվեն: «Ոչ մի քաղաքական խնդիր չկա»,- հավաստեց խմբագիրը` նշելով, որ, իհարկե, վերջին մեկ-երկու օրերի իրադարձությունների հետ կապված կարող է այդպիսի ենթադրություններ լինեն, բայց պատճառը զուտ տպարանի հաստոցի հետ է կապված: «Քաղաքական ոչ մի խնդիր մեր տպարանը չունի»,- «Հետքին» ասաց Ա-Մարկոսյան տպարանի տնօրեն Արայիկ Մարկոսյանը,- ճիշտը որ ասեմ` անոմալ երևույթ է, չգիտեմ ինչու, բայց հաստոցը նորմալ աշխատում է»: Տպարանի տնօրենը նշեց, որ ոչ թե հաստոցի, այլ թղթի խնդիր է եղել: Թուղթը մագնիսանալու հատկություն ունի, իսկ երբ մագնիսանում է, բարդացնում է տպագրությունը. «Մասնագետները հակված են նրան, որ թղթի խնդիր է եղել, եթե թուղթը փոխեն, ամեն ինչ միգուցե նորմալ լինի, որն այսօր ևեթ կարվի»: Ա-Մարկոսյան տպարանում հենց այս երկու օրաթերթերն են տպագրվում և մի շարք շաբաթաթերթեր: Մեր հարցին, թե իրենց տպարանում այսօր մյուս թերթերը լույս են տեսել, ինչու այս երկուսը չեն տպագրվել, տնօրենի խոսքերով, հենց այս երկուսի ժամանակ էլ խնդիր է առաջացել տպագրական մեքենայի հետ: «Ինչ էլ լինի` մասնագետներ եմ բերել, որոնք դրանով զբաղվում են»,- ասաց տնօրենը: Նա վստահեցրեց, որ այսօրվա ընթացքում խնդիրը կլուծվի, և թերթերը վաղը լույս կտեսնեն: Մեր դիտարկմանը, թե թերթերը դժգոհություններ են հայտնում հաստոցի փչանալու պատճառաբանությամբ մի քանի անգամ լույս չտեսնելու հանգամանքից, և որ սա առաջին դեպքը չէ, Ա. Մարկոսյանը պատասխանեց. «Միշտ չի փչանում: Այս տարվա մեջ եղել է երեք այդպիսի դեպք, որից մեկը եղել է կենտրոնական հոսանքի գծի վերանորոգման պատճառով, մյուսը` տպագրական հաստոցի խնդրիր է եղել»: Իսկ տպագրական հաստոցի խնդիրը, ըստ տպարանի տնօրենի, նոր լինելն է, և մասնագետները դեռ սովորում են աշխատեցնել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter