Քույրը պնդում է, որ Զարուհուն ծեծելով են սպանել
«Մասիսի ոստիկանության բաժանմունքը շատ բաների վրա աչք է փակում, ասում են՝ կարևոր չէ, ասում ենք՝ բոլոր հարևանները ցուցմունք են գրել, որ սկեսուրն էլ է ծեծել, ասում են՝ դա կարևոր չէ։ Ինձ ուղղակի հետաքրքիր է` եթե դրանք կարևոր չեն, ի՞նչն է կարևոր»,- հարցնում է երեկ մահացած Զարուհի Պետրոսյանի քույրը՝ Հայաստան Պետրոսյանը։
Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նա հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետևանքով վայր է ընկել: Զարուհի Պետրոսյանը երեկ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել է: Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Զարուհին և քույրը երկկողմանի ծնողազուրկ են։ Մայրը հիվանդ է եղել, գնացել են Մոսկվա և ապրել քեռու տանը։ Մոր մահից հետո 3 տարի մնացել են Մոսկվայում և վերադարձել Հայաստան։ Բնակվել են Բյուրեղավանի Երեխաների խնամքի և պաշտպանության կետրոնում։ Հետո Զարուհին ամուսնացել է Յանիս Սարկիսովի հետ, ամուսնացել է նաև Հայաստանը։
Հայաստանը «Հետքին» պատմեց, որ քրոջ և ամուսնու ընտանիքի անդամների հարաբերությունները լավ չեն եղել, քրոջ ամուսինը և սկեսուրը մշտապես դաժանաբար ծեծել են նրան։ Մի քանի անգամ նույնիսկ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես են խոշտանգել քրոջը՝ «այն աստիճանի, որ քիթ ու բերանից արյուն էր թափվում, ուշաթափվում ընկնում էր, ծեծում էր, ջարդում էր»։ Ամուսինը ստիպել է Զարուհուն զանգել հարազատներին ու փող ուզել, որ մեքենա գնի։ Զարուհին հրաժարվել է, ինչի համար ծեծի է ենթարկվել։
Հայաստանի խոսքերով, Զարուհու ամուսինը նույնիսկ արգելել է երկու քույրերի շփումը, գաղտնի են հանդիպել, ու քույրը պատմել է, որ ամուսինն ու սկեսուրը ծեծում են իրեն։
«Մի երկու անգամ եղել է, որ քույրս եկել է մեր տուն՝ ամբողջ ջանը կապտուկների մեջ, մեջքի վրա հետքեր, ասում էինք՝ էս ինչ է, ասում էր՝ «սկեսուրս ժառովնիկով խփել է մեջքիս»»,- պատմում է Հայաստանը։
Այս տարվա գարնանը Զարուհին հեռացել է ամուսնու ընտանիքից և եկել քրոջ տուն։ 10 օր մնացել է այստեղ, սակայն ամուսինը եկել ու, ինչպես պատմում է Հայաստանը, «սաղ թաղի մեջ քարշ տալով` տարել, ծեծել», բայց հասցրել են հասնել և մեքենայից նրան ետ բերել։ Դրանից հետո ամուսինը անընդհատ զանգել ու սպառնացել է՝ եթե տուն չգնա, կգա քրոջ տան մեջ կսպանի թե Զարուհուն, թե քրոջ ընտանիքին։ Ի վերջո, ամուսինը եղբոր հետ եկել ներողություն է խնդրել ու տարել Զարուհուն։
«Քույրս էլ ուղղակի չէր ուզում, որ ոնց որ մենք ենք առանց ծնող մեծացել, իրա էրեխեն էլ տենց մեծանար, հելավ գնաց»,- հիշում է Հայաստանը։
Հետո 4 ամիս քույրերը միմյանց հետ կապ չեն ունեցել, միայն պապիկի մահվան ժամանակ Զարուհին զանգել ու տեղեկացրել է այդ մասին, իսկ երբ Հայաստանը քրոջը հարցրել է՝ «ո՞նց ես», միայն պատասխանել է՝ «առաջվա նման» և անջատել հեռախոսը։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի ծննդյան օրը, Զարուհին այցելել է նրան։ «Էդ շոգին` երկարաթև հագած, փակ վզով, սև նասկիներ հագած, որ ջանը չերևա: Շորը բարձրացրի, որ նվիրածս բլուզկան հագներ, ամբողջ ջանը կապտուկների մեջ էր։ Ասեց, որ սկեսուրն ու ամուսինն են էլի ծեծել»,- պատմում է Հայաստանը։
Հայաստանն ասում է, որ սկեսուրը չէր ուզում, որ իր քույրը իր տան հարսը լիներ, ամուսինն էլ մշտապես սպառնացել է, զանգել Հայաստանին ու ասել. «Ինքը անտեր չի՞, կուզեմ կսպանեմ, ինչ կուզեմ կանեմ, դուք մի խառնվեք, ձեր գործը չի»։
Հայաստանը նաև նշում է, որ հարևանները բազմիցս տեսել են, թե ինչպես է սկեսուրը կամ ամուսինը ծեծում քրոջը։ «Սկեսուրը շորը կոխել է բերանը, որ ձեն չհանի, ու էն աստիճանի են ծեծել, որ լյարդն ու փայծաղը օրգանիզմի մեջ տրաքել էին։ Երկու ժամ մահանալուց առաջ արյուն է ետ տվել։ Վերջում էլ, որ տեսել են` հարևանները ոստիկանություն են կանչել, փիլաքյաններից գլորել են, ասել են՝ ընկել ու մահացել է։ Փիլաքյաններն էլ 10 հատիկ են։ Հարցրել են՝ բա ինչի՞ ընկավ, ասել են՝ շոր էր ուզում քցեր, ընկավ»։ Երեկ Հայաստանին հարցաքննել են, և նա այս ամենի մասին պատմել է ոստիկանությանը ։
Հայաստանը չգիտեր, թե որտեղ է այժմ քրոջ մեկ տարեկան երեխան։ Զարուհին ամուսնու ընտանիքի հետ ապրել է Մասիսի հանրակացարաններից մեկի 2-րդ հարկում։ Հարևաններն ասել են, որ առավոտյան` ժամը 8-ին, ինչ-որ մեքենա է եկել, հավաքել քրոջ ու երեխայի իրերն ու տարել։
Հայաստանի տվյալներով` Զարուհու ամուսինը, սկեսուրը, տեգրը՝ Յանիս, Լիլիա և Ռենատ Սարկիսովները, ինչպես նաև Ռենատի կինը ձերբակալված են։
«Ես պիտի իմանամ՝ ինչից է մահացել իմ քույրը: Ոստիկանությունն ասում է, որ ոտը սայթաքել ընկել է: Ես մինչև վերջ պիտի գնամ, որ իմանամ»,- ասում է Հայաստանը։
Ոստիկանության լրատվության բաժնից փորձեցինք ճշտել Հայաստանի նշած փաստերի իսկությունը և մահացածի ամուսնու և հարազատների ձերբակալման փաստը, սակայն նրանց հեռախոսահամարներին պատասխանող չկա, հավանաբար ոչ աշխատանքային օրվա պատճառով։ Մանրամասները ճշտում ենք։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել