Հայկական եւս մեկ եկեղեցու ապագան անորոշ է
Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական կաթոլիկ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով օրերս է վերադարձել Թբիլիսիից:
Ապրիլի վերջերին քննարկվող թեման կրկին Սամցխե-Ջավախքում ոտնձգությունների ենթարկված հայկական եկեղեցիներից մեկն էր, այս անգամ` Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցին: Բանվորները քանդել են եկեղեցու խորանը եւ մի կամար: Խորանը քանդելիս դուրս են եկել հայկական արձանագրություններով խաչքարեր, որոնք դեռեւս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել, այլ կուտակված են եկեղեցու մոտ: Քաղաքապետարանի աշխատակիցները տեղացիներին խոստովանել են, որ իրենք եկեղեցին քանդելու հետ որեւէ կապ չունեն, եւ այդ ամենը տնօրինում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը: Նրանք նաեւ տեղեկացրել են, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի:
Այդ հանգամանքը դժգոհություններ է առաջացրել ախալցխահայության շրջանում: Նրանք պարզաբանումներ են պահանջել, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտարարել է, թե Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարեւորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունքում մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին: Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդի` եկեղեցին եւ հարակից 3 հա տարածքը 2009 թ. Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն:
«Ըստ համապատասխան պայմանագրի` Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին ու բարեկարգել տարածքը: Դա էլ այս իրարանցման պատճառը դարձավ»,- ասել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա տեղեկացրել է, որ վերականգնողական աշխատանքները կիրականացվեն վերականգնման չափանիշների համաձայն:
Ախալցխայի հայկական երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը պատասխան հայտարարություն է տարածել` նշելով, որ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայությունը խորապես վրդովված եւ վիրավորված է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայտարարություններից: «Վանդալիզմի ու պղծման ենթարկված հայկական եկեղեցին նաեւ թալանվում է: Բազմաթիվ վկաների հաստատմամբ` շատ սրբատաշ ու հայատառ արձանագրություններով քարեր են դուրս բերվել եկեղեցու տարածքից եւ օգտագործվել ինչ-որ շինարարության մեջ:
Մենք արձանագրել ենք այն, ինչ տեսել ենք եւ ներկայացրել հայ հասարակության դատին թե Հայաստանում, թե սփյուռքում»,- նշված է Համակարգող խորհրդի պատասխան գրության մեջ: Նրանք հայտարարել են, որ եթե Հայ առաքելական եկեղեցին տեր չի կանգնում Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցուն, դա չի նշանակում, որ նման խնդիր գոյություն չունի: Հարցը մտահոգել է նաեւ Առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների: Նրանք էլ են բարձրաձայնել խնդրի մասին, սակայն խիստ նկատողություն են ստացել Մայր Աթոռից: «Հիմքերն արդեն քանդել են, մեր մտավախությունն այն է, որ անձրեւները կլցվեն, եւ ամբողջ պատը կփլվի»,- ասում է Սամցխե-Ջավախքի հոգեւոր հովիվներից մեկը, ով չի ցանկանում հրապարակել իր անունը:
Ախալցխայի շրջանում կաթոլիկ համայնքի սպասավոր, Սուխլիս գյուղի կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Գրիգորը մեզ հետ զրույցում ժխտեց քանդման նոր փաստը: «Նոր քանդումներ չտեսա, միայն խաչքարի վրա տեսա, որ քարը փորագրված է, փորձել են խաչի վրայից մի բան հեռացնել, արդյոք խաչը ջնջելու՞ համար, թե՞ իրենք ուրիշ բան պետք է գրեին դրա վրա, հայտնի չէ»,- պատմեց հայր Գրիգորը:
Ինչպես տեղեկացանք Ախալցխայի բնակիչներից, եկեղեցում աշխատանքները դադարեցված են, սակայն ոչ ոք «տիրություն չի անում եկեղեցու քանդված քարերին ու խաչքարերին», դրանք դեռ կուտակված են:
«Եկեղեցին ոչ թե քանդում են, այլ մաքրում փլատակներից: Բայց դա կատարվում է սահմանված միջազգային նորմերին ոչ համապատասխան ձեւով»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը: Նա Հայաստանից գործուղվել էր Ախալցխա, որպեսզի ուսումնասիրեր Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ առաջացած խնդիրը: Հակոբ Սիմոնյանը ցավում է, որ Վիրահայոց թեմի առաջնորդը հայտարարել է, թե դա կաթոլիկ եկեղեցու խնդիրն է. «Նա, փաստորեն, ջուր է լցնում այն մարդկանց ջրաղացին, ով պատրաստվում է այդ եկեղեցու գլխին ինչ-որ բան բերել»: Իսկ վերանորոգելու համար պետք է պեղումներ կատարվեին, յուրաքանչյուր քարը տեղում ֆիքսվեր, որոշվեին բոլոր մանրամասները, եթե դրա նպատակը եկեղեցու` գիտական սկզբունքներով վերականգնումն է: Հակոբ Սիմոնյանը նման մոտեցում չի նկատել: «Խորանը, ավանդատները եւ արեւելյան պատն արտաքուստ մաքրված էին, քարերը մի տեղ էին հավաքված, հողը` մի տեղ: Բայց դա արվել էր ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, այլ պատահական մարդկանց ջանքերով»: Որ դա արել են պետական իշխանությունների համաձայնությամբ եւ հրահանգով, Հակոբ Սիմոնյանի դիտարկմամբ, որոշակի է, քանզի եկեղեցին քաղաքի երեւացող տեղում է գտնվում: «Չէր կարող պատահել, որ երկու-երեք օր քաղաքի կենտրոնում մեծ ծավալի հողային աշխատանքներ իրականացվեին առանց պատկան մարմինների համաձայնության»,- համոզված է նա:
Հ. Սիմոնյանը կարծում է, որ այդ գործողությունները երկու նպատակ պետք է հետապնդեին. կամ իսկապես վերականգնել եկեղեցին, կամ էլ քանդել եւ տեղում նորը կառուցել: Բայց եթե խնդիր էր դրված եկեղեցին վերականգնել, ապա այդ աշխատանքներին պետք է հայ գիտնականներ մասնակցեին, կամ գոնե նախագիծը պետք է համաձայնեցվեր Հայաստանի մշակույթի նախարարության հետ, քանզի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին 13-րդ դարի հայկական կոթող է: «Այս խնդիրը միշտ բարձրացվել է, երբ Թուրքիայի կամ Իրանի տարածքում եղած հայկական հուշարձանները ենթարկվում են վերականգնման: Անհասկանալի է, թե ինչու նույնը չպետք է արվի բարեկամ հռչակված երկրում»,- ասում է Հ. Սիմոնյանը:
Եկեղեցու հայկական լինելն անժխտելի է
Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Ախալցխայի բարձրադիր մասում` Ռաբաթ թաղամասում: Եկեղեցու ստեղծման վերաբերյալ վկայությունները տարբեր են: Ըստ ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի` Երեւման սուրբ Խաչ եկեղեցին պետք է հիմնված լիներ առնվազն 13-րդ դարում եւ գործեր որպես Հայ առաքելական եկեղեցի: Այն ի սկզբանե չէր կարող լինել կաթոլիկ եկեղեցի, քանի որ կաթոլիկ դավանանքը Ախալցխայում տարածվել է 17-18-րդ դարերում: Եվ միայն կաթոլիկ համայնքի ստեղծումից հետո են տեղի առաքելական որոշ եկեղեցիներ սկսել վերագործարկվել, ինչն առաջացրել է Հայ առաքելական եկեղեցու դժգոհությունը: Պահպանվել են խաչքարեր եւ տապանաքարեր, այդ թվում` արձանագիր: Ըստ Հակոբ Սիմոնյանի` եկեղեցու հայկական լինելու եւ 13-րդ դարում գոյություն ունենալու ամենամեծ փաստարկն այն է, որ խորանի պատի մեջ ագուցված են 4 խաչքարեր, երեքը` հայագիր արձանագրություններով, որոնցից մեկի վրա փորագրված է 1366 թվական: «Սա այնպիսի անառարկելի վկայություն է, որ ոչ մեկը հերքել չի կարող»,- ասում է Հ. Սիմոնյանը: Եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում կան երկու այլ հայկական խաչքարեր, մեկ ուրիշն էլ բերդի մոտ է: Մեծ թվով խաչքարեր ագուցված են բերդապարսպի շարվածքում:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ախալցխա» գրքում հիմնադրման տարին նշում է 7-րդ դարը` Ներսես Շինող կաթողիկոսի կողմից, չնայած հղում է կատարում «ավանդությանը»: Նա նաեւ հավելում է, որ եկեղեցին ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է, բայց 1828 թ. ռուս-թուրքական բախման ժամանակ ռմբակոծվել է, որից կործանվել է գմբեթը: Ս. Կարապետյանը նշում է, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին վրացական կողմի իրականացրած քաղաքականության հերթական «զոհն է», որոնք նորոգության անվան տակ յուրացնում են հայկական եկեղեցիներն ու ոչնչացնում հուշարձանները: Իսկ հայկական մշակութային կոթողների պահպանության լավագույն լուծումը տեսնում է «հանցագործներին պատժելու» մեջ. Հայաստանը հուշարձանների ոչնչացման հայցով պետք է մտնի միջազգային դատարան:
Փոխնախարարը վստահեցնում է, որ եկեղեցին վերակառուցելու են նույն տեսքով
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը Թբիլիսիում հանդիպել է Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին:
Փոխնախարարին վստահեցրել են, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցուց ոչ մի քար չի քանդվել, ոչ մի խաչքար չի տեղաշարժվել, ոչ մի խաչքարի վնաս չի հասցվել, բանվորներն ընդամենը տարածքն են մաքրել եւ չափագրումներ իրականացրել, շինարարական ոչ մի աշխատանք դեռ չի սկսվել: Եկեղեցու տարածքում աղբի տեսքով քարեր են կուտակված եղել, որոնք եկեղեցու միջից տեղափոխվել են կառույցի կողքը: Նույնը հավաստիացրել են նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը եւ Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը, ով նույնպես եղել է տարածքում եւ փաստել, որ ոչ մի խաչքար տեղից չի շարժվել, ոչինչ փչացված կամ ջարդված չէ:
Մինչդեռ Հակոբ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներում հստակ երեւում է, որ խաչքարի կտորը նույն քարերի «աղբակույտի» մեջ է հայտնվել:
Արթուր Պողոսյանին հայտնել են, թե 17-րդ դարից Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին օգտագործման իրավունքով տրամադրվել է կաթոլիկ եկեղեցուն: 99 տարով Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն հատկացնելու հանգամանքին Արթուր Պողոսյանը ծանոթ չէր: Այժմ կաթոլիկ եկեղեցին որոշել է վերականգնել այն: Հայկակա՞ն, վրացակա՞ն, թե՞ Վենետիկի կաթոլիկ համայնքն է տնօրինելու այն` փոխնախարարը չգիտի: Ասում է, որ իրենք Երեւման Սուրբ Խաչը դիտարկում են որպես հայկական պատմամշակութային արժեք, ինչը ոչ ոք չի ժխտում: Այդ պատճառով արքեպիսկոպոսին խնդրել են վերականգնողական աշխատանքներում ներգրավել նաեւ հայկական կողմին: «Եթե կրոնական տեսակետից նայենք, կաթոլիկ կրոնն ազգային պատկանելության խնդիր չի դնում: Ջավախքում կաթոլիկ լեհ առաջնորդներ կան, հիմա ասել, որ հայ կաթոլիկը հաճախում է այն եկեղեցին, որտեղ քահանան ազգությամբ լեհ է, այլ հարցեր են»,- ասում է փոխնախարարը: Նա միեւնուն ժամանակ նշում է, որ լավ կլիներ, իհարկե, եթե այն տրված լիներ հայ կաթոլիկ համայնքին, բայց 17-րդ դարից այն Վատիկանի կաթոլիկ եկեղեցու տնօրինության տակ է:
Սամցխե-Ջավախքի կաթոլիկ համայնքը Գյումրիի Հայ կաթոլիկ եկեղեցու Արեւելաեվրոպական թեմի առաջնորդարանի ենթակայության ներքո է: Սամցխե-Ջավախքում 17 կաթոլիկ համայնք կա: 5 համայնք` Նինոծմինդայի շրջանում, 5-ը` Ախալքալաքի, Ախալցխայի 14 հայկական գյուղերից 7-ն են կաթոլիկ: Որքան համայնք կա, այդքան էլ եկեղեցի, բոլորն էլ գործող են: Հայ կաթողիկ եկեղեցու քահանա Գրիգոր Մկրտչյանը 2005-2007 թթ. ծառայել է Նինոծմինդայում: «Բոլոր եկեղեցիներում յուրաքանչյուր կիրակի ծիսական արարողություններ տեղի ունենում են»,- ասում է Տեր Հայրը: Նինոծմինդայի 5 համայնքին մեկ քահանա է սպասավորում: Երկու քահանա` Ախալքալաքի շրջանում, Ախալցխայում` մեկ քահանա եւ երկու վարդապետ:
Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրով մտահոգված են նաեւ Գյումրիի առաջնորդարանում: Առաջնորդի հետ զրուցել չհաջողվեց, մեր հարցերին պատասխանեց տեր Գրիգորը: Նա նշեց, որ Երեւման Սուրբ Խաչ եկեղեցու հարցը քննարկվելու է Թբիլիսիում, որտեղ հանդիպելու են լատին եպիսկոպոսն ու Հայ կաթոլիկ եկեղեցու Արեւելաեվրոպական թեմի առաջնորդը: Այդ հանդիպումից հետո ամեն ինչ պարզ կդառնա:
Լուս.` Հակոբ Սիմոնյանի
Սև ու սպիտակ լուսանկարները տրամադրել են ախլցխացիները
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել