HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում խոստանում են հասնել Եվրադատարան

Եթե գազի սակագինը չվերանայվի «Դատարանից ահա այսպիսի որոշումներ ստանալով, շատ քաղաքացիներ մատնվել են խուճապի և հուսալքվել են` մտածելով, թե իրենց հայցը մերժվել է,- ցույց տալով ՀՀ Վարչական դատարանի որոշումը` հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը,- ուզում ենք տեղեկացնել, որ սա ընդամենը որոշում է դատաքննության ընթացակարգի վերաբերյալ, որը բողոքարկվելու է: Դատարանը մեր ներկայացրած երեք պահանջից երկուսը մերժել է և միայն մեկն է ընդունել վարույթ: Այս առնչությամբ ևս մեր իրավաբաններն աշխատում են պատասխան գործողությունների վրա»: Գազի գնի անհիմն բարձրացման հետ կապված 7 հազար քաղաքացի և ՀԱԿ-ը դիմել էր ՀՀ Վարչական դատարան` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին թիվ 54-ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Միայն Շիրակի մարզում հայցվորների թիվը հասնում է 1900-ի, որից 1300-ը Գյումրիի բնակիչներ են: Բոլոր հայցվորները նույն օրը ստացել էին Վարչական դատարանի ապրիլի 13-ին կայացրած որոշումը, որով վարույթ է ընդունվել թիվ 54-ն որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը, սակայն մերժել է այն բանավոր ընթացակարգով քննելու պահանջը: ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենյակում կազմակերպված մամլո ասուլիսին մասնակցում էին նաև ՀԱԿ-ի իրավական աջակցության ծառայության իրավաբան Արմեն Խաչատրյանը և փաստաբան Վահե Հովսեփյանը: Վերջիններս էլ հավաստիացրին, որ իրենք բողոքարկելու են գրավոր ընթացակարգով դատավարության դեմ և հասնելու են նրան, որ դատական լսումները լինեն բանավոր, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան դրան մասնակցելու: Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանն առավել կարևորեց բուն գործընթացը` նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ հասարակ քաղաքացին տեր է կանգնում իր իրավունքներին: «Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ 50-60 հազար քաղաքացի որոշեց պաշտպանել ոտնահարված իր իրավունքները,- նկատեց իրավաբան Արմեն Խաչատրյանը,- «ՀայՌուսգազարդը» չի շարժվել ՀՀ քաղաքացիների շահերով և բարձրացնելով սակագները` հետապնդել է գերշահույթ: Սա հասկանալով ահա այսքան մարդ որոշել է տեր կանգնել իր իրավունքին, և նրանցից 7 հազարը հանդիսանում են համահայցվոր այս գործում»: Փաստաբան Վահե Հովսեփյանն էլ ասաց, որ իրենք, եթե պետք է, կանցնեն բոլոր ատյաններով, ընդհուպ կհասնեն Եվրադատարան. «Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի մենք արդարության հասնենք մեր երկրում, բայց եթե չստացվի, բնականաբար, պիտի դիմենք Եվրադատարան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter