2013 թ.-ի հուլիսի 20-ից Հայաստանում կլինի միայն թվային հեռարձակում
Հուլիսի 20-ին նախատեսված հեռուստաընկերությունների մրցույթին լիցենզիա կստանան 18 հեռուստաընկերություններ` 9 հանրապետական եւ 9 մայրաքաղաքային: Հեռուստաընկերությունները պետք է ունենան թեմատիկ ուղղվածություն: 9 հանրապետական ՀԸ-ներից երկուսը պետք է լինեն հանրային` մեկը ընդհանուր, մյուսը` հոգեւոր-մշակութային ուղղվածության, եւս մեկ ՀԸ` ընդհանուր ուղղվածության եւ կոնկրետ տարածքի հետաքրքրությունները բավարարող, այսինքն` կոնկրետ մարզի կամ Երեւան քաղաքի: 5-ը պետք է լինեն մասնավոր հեռուստաընկերուրթյուններ` ընդհանուր ուղղվածության, մեկ ՀԸ կլինի վերահեռարձակող:
9 մայրաքաղաքայինից յուրաքանչյուրը համապատասխանաբար լինելու է երաժշտական, ժամանցային, երիտասարդական, գիտակրթական-ճանաչողական, միջազգային տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության, մնացած 4-ը կլինեն վերահեռարձակող հեռուստաընկերություններ: Ուղղվածություններն ընտրվել են միջազգային փորձից, ինչպես նաեւ հեռուստալսարանի մոնիտորինգի արդյունքներից:
«Մենք ունենք պատմություն, մենք ունենք մոնիտորինգ եւ ուսումնասիրություն, թե Երեւանում, մարզերում ինչ են նախընտրում, դրա վրա էլ կառուցվել է այս բաժանումը: Սա քարացած չէ, հետագայում կարող է վերանայվի, բայց սա այսօրվա հեռուստալսարանի պահաջն է, եւ մենք դրան ադեկվատ առաջարկ ենք տալիս»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
2010 թ.-ի հուլիսի 20-ին հեռուստաընկերությունների լիցենզիաների ստացման մրցույթը և վերոնշյալ փոփոխությունները կիրականանան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների (դեռեւես նախագիծ) համաձայն: Արա Պետրոսյանը նշում է, որ օրենքի փոփոխությունների ընդունումը բխում է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի անցման հայեցակարգից, որն արդեն քննարկվել է բոլոր շահագրգիռ շրջանակների կողմից և հավանության արժանացել: Իսկ թվայնացման ներդրումը Հայաստանի «Եվրոպական հարեւանություն» ծրագրով ստանձնած պարտավորությունն է:
Հեռուստաընկերությունների քանակը` 18-ը ընտրվել է` ելնելով տեխնիկական հնարավորություններից: Ավելին` միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական-աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանի հավաստմամբ, ստանդարտացված դաշտն է այդքան թույլ տալիս: «Այսօր դա ամենաարդարացված տարբերակն է»,- ասում է նա:
ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի իրավական հարցերով աշխատանքային խմբի անդամ Ռոզա Ստեփանյանը նշում է, որ օրենքը մշակելիս հաշվի են առնել միջազգային փորձը: Այն ներառում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքները: Ավելացել են դրույթներ, որոնք կարգավորում են թվային հեռարձակման անցումը:
Ներդրվելու է թվային հեռարձակման ցանց, որն ապահովելու է թվային հեռարձակումն Հայաստանի ողջ տարածքում: Ցանցն իրենից ներկայացվում է մուլտիպլեկսների եւ համապատասխան ենթակառուցվածքների համակարգ: Հեռարձակման ցանցը լինելու է Հայաստանի պետական սեփականությունը:
Փոփոխվել է ՀԸ-ների լիցենզավորման կարգը, այժմ նախատեսված է երկու կարգ: Հեռուստահեռարձակման լիցենզիա ստանալու համար իրականացվելու է մրցույթ, ինչպես եւ նախկինում այն իրականացնելու է Հեռուստատեսոթյան եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ): Կաբելային (մալուխային) հեռարձակողները լիցենզավորվելու են առանց մրցույթի:
Համաձայն հայեցակարգի` լիցենզիաների առաջին մրցույթից` այս տարվա հուլիսի 20-ից, սկսվում է թվային հեռարձակման անցումային ժամանակաշրջանը, որը կտեւի մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը: Ռադիոընկերությունները, որոնց լիցենզիան գործում է մինչեւ 2011 թվականի հունվարի 20-ը, կշարունակեն գործել եւ կարող են դիմել լիցենզիայի երկարաձգման համար: Այն կարող է երկարաձգվել հարգելի ժամկետով, որը, սակայն, չի կարող տեւել ավելին, քան 2013 թվականի հուլիսի 20-ը: 2013թ-ի հուլիսի 20-ից Հայաստանում այլեւս չի լինի անալոգային հեռարձակում: Այդ օրվանից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի թվային հեռարձակման:
2015 թվականից նախատեսված է մասնավոր թվային հեռարձակման ցանցի մուտք, որը հնարավորություն կտա ավելի շատ հեռուստաընկերություններ ընդգրկել թվային հեռարձակման դաշտ, սակայն սրա համար դեռեւս լիցենզավորման կարգ սահմանված չէ:
Օրենքի անցումային դրույթների համաձայն` տրամադրված լիցենզիաները սկսելու են գործել 2011 թվականից: Իսկ լիցենզիաների տրամադրման հաջորդ մրցույթը կանցկացվի միայն 10 տարի անց: Թվային հեռարձակման ոլորտի կարգավորման համար նախատեսված են նաեւ տույժեր` գրավոր նախազգուշացում, տուգանք եւ լիցենզիայի գործունեության դադարեցում:
Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության, լիցենզիա ստացած հեռուստաընկերությունը վճարելու են ինչպես տարեկան վճար, այնպես էլ մրցույթին մասնակցելու համար: Իսկ կաբելայինի դեպքում միայն տարեկան վճար է սահմանվելու:
Թվային համակարգի ներդրման ծրագիրը կազմում է մոտ 12 մլրդ դրամ: Այն հատկացվելու է վարկային անտոկոս միջազգային դոնոր երկրների աղբյուրների միջոցներից: Այժմ բանակցային փուլն է: Պետական բյուջեից դեռեւս գումարներ նախատեսված չեն: Սարքավորումներից մեծ մասը ձեռք են բերվում արտերկրից:
Մոտավոր հաշվարկներով հեռուստաընկերությունը թվային ֆորմատով արտադրանք ապահովելու համար առավելագույնը պետք է տրամադրի 300-400 հազար դոլար: Հաղթող ընկերությունները այդ գումարը կվճարեն որպես պետական տուրք` 10 տարվա ընթացքում: Գումարի չափը դեռ հստակ չէ, քանի որ գործընթացները չեն ավարտվել: Արա Պետրոսյանը վստահ է, որ դա մեծ բեռ չի լինի ՀԸ-ի համար. «Պետությունը, որն այս համակարգը ներդնում է, պետք է վերադարձելիություն ապահովի, 10 տարվա ընթացքում այդ հեռուստաընկեորւթյունները պետք է վերադարձնեն գումարը»:
Թվային հեռարձակումը` առաջին մուլտիպլեքսոր սոցիալական փաթեթը պետք է սփռվի հանրապետության ողջ տարածքով եւ ընդգրկի բնակչության 100 տոկոսը: Այն ենթադրում է 150 հազար սոցիալապես անապահով ընտանիքների թվային կցորդների տրամադրման գումարը նույնպես: Այսօր սովորական թվային ազդանշանի ընդունիչներն արժեն 30-40 դոլար:
«Ժողովրդական լեզվով ասած` տյուներ ամենահեռավոր ընտանիքին, այն վայրում, որտեղ կհասնի թվային համակարգը, բայց մարդն ի վիճակի չէ ունենալ այդ հեռուստատեսությունը, պետությունը նախատեսում է տալ այդ կցորդը` տյուները, որպեսզի ամենահեռավոր վայրում ցանկացած բնակչի համար ապահովվի հեռուստահասանելիությունը»,- նշում է Արա Պետրոսյանը:
Սիմոն Աղաջանյանն էլ հավելում է, որ հայեցակարգի մշակման եւ օրենքում կատարված փոփոխություններն արվել են` ելնելով Հայաստանի տեղային առանձնահատկություններից, որոնք են տարածաշրջանի կտրտվածությունը, լեռնային բնույթը, հարեւանների առկայությունը, տարածքի փոքրությունը, եւ տնտեսական, ինչպես նաեւ հաճախականության տիրույթում ունեցած հնարավորությունները:
«Այն գոտում, որը համարվում է Հայաստանի համար կարեւորագույն գոտիների մեկը` Արարատյան դաշտավայրը, որտեղ բնակվում է բնակչության 50 %-ից մի փոքր ավելին, ունենք հաճախությունների լուրջ սահմանափակումներ, եւ անմիջական հարեւանություն Ադրբեջանի, Թուրքիայի հետ»,- ասում է Սիմոն Աղաջանյանը:
Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից Հայաստանին 2006 թվականին տրամադրվել է 11 հաճախություն` 277 գոտու համար, որն ընդգրկում է հենց Արարատյան դաշտավայրը: Դրանց մի մասը համընկնում է անալոգային հեռարձակման համար տրամադրված հաճախությունների հետ, մի մասը` հարեւան երկրների այսօրվա անալոգային հաճախություններին, մի մասը սահմանափակվում է Արարատյան դաշտի ռելիեֆով:
«Այդ ամբողջ համախումբը ստեղծել է մի իրավիճակ, երբ մենք կարողանում ենք մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը կազմակերպել Արարատյան դաշտում զուգահեռ հեռարձակում 3 մուլտիպլեքսի ձեւով, յուրաքանչյուր մուլտիպլեքսում 6 հեռուստաալիք եւ 3 ռադիոալիք եւ մեկ հանրապետական սոցիալական փաթեթ համարվող համապետական առաջին մուլտիպլեքսը, որը բաղկացած կլինի 9 ծրագրից»,- մանրամասնում է տեխնիկական մասի ղեկավարը:
Արդյունքում, ըստ մասնագետի, 18 հեռուստաալիք կհեռարձակվի Արարատյան դաշտում եւ Երեւանում, 9 հեռուստաալիք, որոնցից 8-ը` Երեւանից հեռարձակվող եւ տեղում լրացուցիչ միացվում է մեկ մարզային ծրագիր: Հետագա սփռումը կատարվելու է ընդգրկված մարզային ծրագրով: Առաջին համապետական մուլտիպլեքսի մեջ կմտնի նաեւ4 ռադիոծրագիր, կլինեն նաեւ այլ թվային հնարավորություններ, ինչպիսիք են էլեկտրոնային ուղեցույցը, տելետեքստը եւ այլն: Սիմոն Աղաջանյանը վստահեցնում է, որ ընտրված լուծումներն ամենաարդիականն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել