HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզպետարանն արձագանքել է

Կոտայքի մարզպետարանն արձագանքել է «Հետքի» «Ժամանակավոր կացարանում երեխաները հոդացավ են ձեռք բերել» հոդվածին։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչ Մարինա Բադալյանը 400 դոլարով գյուղի իր տունը վաճառել է գյուղապետի եղբորը և այժմ իր երեխաների ու մոր հետ ապրում է ժամանակավոր վթարային կացարանում։ Մարզպետի՝ Կ. Շահգալդյանի ստորագրությամբ գրության մեջ նշված է, որ Մարինա Բադալյանի ընտանիքի սոցիալական խնդիրները պարբերաբար քննարկվել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նրանց հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցը մշտապես համարվել է օրակարգային։ «Համայնքային սեփականություն համարվող համապատասխան բնակարանային պայմաններ չունեցող Արտավազում, ցուցաբերելով բացառապես մարդասիրական մոտեցումներ, Բադալյանների անօթևան ընտանիքին տրամադրվել է ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին բնակվում են։ Անհրաժեշտ է ընդգծել, որ քաղաքացիների ընդունելության օրերին, ինչպես նաև գրավոր դիմումների շրջանակում նրա կողմից բարձրացված խնդիրները հնարավորության սահմաններում ստացել են որոշակի օժանդակություններ, ու Արտավազ համայնքի ղեկավարին ևս առաջարկվել է իրականացնել նմանատիպ նախաձեռնություններ»,- նշում է մարզպետը։ Ավելին, համաձայն դրա, Կոտայքի մարզպետարանը Մարինա Բադալյանին առաջարկել է բնակություն հաստատել Շիրակի մարզի Մարալիկ համայնքում գտնվող և բարվոք պայմաններ ունեցող Սոցիալական տանը, որից քաղաքացին հրաժարվել է՝ չընդունելով անգամ ընտանիքին տրամադրված 30 հազար դրամ ֆինանսական օգնությունը։ «Մեր ունեցած հնարավորությունների չափով արված առաջարկին բացասաբար վերաբերող Մարինա Բադալյանի կողմից ներկայացվում են որոշակի այլ խնդիրներ ու պահանջներ, որոնց բավարարումը տարածքային կառավարման ու տեղականա ինքնակառավարման մարմինների գործառույթների տիրույթում չեն»,-նշված է գրության մեջ։ «Ես  ոչ մի բան, բնակարանից բացի, ոչ մի բան իրենցից չեմ պահանջել։ Այդպիսի բան չկա, դա փաստացի սուտ է»,- մարզպետարանի վերջին մտքին արձագանքում է տիկին Մարինան։ «Հետք»-ի հետ զրույցում նա պատմեց, որ «Հետքի» հրապարակումից հետո և «Հետքի»՝ մարզպետից ստացած գրությունից ընդամենը երեք օր առաջ  իրեն հրավիրել են մարզպետարան, առաջարկել տեղափոխվել Մարալիկի Սոցիալական տանը, ինչպես նաև «մի քանի կոպեկ» օգնություն են խոստացել Մարինայի ընտանիքին: «Առաջին Սիբիրից գնամ երկրորդ Սիբի՞րը»,- հարցնում է Մարինա Բադալյանը։  Մարինան հրաժարվել է Մարալիկի կացարանից և «մի քանի կոպեկից»: «Շատ խոնավ ու ցուրտ տեղ է դա, ես խոնավության համար եմ ուզում դուրս գալ այս կացարանից, որ երեխեքիս այդտեղից հանեմ, նորից գնամ ընկնեմ այնտե՞ղ: Այստեղ երեխեքս սովորում են դպրոցում, մեկ էլ վերցնեմ տանեմ Մարալիկ»,- ասում է տիկին Մարինան։ Մարինան պատմեց նաև, որ դրանից հետո գյուղապետն է իր հետ զրուցել, խոստացել է գյուղում տեղավորել և տնամերձ հողամաս տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter