
Ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը «Արաբո» ջոկատի հրամանատարն է և հանրությանն ավելի շատ հայտնի է Արաբոյի Մանվել անունով: Այսօր նա «Ազդակ» ակումբի հյուրն էր: Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նախագահ Սարգսյանի երեկվա այն հայտարարությանը, թե մոտ ապագայում պատերազմի վերսկսման վտանգ չկա, բանախոսը նկատեց, թե միայն առաջին հայացքից է այդպես թվում:
«Եթե կան մարդիկ, որոնք հաշտվել են առանց Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման ինչ-որ շրջաններ զիջել, մենք դրա հետ չենք հաշտվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի: Պարզ ասում ենք` մինչև Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, ոչ ոք իրավունք չունի մի թիզ հող զիջել»,- ասում է Արաբոյի Մանվելը:
Ըստ նրա` Հայաստանի նախագահը կամ արտգործնախարարը պետք է միայն հայտարարեն, որ ադրբեջանցիների հետ խոսելիք չունեն, քանզի վերջիններս պահանջում են իրենց տալ հայկական ուժերի ազատագրած 5 շրջանները` փոխարենն անորոշ թողնելով Արցախի կարգավիճակի հարցը: «Դա մեզ ձեռք չի տալիս: Դա նշանակում է, որ մենք կարող է ինքնուրույն կռիվ սկսենք Ադրբեջանի դեմ` հաշվի չառնելով մեր հանրապետության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Մենք Ղարաբաղը չենք տալու. մենք կռվելու ենք»,- ասում է բանախոսը և ընդգծում, որ Ղարաբաղը կարող է լինել կամ անկախ, կամ էլ Հայաստանի կազմում: Իսկ այդ կարգավիճակը ստանալուց հետո, Եղիազարյանի խոսքերով, Ադրբեջանի հետ կքննարկենք մյուս խնդիրները, այդ թվում` Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի և Նախիջևանի:
Արաբոյի Մանվելը հիշեցնում է, որ «հայրենիքն ուզում են ոչ թե լացելով կամ դողդողալով, այլ թրի պոչից ամուր բռնած: Եկեք Երևանն էլ տանք, ժողովուրդ ջան: Կասենք` թուրքերն էլ մեր ախպերներն են. Մուստաֆան, բանը կգան, միասին կապրենք: Չկա նման բան»,- ասում է նա և հավելում, որ թեև վերգոները միշտ ու ամեն տեղ եղել են, սակայն վախենալ ամենևին պետք չէ: Ադրբեջանի հոխորտանքներն ու ռազմատենչ հայտարարությունները Մանվել Եզիազարյանը համարում է դիվանագիտական շոու, որը, սակայն, ունենում է նաև հոգեբանական ազդեցություն:
«Եթե բոլորս հավցաքվենք ու մի հատ նորմալ մարդու անընդհատ ասենք` դու խելագար ես, էդ մարդը կխելագարվի: Մեզ այնքան են ասում` պատերազմ, պատերազմ, որ խեղճ երեխեքը վախնում են: Վախենալու բան չկա. բոլորս պատերազմ չենք գնալու: Կռվելու ենք մի 30-40 հազարով. պատերազմը թող մնա մեր ուսերին: Մենք էդ կռիվը կհաղթենք»,- վստահեցնում է Մ. Եղիազարյանը:
Նա նշում է, որ անհրաժաշտության դեպքում կարող է նույնիսկ եռակի, քառակի շատ կամավորներ հավաքել, քան 1989 թվականին: «Եթե ես 10 հազար կամ ավելի շատ մարդ չհավաքեմ, անունս փոխելու եմ Իբրահիմ»,- ասում է Արաբոյի Մանվելը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը, բանախոսը նշում է, թե զարմանում է «Եվրամիության և մյուս միությունների վրա», որոնք «նույն մարդասպանին, ով ոչնչացրել է մի ամբողջ ժողովուրդ, իրավունք են տալիս քիթը խոթել Ղարաբաղի հարցում»: Իսկ Հայկական կողմի համար, ըստ Մանվել Եղիազարյանի, ամոթաբեր է Թուրքիայի հետ հարաբերվելը:
«Թուրքերին էլ ուզում եմ ասել` եղբայր, ում որ տեսնում եք ձեր հետ բանակցություններում, մենակ նրանք չեն հայերը. մենք էլ ենք հայեր: Եվ մենք ցեղասպանությունը չենք մոռացել»,- նշում է Արաբոյի Մանվելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել