Եզդի համայնքի ահազանգն անհի՞մն էր
Եզդիներից մեկը ծովի եզրին կանգնած հաշվում է. «Մեկ, մեկ, մեկ մեկ...»: Մեկ ուրիշ եզդի է մոտենում և հարցնում, թե ինչ է անում առաջինը: «Ես ծովի ալիքներն եմ հաշվում»,- պատասխանում է նա: «Մինչև հիմա ինչքան է եղե՞լ»,-հարցնում է մոտեցողը: «Ես վերջինն եմ հաշվում միայն»,- պատասխանում է առաջին եզդին: Այս անեկդոտը այսօր լրագրողներին պատմեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Առիթը եղավ Հայաստանում ոչխարաբուծության վտանգված լինելու մասին լրագրողների հարցը, թե եզդի համայնքի ներկայացուցիչների ահազանգից հետո որևէ վտանգ, փաստորեն, չի՞ եղել:
Ազիզ Թամոյանը «մինչև հիմա» կատարվածներին չցանակցավ անդրադառնալ` նշելով, որ անցածի հետևից չպետք է գնալ` արտահանումը լավ էր, թե վատ, արդեն նշանակություն չունի:
«Եղել է` ճիշտ են արել, սխալ են արել, արդեն եղել անցել է»,- պատճառաբանեց եզդի համայնքի ներկայացուցիչը: Ազիզ Թամոյանը գյուղնախարարությանը շնորհակալություն հայտնեց, որ քալեր են ձեռնարկել ոչխարի արտահանումը կասեցնելու գործում: Նրա կարծիքով, ոչխարը պետք է արտահանվի, քանի որ դա նպաստում է նաև ոչխարաբուծության զարգացմանը, բայց որոշ վերապահումներով:
«Ոչխարաբուծությունը պետք է արտահանվի, բայց այն ժամանակ, երբ անասունները կզարգանան, կշատանան, իսկ եթե եղածները տանեն, ոչխարաբուծությունը կսպառվի Հայաստանում: Առայժմ չպետք է արտահանել»,- կարծում է եզդի համայնքի ներկայացուցիչը:
«Բայց պարտադի՞ր է արգելվի, դուք մի ծախեք, մինչև զարգանան»` նկատեց լրագրողը: «Չէ, դա ասելու բան չէ, ոչխարը բերում ենք թանկ գնով, ինչո՞ւ չպետք է ծախենք»,- ասում է Թամոյանը: Նրա տվյալներով, էգ գառները 50 % են վաճառվում, իսկ 50 %-ը` մնում է: Արուները վաճառվում են ամբողջությամբ: «Խորհրդային միության ժամանակ ամեն մի տնտեսությունու 25 000 ոչխար էր աճեցնում, տնտեսությունը վերացրեցին, ոչխարն էլ վերացվեց»,-ասաց Ազիզ Թամոյանը:
Բանավեճին ներկա Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հավաստեց, որ եզդիների մտավախությունը, որ ոչխարը կվերջանա և մսի գինն էլ կթանականա` հասնելով 5000 դրամի, անհիմն է: Փետրվարին 1 կգ գառան միսը եղել է 4000 դրամ: Այսօր շուկայում այն արժե 3000-3500 դրամ: Մեծածախ վաճառքում` 2500 դրամ և ավելի:
Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ վտանգ չկա, քանզի մայրական կազմը ամբողջությամբ պահպանվել է: Այսօր հանրապետությունում ավելի քան 900 հազար գլուխ ոչխար կա: 400 հազարից ավելի գլխաքանակ պետք է իրացվի մսի համար:
Նախորդ տարվա համեմատ 20 հազար գլուխ ոչխարի պակաս կա, որը, ըստ մասնագետի, բնական է, քանի որ հանրապետությունից 147 հազար գլխաքանակ դուրս է եկել և աճը նվազել է: Հունվարի 1-ի դրությամբ 511հազար գլուխ ոչխար կա, որից 430 հազարը` մայրեր: Աշնանը դրանք կիրացվեն:
«Մայրերը չեն վաճառվել, եթե մայրերը վաճառված լինեին, մենք 900 հազար գլխաքանակ չէինք ունենա: Իրականում վաճառվել են այն մայրերը, որոնք պառավ, հասակավոր ոչխար էին և վերարտադրության համար պիտանի չէին»,- պարզաբանեց Աշոտ Հովհաննիսյանը:
Խորհրդային տարիներին 2,5 մլն ոչխար է եղել: Այժմ` 5 անգամ նվազել է գլխաքանակը, քանզի 90-ականներին իրացում չկար: Ամեն տարի Հայաստան է ներկրվում 35 հազար տոննա հավի միս, 15 հազար տոննա` տավարի, 8-9 հազար տոննա` խոզի միս: Աշոտ Հովհաննիսյանը նշում է, որ եթե ոչխարի միսը նվազեր հանրապետությունում, կներմուծեին նաև դա, սակայն ներմուծում չի եղել:
Պարզվում է, որ ոչ թե հայկական կողմն է կասեցրել արտահանումը, այլ իրանական: Իրանում մայիսի սկզբներին ոչխարի հիվանդություն է արձանագրվել: Մայիսի 9-ից ոչ մի գլուխ ոչխար ԻԻՀ չի տեղափոխվել:
«Սա մտավախություն է առաջացնում, որ կարող է մեր մոտ աճեցրած գառան իրացումը սահմանափակվի, բայց կարծում ենք, որ դա ժամանակավոր դադար է, և մի քանի ամսից ճանապարհները կբացվեն»,- ասում է Աշոտ Հովհաննիսյանը և հավելում, որ եթե անգամ վաճառք լիներ, խնդիրներ չէին առաջանա: «Մենք գերադասում ենք մատղաշ գառան միս` մինչև 5-6 ամսական հասակի, իսկ իրենք (պարսիկները) գերադասում են հասակավոր ոչխարի միս, որը մենք չենք օգտագործում: Եվ ստացվում է այնպես, որ իրենք աշնանը գնում են 40 կգ-ից ավելի ծանր ոչխարներին, իսկ մենք` գառան միս»,- մանրամասնում է Աշոտ Հովհաննիսյանը:
Կենդանի ոչխարների առևտուր հիմնականում իրականացնում է եզդի համայնքը: Ազիզ Թամոյանը իր համայնքի ներկայացուցիչների հետ հաշվարկներ է արել, համաձայն որի` անցյալ տարի իրենք արտահանել են ընդամենը 200 մայր ոչխար: Իսկ հիմա եզդիների համայնքում մոտ 200 հազար ոչխար կա: 200 մայր ոչխարների վաճառողներ այժմ արդեն Հայաստանում չեն, հեռացել են: «Եթե անասնատերը շահ ունենար, չէր վաճառի ու գնա»,- նկատեց Ա. Թամոյանը: Աշոտ Հովհաննիսյանն էլ ընդդիմացավ, թե եզդիները Ռուսաստանում բիզնես են դնում, դրա համար են գնում:
Ազիզ Թամոյանը նշեց, որ իրենք աչխարաբուծության զարգացման գործում աջակցության կարիք ունեն, բայց իրենց չեն աջակցում նույնիսկ բանկերը: Եզդի ոչխարատերերը չեն կարող վարկ ստանալ, որպեսզի զարգացնեն ոչխարաբուծությունը, ձեռք բերեն նոր ցեղատեսակներ: Դրա համար անհրաժեշտ է կառավարության և գյուղնախարարության միջամտությունը:
Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղնախարարությունը ոչխարաբուծության զարգացման ծրագիր է մշակել, որի միջոցով երկու անգամ քիչ կօգտագործվեն արոտավայրերը, նոր ցեղատեսակներ կզարգացնեն, որոնք նաև կրկնակի քաշ կապահովեն նույն ժամանակահատվածում: Իսկ ոչխարի գլխաքանակ պետք է սահմանվի 1.5 մլն-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել