
«Շոումեն» Արարատ Գոմցյանից, «շինարար» Ֆելիքս Փիրումյանից, «դաշնակ» Ռոմիկ Մանուկյանից, «տնտեսագետ» Լիդա Նանյանից հետո Շիրակի մարզպետի պաշտոնը կառավարությունը վստահեց «ոստիկան» Աշոտ Գիզիրյանին: Ի՞նչ կարող է ակնկալել շիրակցին այս նոր նշանակումից, ցույց կտա ժամանակը: Նոր մարզպետը հրաժարվեց ապագա ծրագրերի մասին խոսել լրատվամիջոցների հետ` նշելով, որ խոստումներ տալ չի սիրում, սակայն վստահեցրեց, որ իր ցանկացած գործողություն բխելու է մարզի բնակիչների շահերից:
Նորանշանակ մարզպետին այսօր Շիրակի մարզպետարանում մարզի կառույցների ղեկավարներին, մարզպետարանի աշխատակազմին եւ լրատվամիջոցներին ներկայացրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
«Մենք շնորհակալ ենք տիկին Լիդա Նանյանից իր լավ աշխատանքի համար, վստահ ենք, որ պարոն Գիզիյանն եւս կարդարացնի կառավարության հույսերը, մանավանդ, որ նա շատ լավ գիտի մարզը, երկար տարիներ աշխատել է այստեղ,- ասաց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը,-Ես ուզում եմ շնորհավորել նոր մարզպետին եւ ցանկանալ համբերություն, քանի որ Շիրակի մարզը մեր մարզերի մեջ ամենապրոբլեմատիկն է` հաշվի առնելով անօթեւանության դեռեւս գոյություն ունեցող խնդիրը: Հույս ունենք, որ պարոն Գիզիրյանը բոլոր խնդիրները պատվով կլուծի»:

Արդեն նախկին մարզպետ Լիդա Նանյանը եւս շնորհավորեց Աշոտ Գիզիրյանին, ում մարզպետի պաշտոնում նշանակելու համար ազատել էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից` մաղթելով արդյունավետ գործունեություն իր նոր պաշտոնում:
Թե նախկին, թե նոր մարզպետները հրաժարվեցին լրատվամիջոցներին հարցազրույց տալուց, նրանց փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Պարոն Գեւորգյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ի վերջո ինչու հարկ եղավ ազատել միակ կին մարզպետին պաշտոնից, մանավանդ, որ վերջինս դիմումում չէր նշել իրեն ազատելու դրդապատճառը:
«Դուք գիտեք, որ դիմումը գրում են սեփական կամքով,- պարզաբանեց պարոն Գեւորգյանը,- Դա ստիպողական չէ, այնպես որ կառավարությունը պարտավոր էր հարգել տիկին Նանյանի դիմումը: Մենք նրա ուժերը դեռ կօգտագործենք, թե որտեղ` առայժմ չեմ կարող ասել»:
Լրագրողների հետ հոժարակամ շփվեց նաեւ Ֆրանսիայում հերթական բուժման կուրսն անցած Գյումրու քաղաքապետը: Վերջինս ժխտեց լրատվամիջոցներում շահարկվող այն լուրը, որ իր եւ Աշոտ Գիզիրյանի «ջրերը մի առվով չեն գնացել, եւ 90-ականներին խնդիրներ են ունեցել իրար հետ»:
«Այդպիսի բան չկա,- ժխտեց քաղաքապետը,- Իսկ ինչ մնում է նրան, թե ինչպես կաշխատենք, կարծում եմ նորմալ, ինքն իր գործը կանի, ես` իմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել