Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգման համար առաջին մրցույթն ավարտված է
Թբիլիսիի հայկական Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու նախագծա-նախահաշվարկային աշխատանքներն իրականացնելու համար մրցույթն ավարտվել է: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը օրերս է վերադարձել Թբիլիսիից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տվյալները կամփոփվեն եւ պարզ կդառնա, թե որ ընկերությունը կիրականացնի այն: Վրացական կողմը խոստացել է հոգալ բոլոր ծախսերը, դրա համար պետական բյուջեից գումար է հատկացրել, սակայն գումարի չափն Արթուր Պողոսյանին հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2009 թ. նոյեմբերի 19-ին խոնարհվել էր 14-րդ դարում կառուցված Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այս եկեղեցին «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից է, որը դեռեւս չի վերադարձվել Հայ առաքելական եկեղեցուն: Վրացական կողմը խոստացել էր վերականգնել եկեղեցին եւ այս տարվա գարնանը սկսել վերականգնման աշխատանքները: Մինչ օրս, սակայն, այդ աշխատանքները չեն սկսվել: «Կարող ենք արձանագրել, որ մեկ-երկու ամիս ուշացրել են, բայց որ մրցույթն ավարտված է, եւ արդեն արդյունքներն ամփոփվելու են, հավաստիացրել են»,- ասում է փոխնախարարը:
Եկեղեցու վերանորոգումը մի քանի փուլով է իրականացվելու: Հիմա առաջին փուլն է: Փոխնախարարը հավաստիացումներ է ստացել, որ չնայած երկու ամիս ուշացրել են, բայց կա մրցույթի մասնակիցների ցուցակը, եւ ըստ օրենքի` պետք է ուսումնասիրեն եւ ընտրեն նախագծող կազմակերպությանը: Այնուհետեւ կհաջորդի նախագծերի պատրաստման փուլը, որին մասնակցելու են նաեւ հայկական կողմի մասնագետները: Եվ վերջում կրկին մրցույթ է հայտարարվելու` շինարարական աշխատանքների իրականացման համար:
Հայկական կողմն արդեն երեք անգամ մասնագետներ է գործուղել Վրաստան: «Երբ որոշվի, թե կոնկրետ որ կազմակերպություններն են իրականացնելու դա, մեր մասնագետները կգործուղվեն եւ իրենց հետ պարբերաբար կմասնակցեն նախագծման աշխատանքներին»,- նշեց Արթուր Պողոսյանը: Նրա կարծիքով, հայ մասնագետները կմասնակցեն նաեւ ինժեներական ու շինարարական աշխատանքներին:
Մշակույթի փոխնախարարը նաեւ պատմամշակութային հուշարձանների շուրջ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու առաջարկություն է արել, որին ներկա կլինեն տարբեր մասնագետներ եւ ճարտարապետներ նաեւ Հայաստանից: Նրա խնդիրը եղել է պատմամշակութային արժեքների հարցն ընդհանուր առմամբ բարձրացնել եւ կլոր սեղանի ձեւաչափով համագործակցության առաջարկ անել: «Վիճելի շատ հարցեր կան, Նորաշենի եկեղեցին էլ լավ վիճակում չէ: Բայց ես չէի ասի, որ իրենց պատմամշակութային արժեքները լավ վիճակում են, իրենց եկեղեցիներն էլ են հին, շենքերն էլ, աշխարհիկ կառույցներն էլ լավ վիճակում չեն: Մեծ խնդիրներ են, մեծ գումարների հետ են կապված»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել