
Արգենտինահայ Կարոլինի վերնաշապիկին գրված է՝ «թուրքական կառավարությունն է սպանել»։ Կարոլինն այսօր առաջին անգամ է Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իր վերնաշապիկի գրությունը նա պարզաբանում է այս կերպ. «Թուրք ժողովուրդը մեղավոր չէ կատարվածի համար, այն իրագործել է թուրքական կառավարությունը»։
Կարոլինը իր ամուսնու՝ Ալեքսի և ընկերուհու՝ Վերոնիկայի հետ է եկել Հայաստան։ Ամեն տարի նրանք ապրիլի 24-ին Արգենտինայում հիշատակում են 1915 թվականի նահատակներին, բայց միշտ ցանկացել են Հայաստանում լինել այդ օրը. «Զորավոր է, շատ հուզիչ»,- ասում է Կարոլինը։
«Արգենտինայում ժողովուրդը ոգով հայ է, տարբեր կազմակերպություններ միասին ծաղկեփունջ կդնեն Սամարտինի հուշակոթողի մոտ, ամեն տարի պատարագ է մատուցվում։ Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, աննկարագրելի է»,- շարունակում է Կարոլինը։ Ավելին, Կարոլինն այստեղ է հասկացել, որ միևնույն զգացումն է Սփյուռքի և Հայաստանի հայերին միացնողը։

Վերոնիկան երգչուհի է, երգում է հայկական ժողովրդական երգեր։ Վերոնիկայի տատն ու պապը Արևմտյան Հայաստանից են, Ցեղասպանության ժամանակ գաղթել են սկզբից Հունաստան, այնուհետև՝ Արգենտինա։ «Մեծ հայրիկիս մայրիկը Քոնիայում է ապրել, Քոնիայի ղեկավարը բարի մարդ է եղել, ահագին պահել է նրանց, բայց հետո ասել է, որ այլևս չի կարող թաքցնել նրան, մեծ հայրիկիս մայրիկը ամեն ինչ թողել է և հեռացել»,- հիշում է Վալերիան։
Վալերիայի պապն ու տատը վերապրել են 1915թ-ի կոտորածները։ Սակայն պապը կորցրել է իր հորը և 7 տարի անց նորից գտել։ Նրանց պատմածները Վերոնիկայի մեջ ծանր զգացումներ են սերմանել։ Վերոնիկան դժվարանում է այդ զգացմունքը «ատելություն» անվանել, բայց ասում է, որ «թուրքեր սև մարդիկ են մեզ համար»։
«Մեզ մոտ շատ վատ զգացումներ են առաջանում, որովհետև այդ ցավը սրտիս մեջ է, շատ դժվար է»,- այս ամենը պատմելիս Վերոնիկան արտասվեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել