
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքով`հայ-թուրքական հարաբերությունների մինչ օրս տևած ողջ ընթացքը կարելի է նախապատրաստական փուլ համարել: «Մենք գտնվում ենք մի մեծ փուլի ավարտին կամ էլ երկարաժամկետ փուլի սկզբում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը: Նրա խոսքերով` հիմա Հայաստանը կանգնած է ճամփաբաժանի առաջ. կա'մ շատ կարճ ժամանակում Թուրքիան պետք է ապացուցի, որ պատրաստ է վավերացնել արձանագրությունները` առանց որևէ նախապայմանի, կա'մ գնալու է ձգձգումների: Վերջին դեպքում Գագիկ Մինասյանը չբացառեց հայակական կոմղի` բանակցություններից դուրս գալու հնարավորությունը:
Արդեն նախորդ համարվող փուլում պատգամավորը երկու կարևոր ձեռքբերում նշեց. Հայաստանն ապացուցել է, որ ակտիվ քաղաքական գործոն է տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանից դուրս: Այս ողջ ընթացքում նախաձեռնել է մի գործընթաց, որն էապես կարող էր բարեփոխել տարածաշրջանի քաղաքական խճանկարը: «Մեր ակտիվ քաղաքականությունը, որը բխում էր մեր պետական շահերից, ուղղակի գտնվում էր միջազգային քաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում և համահունչ էր նրանց կողմից նախաձեռնող և ակնկալվող քաղաքական գործընթացներին»,-կարծում է Գագիկ Մինասյանը և նշում, որ արդյունքում Հայաստանը ձեռք է բերել մեծ քաղաքական կշիռ, լավ հարաբերություններ և Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների հետ, հատկապես Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ:
Բանախոսը նաև կարևորեց Հայաստանի քաղաքական վարկանիշի բարձրացումը և համանխագահող երկրների մոտ պահվածքի` որպես խոսքի ու գործի պետության ու իր երկրի քաղաքական խնդիրները և ազգային շահերը երբեք չզիջող վարկի ձեռքբերումը:
Երկրորդ ձեռքբերումը, ըստ պատգամավորի, արձանագրումն էր այն մեծ առաջընթացի, որ Հայաստանը ձեռք է բերել ցեղասպանության ճանաչման հարցում. Հյուսիսային Ամերիկայից սկսած մինչև եվրոպական երկրներ, և հատկապես Թուրքիայում ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ տեղի են ունեցել աննախադեպ բաց քննարկումներ:
«Պետական լրատվական միջոցներով խոսում են այդ մասին, քաղաքական, հասարակական գործիչները ստորագրում են այդ փաստի իրականության տակ: Սկիզբ դրվեց մի գործընթացի, որն արագ կամ դանդաղ գալու է մի իրավիճակի, որ Թուրքիայում վերանալու են տաբուն` ցեղասպանության նկատմամբ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել