Գերմանական քառյակին դուր է եկել հայերի հյուրընկալությունը
Սատորի քառյակը դասվում է Գերմանիայի ժամանակակից կիթառային խմբերի շարքին: Վիբկե Ռադեմախերը, Կարլ Քրիստոֆ Ռենշը, Մաթիաս Գյոփելը և Միխայել Ցոյները իրենց համերգային ծրագրերում ընդգրկում են ներկայի ուժեղ շեշտադրում ունեցող ստեղծագործություններ` անցնելով նորարարության սահմանները և երաժշտությունը ներկայացնելով մատուցման և սկզբունքայնության նոր ձևի մեջ:
Հայ-գերմանական ընկերության և Թբիլիսիի Գյոթե-ինստիտուտի աջակցությամբ քառյակը մայիսի 27-ից հունիսի 3-ը առաջին անգամ բարեգործական համերգներով հանդես է Վրաստանում և Հայաստանում, իսկ դրանից առաջ եղել է նաև Ադրբեջանում: Սատորի քառյակը այս օրերին Հայաստանում էր: Միխայել Ցոյների գաղափարն է եղել` այցելել Անդրկովկաս: Անցյալ տարի, որպես զբոսաշրջիկ գալով տարածաշրջան, ինչպես ինքն է ասում, սիրահարվել է: Եվ որոշել է 2010թ-ին գալ համերգով:
Անդրկովկաս նրանց այցելությունները և համերգները տարբեր կերպ են անցել: Նվագել են թե բուհերում, թե բացօթյա այգիներում, բայց բոլոր տեղերում հադիսատեսի մոտ նույն էնտուզիազմն են նկատել: Ադրբեջանից հետո քառյակը այցելել է Թբիլիսի, եղել են նաև Քութաիսում, այնուհետև եկել են Հայաստան, համերգներ են տվել Գյումրիում, Վանաձորում և Երևանում:
Կարլի համար Բաքուն տարօրինակ է թվացել: Թբիլիսիում քառյակն ապրել է վրացիների ընտանիքներում, ինչը հետաքրքիր և հաճելի է եղել նրանց համար: «Վրացական ընկերասիրությունը շատ հայտնի է, և մենք վայելեցինք այն»,- նկատում է Կարլը:
Հայաստանում նրանց տպավորել է հայկական մշակույթը, մանսավորապես եկեղեցիները: «Յուրաքանչյուր երկիր տարբեր է. Բաքվում մարդիկ ավելի փակ են, քան Վրաստանում և Հայաստանում: Դժվար է ասել, թե որ երկիրն է ավելի լավ, բայց այստեղի մարդկանց հյուրընկալությունն այլ տեղում երբևէ չես տեսնի»,- ասում է Մաթիասը:
«Գերմանիայում միգուցե տեսնես նման բան, բայց եվրոպական մյուս երկրներում` հազիվ թե»,- հավելում է Կարլը:
Սատորի քառյակը հիմնադրվել է Թուրինում, 2008 թվականին և անմիջապես սկսել իր համերգային գործունեությունը: Այդ ժամանակվանից համագործակցել են տարբեր կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են` Վիոլետա Դինեսկուն, Բաբետե Կոբլենցը, Անդրեաս Զորգը և Մարթին Զադովսկին: Սկզբում չորս երաժիշտներն էլ միասին կիթառ են նվագել օրկեստրում: Հետո` ցանկացել են ինչ-որ նոր բան ստեղծել և որոշել են քառյակ` կվարտետ ստեղծել:
Սատորի քառյակը նվագում է դասական երաժշտություն: Ինչպես նշում է Միխայելը, իրենք նոր շեշտադրումներ են անում` միաձուլում են Վերածննդի և ժամանակակից երաժշտությունները: «Մենք աշխատում են մեր հանդիսատեսին հնարավորություն տալ նմանություններ գտնել երկու դարաշարջանների միջև»,- ասում է Միխայել Ցոյները:
Գերմանիայում ևս դժվար է գտնել հանդիսատես, որը կնախընտրի նման երաժշտություն, բայց կիթառահարներն ասում են, որ նվագում են սրտով: «Կապ չունի, թե քանի հոգի կունկնդրի, նույնիսկ եթե 10 հոգի լսի մեր երաժշտությունը, մենք նվագում ենք: Եվ մենք մտածում ենք, որ պետք է նվագենք: Եվ յուրաքանչյուր երաժիշտ պետք է կենտրոնանա իր արածի վրա ու չնայի, թե որքան հանդիսատես կա,- շարունակում է Միխայելը,- միգուցե մի օր հանդիսատեսը կսիրի մեր երաժշտությունը:
Կիթառահարը չի ժխտում, որ լավ կլիներ նաև փող աշխատել, բայց իրենք դեռ չեն շտապում, դեռ երկու տարի է` կազմել են խումբը, ծանոթություններ են ձեռք բերում, անվճար են նվագում, որպեսզի հանդիսատեսին հնարավորություն տան պարզապես երաժշտություն լսել: Միգուցե հաջորդ տարի նրանք որոշեն արդեն համերգ տալ ու տոմսեր վաճառել:
Սիրահարների այգում համերգի օրերին մեծ բազմություն չկար: Բայց Միխայելը հույս ունի, որ հանդիսատեսը հասկացավ իրենց երաժշտությունը, քանզի առանձին-առանձին տարբեր դարաշրջանների մեղեդիների համակցությունը նրանք փորձել են մատուցել մատչելի: «Մենք զգում էինք հադիսատեսին, երբ նվագում էինք, և մենք զգում էինք նաև, որ նրանց դուր է գալիս մեր երաժշտությունը»,- հավելում է Կարլը:
Դեպի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բրազիլիա նախատեսված համերգային ուղևորությունների հետ մեկտեղ նրանք ծրագրել են 2010 թ. վերջին թողարկել նոր ձայներիզ, որի մեջ կընդգրկվեն միայն ժամանակակից ստեղծագործություններ: Այսօր Սատորի քառյակը մեկնեց Հայաստանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել