Ական որոնող ռոբոտը «սովետական» է ստացվել
Ծրագրավորող, մեխանիկ եւ ռադիոֆիզիկ-էլեկտրոնշիկ: Այս մասնագիտությունների զուգակցմամբ կարելի է պատրաստել ռոբոտ: Կամ պետք է լինել միայնակ «վունդերքինդ»: Այս կարծիքին են GNA BOT թիմի անդամները, որոնք պատրաստել են ական որոնող ռոբոտ: GNA- Գայանե (G), Նաիրա (N), Արեւիկ (A). այս եռյակով երիտասարդ աղջիկների խումբը սկսել է ական որոնող ռոբոտի պատրաստման աշխատանքները:
Ի սկզբանե աղջիկները որոշել են միայն իգական սեռի ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խումբ ստեղծել, սակայն քիչ անց աղջիկ-մեխանիկներ, աղջիկ-ռադիոֆիզիկներ գտնելու խնդիր է առաջացել, եւ ձեւավորվել է նոր խումբ` 2 աղջիկներ եւ 3 տղաներ:

GNA անվան առաջին տառերը հիմա էլ են բնութագրում բոլոր մասնակիցներին` Գայանե, Նարեկ, Արեւիկ, Անդրանիկ եւ Արշակ: Խմբից 4-ը ՀՊՃՀ-ի ուսանողներ են, որոնցից մեկը` շրջանավարտ, Արշակը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կազմակերպած Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում անցկացվող «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին մասնակցելու համար պետք էր լավ ռոբոտ պատրաստել` քիչ գումար ծախսելով: Դրա համար սկզբում որոշել են մեքենայի դետալներով այն պատրաստել` նմանեցնելով տանկի, սակայն հետո հասկացել են, որ շատ ծանր կստացվի, իսկ իրենց տրված շարժիչները չեն կարողանա աշխատել այդ ծանրության տակ: Ռոբոտի համար ալյումին են գնել, ՀՊՃՀ-ի լաբորատորիայի օգնությամբ սկսել են մշակել այն, ՀՊՃՀ-ի աշխատակիցներն էլ տեխնիկական բարդ աշխատանքներում օգնել են: Ավարտին, երբ պետք է արդեն գործարկեին ռոբոտը, ձեռքում պահած վիճակում այն աշխատել է, բայց գետնին դնելիս` կանգնել: Ուժը չի բավականացրել: Մեխանիկ Անդրանիկ Մանուկյանն ասում է, որ շարժիչի փաթեթի վրա գրված պարամետրերը չեն համապատասխանել իրականությանը: «Մենք իրենց տվածներից ընտրեցինք ամենահզորը, որը պիտի քաշեր, բայց դա էլ չքաշեց»,- պատմում է ծրագրավորող Գայանե Կաժոյանը: Ստիպված ինտերնետն են սկսել պրպտել` նոր ու հարմար շարժիչ գտնելու ակնկալիքով: Ամենահարմարը սովետական քայլային շարժիչն է եղել, որը երիտասարդները գտել են Վերնիսաժում, բայց սա էլ չի աշխատել: Շարժիչների պատճառով ռոբոտի պատրաստման աշխատանքները ձգձգվել են: Ի վերջո, ծրագրված ժամկետի ավարտին Արշակը գտել է սովետական հին մեքենայի ապակու մաքրիչները` «դվորնիկներ» շարժիչները: Դժվարությամբ երկրորդն էլ են գտել, արագ համապատասխան փոփոխություններ են արել: «Մենք ինչ մտածել էինք մեր ռոբոտի համար, դրեցինք մի կողմ, ապրիլից սկսեցինք նոր գործ»,- ասում է ռադիոֆիզիկ Արշակ Վարդանյանը: Երեք անգամ ռոբոտի էլեկտրոնիկան փոխվել է: Միայն մրցույթի նախօրեին է պարզվել` հաղորդիչը չի աշխատում: Երիտասարդները խուճապի են մատնվել. այդ սարքավորումը հատուկ իրենց պատվերով հովանավոր կազմակերպությունն էր բերել Պարսկաստանից, Հայաստանում հնարավոր չէ գտնել: Ռոբոտի մոտ 80 տոկոսը կազմվել է սովետական սարքավորումների համակցությամբ: «Հիմնական եւ շարժիչ մասերը սովետական են»,- բնութագրում են ստեղծողները: 21-րդ դարում սովետական դետալներից ռոբոտ պատրաստելը Հայաստանում երիտասարդները նորմալ են համարում:
«Տեխնոլոգիաների դար է, էս է, էն է` դա վերաբերում է Գերմանիային, Ռուսաստանին..., երկրների, որոնք արտադրություն ունեն, տեխնիկա եւ գիտություն, իսկ մենք չունենք: Մեզ մոտ ոչ գործարաններն են աշխատում, ոչ արտադրություն կա, դրա համար մենք օգտվում ենք նրանից, ինչ կա մեզ մոտ կամ ինչ մնացել է»,- ասում է Անդրանիկը:
Ինչպես է ռոբոտը գտնում ականները
Զուգահեռ ընթացել է ռոբոտի ծրագրավորումը: Ծրագրավորողներ Գայանեն եւ Արեւիկը ռոբոտի ծրագիրը գրել են C# ծրագրով: «Ծրագիրը գրելու համար դետալներ պետք չեն: Պետք է միայն քո ուղեղը»,- ասում է Գայանեն: Իսկ ռոբոտի ուղեղը համակարգչում է: «Մենք սկզբից ձեռքով ենք աշխատացնում, եթե ձեռքով աշխատեց, ուրեմն ծրագիրը կաշխատեցնի իրեն,- շարունակում է Արեւիկ Թունյանը,- եթե ինչ-որ բաներ մեխանիկը փոխում է, ծրագրում նույնպես դա արագ կարող է փոփոխվել, դժվարություն չկա»: Նարեկ Խաչիկյանը նկարագրում է ռոբոտի աշխատանքը. Ռոբոտն ու համակարգիչը իրար հետ հաղորդակցվում են ռադիոկապով, որը փոքրիկ միկրոսխեմաներից է բաղկացած: Շարժիչը, ատամնանիվը ու ակերը ռոբոտի հիմնական բաղադրիչներն են: Էներգիան փոխանցվում է շարժիչին, որպեսզի շարժիչն իր ֆունկցիան ավելի լավ կատարի, ռեդեկտորի կարիք ունի, որտեղից էներգիան անցնում է անիվներին եւ անիվների միջոցով` շղթաներին: էլեկտրական սենսորները, որոնք հայտնաբերում եւ արձագանքում են երկաթին, ազդանշան են ուղարկում ռադիոկապով, որ այստեղ ինչ-որ մետաղյա դետալ կա: Համակարգիչը կազմում է քարտեզը, թե որտեղ կարող է լինել ականը: Ռոբոտը կարող է սխալվել 10-15 սմ: Խաղի կանոնների համաձայն` ականից 50 սմ նվազագույն հեռավորթյամբ այլ ական չի լինում: Այդ ամբողջ գործողություններից հետո ռոբոտը շրջվում է, շրջանցում ականը եւ ճանապարհը շարունակում մինչեւ մեկ այլ ականի հայտնաբերումը:
ԻՏՁՄ-ն, ով աջակցում է երիտասարդ ռոբոտ ստեղծողներին, մոտ 90 հազար դրամի սահմաններում դետալներ ընտրելու հնարավորություն է տալիս: Արեւիկը նկատում է, որ իրենք աշխատում են պայմանով, որ ԻՏՁՄ-ն իրենց տրամադրում է ռոբոտի մասերը, իրենք էլ պարտավորվում են նրանց բոլոր ցուցահանդեսներին ներկայացնել այդ ռոբոտը: «Իրենք այնպիսի բաներ են բերում, որ Հայաստանում չկա»,- ասում է Գայանեն: «Բայց երկու հատիկ են բերում»,- կատակում է Նարեկը` նկատի ունենալով իրենց փորձը:
Իրենց շարժիչները համեմատում են նորաձեւերի հետ, եթե նոր տեխնոլոգիաներին համահունչ լիներ, դրանց տեղը պետք է լիներ կոպեկի չափով շարժիչ: Ռոբոտը կշռում է մոտ 11 կգ: Եթե թեթեւ շարժիչ լիներ, կնվազեր նաեւ ռոբոտի քաշը, ռոբոտն ավելի արագ կշարժվեր, ավելի քիչ էներգիա կծախսեր: Բայց դա արդեն մեծ գումարի հետ է կապված:
«Ռոբոտի վրա ինչ օգտագործված է` մեծ մասը մենք ենք սարքել: Սենսորները, մետաղափնտրիչները եւ մարտկոցներն է ԻՏՁՄ-ն տվել, մնացածը որտեղից ինչ կարողացել ենք` գտել ենք»,- ասում է Գայանեն: «Որպես կանոն` փորձը ցույց է տալիս, որ ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ սարքածը չի ստացվում, գործն անելու համար պետք է մոտ մեկ տարի ժամանակ ու նորմալ ֆինանսավորում»,- հավելում է Արշակը:
Բայց ընկերները Արշակի այս կարծիքը չեն կիսում. «Բա մյուս թիմերը ո՞նց են հասցնում՚: ՙՄի տարին շատ է ասված, բայց եթե լավ ֆինանսավորում լինի, կարելի է լավ ռոբոտ սարքել»,- հավելում է Անդրանիկը: Ռոբոտի ստեղծման համար իրենց գրպաններից երիտասարդները 65 հազար դրամ են ծախսել, մոտ 50 հազար դրամի չափով օգնել է հովանավոր կազմակերպությունը: Արշակի կարծիքով, իրենց պատրաստած ռոբոտը կարժենա մոտ 5000 դոլար:
GNA BOT խումբը պետք է մասնակցեր երեկ տեղի ունեցած Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում անցկացվող «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլին, ինչին շուրջ երեք ամիս պատրաստվել էին: Սակայն չաշխատող դետալի պատճառով որեւէ տեղի համար չեն պայքարել, այլ միայն ներկայացրել են ռոբոտը:
Հաջորդ տարի, եթե կրկին ռոբոտների մրցույթ լինի, թիմն անպայման մասնակցելու է, բայց մինչ այդ Անդրանիկն ու Արշակը հունիսի 7-ին զորակոչվում են բանակ: Արեւիկը հույսը չի կորցրել. կարծում է, որ մնացած թիմը հաջորդ տարի գլուխ կհանի եւ տեղը տեղին կներկայացնի ռոբոտը:
Հ.Գ. Սիրահարների այգում տեղի ունեցած մրցույթի ժամանակ GNA GOT թիմն արժանացավ խրախուսական մրցանակի` 40 հազար դրամ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել