HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական ծրագիր չունի, բայց համոզված է, որ Ախալքալաքում ինքն է ընտրվելու

«Հետքի» հարցերին պատասխանել է վաղը Վրաստանում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող` «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրացուցակով առաջադրված Ախալքալաքի շրջանային վարչության կառավարիչ Նաիրի Իրիցյանը Ընտրությունների նախորդ օրը` լռության օրվա տրամադրությունն ինչպիսի՞ն է Ախալքալաքի շրջանում: Իմը բարձր է, իսկ մյուս թեկնածուներից տեղյակ չեմ: Լարվածություն, նախընտրական խախումներ չե՞ն եղել: Ես չէի ասի, որ մեծ լարվածություն կա: 4-5 կուսակցություն կա, ամեն կուսակցությունն իր քարոզչությունն ունի, իրենց տեսանյութերն ունեն: Յուրաքանչյուրն իր ճիշտն է ասում: Լարվածություն չկա: Ես պետության կուսակցության հետ եմ, կարող եմ ասել, որ ամեն ինչ նորմալ է եղել, վատ բաներ չեն արձանագրվել, ես խախտումներ չեմ տեսել: Ախալքալաքի շրջանի թեկնածուներից ոմանք մտահոգություններ էին հայտնել, որ իրենց նկատմամբ ճնշումներ կան, հատկապես անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Դուք նման բան նկատե՞լ եք: Շատ անգամ պարտվող կուսակցությունը, ում դիրքերը տեղի են տալիս, ինչ-որ խնդիրներ գտնում են, որ պարտվելուց հետո պատրվակներ ունենան ու ասեն, թե նախքան ընտրություններն իրենց նկատմամբ ճնշումներ կային: Մեծ բաներ չկան: Ինչպես ամեն տեղ է ընտրություններ լինում, նույնն էլ մեզ մոտ է: Կարող է որոշ չափով մեկը մյուսին տեսնելով ինչ-որ խոսակցություններ է անում, բայց եթե ճնշում ասելով` նկատի ունեն պետական ճնշումներ, ես նման բաներ չեմ տեսնում: Ես պետական` հզոր կուսակցության ներկայացուցիչ եմ, ինձ վրա ճնշում չի եղել: Երկու տարի աշխատելով վարչության ղեկավար` Ջավախքի համար ամենահրատապ խնդիրը ո՞րն եք համարում: Ես աշխատող կառույց եմ եղել, պատգամավոր չեմ եղել, որ քաղաքական հարցեր լուծեմ: Ինձ գործեր են տվել, ես արել եմ: Այսօր կարևոր խնդիրներն են` ինֆրաստրուկտուրա, խմելու ջուր, դպրոց, ճանապարհ և տարբեր բաներ: Ես որ եկա վարչության ղեկավարի պաշտոնում, մեր բյուջեն 2 մլն լարի էր, այս տարի մեր բյուջեն 9 մլն է կազմել: Իսկ ինչի՞ հաշվին է մեծացել: Ես գիտեմ, թե դա մեր աշխատանքի արդյունքն է, որ ժամանակին կարողացել ենք այդ մարդկանց հետ աշխատել, որ ասենք, թե որտեղ է պետք գումարներ դնել, որ մեր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծում գտնեն: Եթե այդ գումարներն այդքան բարձրացել են, ինձ թվում է, որ մենք արդյունքի ենք հասել: Արդեն նշված խնդիրներից, Ձեր կարծիքով, առաջին հերթին ո՞րը պետք է լուծվի: Այսօր պետք է աշխատատեղեր ստեղծել, ինչպես Հայաստանում, Հունաստանում, Իտալիայում և այլուր: Սմենագլխավորը աշխատատեղն է: Եթե աշխատատեղեր ստեղծենք, ճիշտ է, Ջավախքի ժողովուրդը կունենա խնդիրներ, բայց եթե ունենա աշխատանք, կկարողանա իր հողի վրա մնալ և ապրել, և պահանջել այն, ինչ իրավունք ունի պահանջելու պետությունից: Իսկ ինչպե՞ս են ստեղծելու այդ աշխատատեղերը: Եթե գումարը եղել է 2 մլն, հիմա դարձել է 9 մլն, եթե այդ 9 մլն-ը ծախսենք, աշխատատեղերը չե՞ն շատանա: Օրինակ` եթե ինֆրաստրուկտուրաներ կառուցենք, դրանց վրա բանվորներ են աշխատելու: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում վաղվա ընտրություններից: Ես այսօր էլ կարող եմ ասել, որ քաղաքում ես կհաղթեմ, մյուսները` չգիտեմ: Ինչո՞ւ եք այդքան համոզված: Համոզված եմ, ես երրորդ անգամ եմ ընտրությունների մասնակցում, երկու անգամ էլ պետության հետ չեմ գնացել, հակա եմ եղել, ես գիտեմ, թե այս անգամ էլ ես խնդիր չունեմ` քաղաքի մասշտաբով: Այն ժամանակ մեծամասնական իրավունք կար անկախ թեկնածուների համար: Իսկ նոր օրենքով մեծամասնականով առաջադրված թեկնածուն անպայման պետք է լինի կուսակցության ներկայացուցիչ: Իսկ ինչո՞ւ եք որոշել անպայման իշխող կուսակցությունից առաջադրվել: Շատ անգամ մարդը մի գործ անելիս գիտի, թե իրեն որտեղ ավելի շատ լսող կլինի, և ինչ արդյունք կարող է ապահովել: Եթե ես մի այլ կուսակցության մեջ լինեմ, որտեղ ոչ լսող կլինի, ոչ էլ արդյունք կունենա, իմ աշխատանքն իզուր կանցնի: Ինձ թվում է, որ եթե ես այդ կուսակցության մեջ ավելի շատ բաներ կարող եմ անել, ավելի շատ հանդիպումներ կարող եմ անցկացնել տարբեր ղեկավարների կամ նույնիսկ նախագահի հետ, ավելի լավ կարող եմ ներկայացնել Ջավախքի ունեցած խնդիրները, քան ուրիշ կուսակցությունում: Ի՞նչ է առաջարկում այս տարվա Ձեր նախընտրական ծրագիրը: Ես չունեմ նախընտրական ծրագիր, ես այս տարի բան չեմ խոստանում: Ես 8 տարի է` ղեկավարության մեջ եմ աշխատել: 2000-ին ընտրվել եմ քաղաքապետ, 2006թ.-ին` պատգամավոր, արդեն երկու տարի է` վարչության ղեկավար եմ: Ժողովուրդն իմ աշխատանքն է տեսել, ինձ ընտրում է որպես աշխատող անձ, ոչ թե խոստումներ եմ տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter