
Սերոբ Տեր-Պողոսյանի գործով բոլոր տուժողները հարցաքննվել են
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր -Պողոսյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանին, ով ձերբակալվել է այս տարվա փետրվարին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով և 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Երեկվա դատական նիստը սկսվեց ժամը 13:00-ին և ավարտվեց 20:15-ին:
Որքան երկարատև էր դատական նիստի ընթացքը, նույնքան էլ կարճ էր դատաքննության ընթացքի մասին ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանի տեղեկատվությունը: Դատախազը դատական նիստի ավարտին հոգնած էր. «Հոգնածությունից հիմա կարող եմ սխալ բաներ ասել»,-զգուշանում էր նա:
Փակ դատաքննության անցած ժամանակահատվածում լրագրողների և հասարակության համար անհայտ է մնացել հասարակական մեծ հնչեղություն ստացած դատաքննության ընթացքը: Արամ Ամիրզադյանը ընթացքի մասին նորից տվեց հակիրճ պատասխան. «Տարվում է օբյեկտիվ դատաքննություն»,- ասաց նա: Մեղադրողը հայտնեց, որ այսօր ցուցմունքներ են տվել երկու տուժողներ և մեկ վկա. «Նրանք պնդել են նախաքննական իրենց ցուցմունքները: Այո, պնդել են միանշանակ»,- ասաց դատախազը: Այսպիսով, դատարանն ավարտել է բոլոր 10 տուժողների հարցաքննությունը:
Սերոբ Տեր-Պողոսյանից մեծ թվով անչափահասների սեռական կախավածությունը Արամ Ամիրզադյանը կրկին բացատրեց զուտ գումարային կախվածությամբ. «Ուրեմն, ըստ տուժողների ներկայացրածի, հիմնական պատճառը գումարային առումով է մեծ կախվածություն անչափահասների մոտ ձևավորել: Ես չեմ կարող մանրամասնություններ ասել. ապացույցները երբ կվերլուծենք, այն ժամանակ ես Ձեր հարցերին կպատասխանեմ լիարժեք: Հիմա, քանի որ ես Ձեզ ասացի երկու տուժող ենք հարցաքննել և մեկ վկա, նրանք էլ ցուցմունքները պնդել են, էդքանով բավարարվեք: Բավարարվեք սրանով: Վերջ»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
Տուժած զինծառայողների զորամասերում նրանց անվտանգության ապահովման և զորամասերից տեղափոխման հետ կապված լրագրողների հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ոչ ոք տեղեկություն չունի, և դա գաղտնի է, այդ մարդկանց չի կարելի այդքան ծանր վիճակի մեջ դնել ուղղակի: Ես չեմ կարծում, որ զորամասերում պետք է տեղյակ լինեն: Ո՞վ պետք է հրապարակի նրանց անունները: Դո՞ւք: Դռնփակ դատական նիստ է»,- լրագրողներին հարցրեց մեղադրողը:
Տուժողների հարցաքննությունը ավարտելուց հետո մեղադրական եզրակացության վերջնական հիմնավորման հետ կապված Արամ Ամիրզադյանն ասաց. «Որ կհետազոտենք լրիվ, ես Ձեզ նորից ասում եմ, այն ժամանակ կասեմ` լրիվ ապացույցները համադրելով: Այսինքն, այսօրվա դրությամբ չկա որևիցե բան, որ շեղված լինի մեր նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից: Կան փոքր շեղումներ, որոշակի շեղումներ, բայց դրանք, ես կարծում եմ, էական շեղումներ չեն»,- ասաց մեղադրողը:
Դատական նիստի ավարտին Սերոբ Տեր -Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանից և Գիվի Հովհանիսյանից տեղեկատվություն ստանալ մեզ չհաջողվեց: Նրանք ընտրել են լռելու մարտավարությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին` ժամը 12-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել