Թունաքիմիկատների միգրացիան չի՞ հասել բնակելի տարածքներ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից թունաքիմիկատների միգրացիան չի հասել շրջակա բնակելի տարածքներ: Վերջին դեպքերից հետո Մասիսի տարածաշրջանից, հարակից գյուղերից, Նուբարաշեն և Էրեբունի համայնքներից, Ողջաբերդ գյուղից կատարված նմուշառումների հետազոտություններում դեռևս չի հայտնաբերվել որևէ վտանգավոր նյութի մնացորդային թույլատրելի քանակից առավելագույն քանակ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպաության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:
«Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային անասնաբուժական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները նմուշառումներ են կատարել Մասիսի տարածաշրջանից և հարակից գյուղերից: Վերցրել են 20 կաթի նմուշ խոշոր եղջերավոր կենդանիներից, 5 նմուշ` ջրից, 1 նմուշ կանաչեղենից և երկու նմուշ` ծիրանի խակ պտուղկներից: Նմուշառումներ են արվել նաև Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքից. 5 նմուշ` կաթից, 9` խոշոր եղջերավոր կենդանիներից, Նուբարաշենի և Էրեբունի համայնքների` 15 կաթի նմուշ, որոնց լաբորատոր հետազոտությունների արդյունքում չի հայտնաբերվել որևէ նյութի մնացորդային թույլատրելի քանակից առավելագույն քանակ: Մյուս հետազոտությունները շարունակվում են: Գյուղնախարարի կողմից հանձնարարվել է նաև հսկողություն սահմանել վաճառակետերում և գյուղացիական տնտեսություններում: Կարինե Եսայանն ասաց, որ գերեզմանոցի մոտ տարածքներից նմուշառումներ չեն արվել, քանի որ այն պետք է կատարվի տարբեր տեղերից և ամեն օր: Ներկայացված տվյալները մինչև մայիսի 15-ը կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքներ են: Կարինե Եսայանը նշում է, որ հետազոտության մեթոդը հին է, բայց հիմա նոր մեթոդով են ուսումնասիրություններ կատարում. «Ուսումնասիրություններ կատարվում է կաթի մեջ, քանի որ բնակչությունը իրացման է ուղարկում հիմնականում կաթը: Եթե կաթի նմուշներում հայտնաբերվեց, ամենայն հավանականությամբ կարգելվի կաթի վաճառքը»:
Բնակչներին արդեն զգուշացրել են` վաճառքի չհանել կանաչին և չօգտագործել: Մասնագետն ասում է, որ Ողջաբերդը վտանգված չէ, քանի որ բարձր է, առավել մոտ են Նուբարաշե, Մուշական, Ջրաշեն գյուղերը: ԲՆ աշխատակազմի էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ բյուջետային գործընթացի համակարգման բաժնի պետ Ռոման Չոբանյանը նշեց, որ ԲՆ-ն վերանայել է իրականացվելիք ծրագրերը: Այժմ նախատեսված է ցրված թունաքիմիկատների, հողաշերտերի հավաքում, կենտրոնացում, աղտոտված հողաշերտի կուտակումից հետո` տարածքի հարթեցում: Գերեզմանոցի վերին շերտը կծածկվի տոլի շերտով` մոտ 3500 քմ տարածքով: Անվտանգ կոնսերվացման համար 50 սմ հաստությամբ կավահող է կլցվի, կմաքրվեն ջրահեռացման համակարգերը, կկառուցվինոր ջրահեռացման համակարգ` կասկադի տեսքով, կառանձնացվեն փշալարապատ գոտիներ, կտեղադրվեն վտանգի մասին զգուշացնող նշաններ: Նախատեսված է նաև պահակային ծառայություն` շուրջօրյա հսկողության համար: «Աշխատանքները հրատապ սկսված են»,- վստահեցնում է ԲՆ ներկայացուցիչը:
Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է` աշխատանքներ են տարվում: Առաջին քայլերի` գերեզմանոցի տարածքը ծածկելու համար գումարը տրամադրված է: Դրանք մտնում են հատկացված 31մլն 650 հազար դրամի մեջ: Իսկ խնդրի լուծումը, ըստ ԱԻՆ ներկայացուցչի, 1 կամ 2 մլն-ի հարց չէ: Բայց մինչ այդ` օդի, ջրի, շրջակա միջավայրի մոնիտորինգ է իրականացվելու: Պարենի ծրագրի շրջանակներում (FAO) մոտ 49 դոլարի սահմաններում գումար է հատկացվել, որպեսզի իրականացվեն լաբորատոր ստուգումներ: Դրանք պետք է իրականացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Թունաքիմիկատները պետք է տեսակավորվեն, տեղափոխվեն անվտանգ գոտի, դրանից հետո միայն պետք է լուծվի ոչնչացման խնդիրը: Նախնական հաշվարկով, դա կկազմի մոտ 2.5 մլն դոլար, որը, սակայն, չի ենթադրում թունաքիմիկատների ոչնչացումը:
«Մենք փակ երկիր ենք, տեղափոխումը լուրջ խնդիր է,- ասում է Հովհաննես Եմիշյանը,- հակասողանքային միջոցառումները եթե արդյունք տան, հնարավոր է նաև կոնսերվացվի տեղում: Մոտեցումը դեռ պետք է քննարվի»: Համաշխարհային բանկի փորձագետի հետ նույնպես խնդիրը քննարկվել է, քննարկման ընթացքում են նաև ֆինանսական հարցերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել