HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջ ապրելակերպի 4 պատվիրանները

Սննդի հիգիենայի, սննդի սննդակարգի մասին տեղեկացվածությունը և ճիշտ կիրառությունը Հայաստանում խիստ թերի է: Այս կարծիքին է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա մարդու առողջ, երկար կամ ընդհանրապես ապրելու 4 պատվիրաններ է մատնանշում.  1. հրաժարվել վատ սովորույթներից,  2. սահմանել սննդի, աշխատանքի, քնի ռեժիմ, 3. խուսափել յուղալի և 4. աղի սննդից: «Վաղուց հրապարակումներ կան, որ օրական 3 գրամ աղը պետք է լինի սահմանը: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը սրանից 35 տարի առաջ հայտարարել է` աղը մարդկության երկրորդ թշնամին է»,- ասում է Արմեն Պողոսյանը: Անպայման չէ աղը ցանել սննդին, որովհետև այն արդեն կա օգտագործած սննդում, օրինակ, երշիկում, հացում և այլն: Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը ռացիոնալ սննդի կանոններին հետևելու համար երեխաներին և տարեցներին խորհուրդ է տալիս սնվել օրվա ընթացքում 5-6 անգամ, իսկ չափահասներին` 3-4 անգամ: Առողջ ապրելակերպի համար կարևոր է հատկապես նախաճաշի կազմակերպումը. եթե մարդը չի նախաճաշում, օրվա ընթացքում քաղցած է մնում, նախապայման է ստեղծվում կուշտ ընթրելու համար: Իսկ կուշտ ընթրիքը նախապայման է ստեղծում հետագայում ստամոքս-աղիքային հիվանդությունների համար, մասնավորապես` գաստրիտ, խոց, կոլիտ, պանկրեատիտ և այլ բարդություններ: Ընթրիքը պետք է կազմակերպել քնելուց 2-3 ժամ առաջ: Մարդիկ, ովքեր սնվում են քնելուց անմիջապես առաջ, ծանրաբեռնում են ստամոքս-աղիքային ողջ ուղին և կարող են գիրանալ, քանզի նյութափոխանակությունը նորմալ չի ընթանում, և սկսում է ճարպերի կուտակումը: Մասնագետը նաև խորհուրդ է տալիս ազատվել վատ սովորություններից` լարված, սթրեսային, հուզական ապրումների ժամանակ չհանգստացնել օրգանիզմը սնունդ ընդունելով: Չլինելով քաղցած` պետք չէ միայն ընկերակցելու համար միանալ ընկերոջ նախաճաշին:  Խուսափել շատ տաք ու սառը կերակուրներից: Գիտական հետազոտություններին հղում կատարելով` Նարինե Խաչատրյանը շեշտում է նաև սուրճի օգտակարությունը, հատկապես մարդու նյարդային համակարգի ակտիվացման համար: Սուրճի 1-2 բաժակը օրվա ընթացքում բավարար է, կարելի է ըմպել նույնիսկ մինչև 5 բաժակ: Թունաքիմիկատներ, նիտրատներ, հանքային պարարտանյութեր օգտագործելը գյուղատնտեսության մեջ անխուսափելի է: Բայց Նարինե Խաչատրյանն ասում է, որ դրա համար պետք չէ խուսափել մրգեր և բանջարեղեն ուտելուց, այլ պետք է խուսափել վաղահաս մրգերից կամ բանջարեղենից, քանի որ դրանց մեջ պարարտանյութերի քանակությունն ավելի մեծ է, քան բնական ճանապարհով հասունացած մրգերինը: «Պետք չէ գնել, թանկ, նոր դուրս եկած միրգը: Ուր ենք շտապում, մեր առողջությանը վնասում ենք: Եթե մենք չենք կարող խուսափել օգտագործելուց, գոնե մի փոքր թեթևացնենք վիճակը»,-հավելում է Ն. Խաչատրյանը: Իսկ նրանց, ովքեր շտապում են և, այնուամենայնիվ, գնելու են վաղահաս մրգերը, խորհուրդ է տալիս բանջարեղենը, օրինակ, վարունգը, ճակնդեղը կամ գազարը մաքրելիս կոթունային հատվածը խորը կտրել, քանզի այնտեղ են կուտակված վնասակար նյութերը, այնուհետև անպայման կեղևազատել և լվանալ: Տերևավոր բանջարեղենը հարկավոր է թրջել 3 անգամ` 5-10 րոպե: Այս ճանապարհով նիտրատների կորուստը կարելի է հասցնել 25 %: Նիտրատների վրա ազդում է նաև բանջարեղենի ջերմային մշակումը: «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը հավելում է, որ եթե պոմիդորի կամ ձմերուկի ջլերը դեղին են, ուրեմն այնտեղ են կուտակված նիտրատները, և պետք է անմիջապես աղբարկղ նետել այն: Արմեն Պողոսյանը, ելնելով սննդի անվտանգության նկատառումներից, խորհուրդ է տալիս չօգտագործել կասկածելի ծագմամբ և ժամկետը չմատնանշած սնունդ: Նա պատմում է իր և գործընկերոջ կատարած փորձնական ուսումնասիրության մասին, երբ մտել են մի խանութ և նայել պաղպաղակի մակնշված ձևը: Մակնշված պաղպաղակներից մեկի վրա որևէ ժամկետ չի եղել: «Մյուսի վրա գրված էր` պիտանելիության ժամկետը 6 ամիս` Քրիստոսի ծննդյան օրվանից,- կատակում է Արմեն Պողոսյանը և շարունակում,- եթե արտադրության թիվը չկա, ուրեմն երկրորդ գրառումն իմաստը կորցնում է»: Նա նշում է, որ տարիների աշխատանքի արդյունքում սննդի անվտագնության ոլորտում 90 տոկոս թերությունները նվազել են` հասնելով 35-40 %: «Այդ հեքիաթները, որ տարածված են մամուլում և որոշ հ/կ-ների կողմից, որ թուրքական կամ պարսկական կամ ինչ-որ երկրից ներկրված սննդում կա վտանգ, նման բան չկա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել շատ թերի են մեր` հայկական ապրանքները: Թուրքականը պետք չէ գնել նրա համար, որ թուրքական է, այլ ոչ թե վտանգի համար»,- ասում է Ա. Պողոսյանը: Հայաստանում չկա նաև կաթ խմելու մշակույթը, մինչդեռ մասնագետները դա անհրաժեշտ են համարում: Կաթի և կաթնամթերքի օգտագործման օրական չափաբաժինը 750 գրամ է: Ըստ Նարինե Խաչատրյանի վկայակոչած ուսումնասիրությունների, հայ ազգաբնակչության օգտագործած սննդում նորմալ չափաբաժնից կաթն ու կաթնամթերքը 3.5 անգամ քիչ է օգտագործվում: Մոտ 9 անգամ հանձնարարված չափաբաժնից քիչ է օգտագործվում նաև մսամթերքը, մոտ 5 անգամ` ձուկն ու ձկնամթերքը: Բավարար վիճակում է հացի, ձավարեղենի, կարտոֆիլի օգտագործումը, իսկ մրգի և բանջարեղենի օգտագործումը քիչ է 2-3 անգամ: Նման պատկերը Նարինե Խաչատրյանը կապում է տվյալ մթերքների գների և մարդկանց եկամուտի անհամամասնության հետ: Արմեն Պողոսյանը հավելում է. մրգերի և բանջարեղենը օգտագործումը օրական 400 գրամից ոչ պակաս պետք է լինի, կաթը` 750 գրամից ոչ պակաս, և անհրաժեշտ է օրվա ընթացքում ապահովել սննդի բազմազանությունը: Եթե մարդը քիչ էներգիա է ծասխում, կարող է քիչ էներգակիր սնունդ ընդունել ` սպիտակուց, ճարպ, ածխաջուր, բայց Նարինե Խաչատրյանը հիշեցնում է, որ վիտամինների ու հանքային տարրերի նկատմամբ մարդու պահանջը չի փոխվում, որովհետև դրանք կենսաբանական բարձրարժեք նյութեր են` կարևոր մարդու առողջության պահպանման համար: «Սնունդը պետք է վաստակել» ասացվածքին Արմեն Պողոսյանը հավելում է. «Եթե օրդ պետք է անցկացնես բազկաթոռին, քեզ ի՞նչ սնունդ»: Մարդը պետք է ակտիվ կյանքով ապրի, վաստակի սնունդը, սնվի, որպեսզի կարողանա իր առաքելությունը կատարել: Առողջ ապրելակերպի համար կարևոր է նաև ակտիվ սպորտային կյանք վարելը: «Մենք քանի՞ լողավազան ունենք, որտե՞ղ են քայլելու, վազելու տեղերը, ո՞ւր են պուրակները, հնարավորոււթյունները մաքուր օդի պայմաններում ամենն անելու»,- նշում է Արմեն Պողոսյանը: «Մենք խոսում ենք առողջ սննդի, ռացիոնալ սննդի մասին, բայց ցավն այն է, որ մեր ազգաբնակչությունը գիտակ չէ այս հարցերին: Առողջ սննդի վերաբերյալ գիտելիքը բնակչության շրջանում ցածր մակարդակի վրա է»,- ասում է Ն. Խաչատրյանը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում 1998թ-ին ընդունվել է Պետական քաղաքականություն առողջ սննդի բնագավառում: Հայաստանի պատկան մարմինները ևս պետք է մտածեն այս ուղղությամբ: Արմեն Պողոսյանը ևս կարևորում է առողջ սննդակարգի իրազեկվածության աստիճանի բարձրացումը հասարակության շրջանում, ինչը կարող է խթանել նաև պետական մակարդակով խնդրին ուշադրություն դարձնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter