Սամվել Ալեքսանյանի նոր սուպերմարկետը` ծառերի հաշվին
Կոմիտաս 58 հասցեի հարևանությամբ գտնվող տարածքում մի քանի օր է` ծառեր են հատվում: Տարածքը ցանկապատված է, իսկ ներսում շինարարական աշխատանքներ են ընթանում: Այնտեղ աշխատող բանվորները պատմեցին, որ տարածքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ այդտեղ կառուցվելու է նոր` «Yerevan City» սուպերմարկետ, դրա համար տարածքը «մաքրվում է»:
Ծառեր են հատվել նաև Կոմիտաս 60 շենքի մոտ: «Հետքին» ահազանգող ականատեսները նշում են, որ ծառերը հատողները կրել են «CPS» գրությամբ հագուստներ: «CPS»-ը նույն տարածքում գործող բենզալցակայանն է, որը նույնպես պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Բենզալցակայանի աշխատակիցներից տեղեկացանք, որ լցակայանը շուտով պետք է քանդեն կամ տեղափոխեն:
Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը «Հետքին» ասաց, որ իրենք տեղյակ չեն այդ ծառահատման մասին:
«Եթե ծառերը հատողները քաղաքապետարանից լինեին, ես Ձեզ հենց հիմա կպատասխանեի: Մեզնից ոչ մի թույլտվություն չի տրվել: Կդիմենք բնապահպանական տեսչությանը»,- ասաց Սուրեն Մաքսապետյանը և խոստացավ օրվա վերջ մանրամասներ ներկայացնել:
Հարցին, թե հնարավոր է, որ առանց տեղեկացնելու էտեին Կոմիտասի 60 շենքի մայթի այդ ծառերը, Սուրեն Մաքսատերյանը պատասխանեց, որ դա ապօրինություն է, և անպայման պետք է տեղեկացնեին իրենց: Բնապահպանական պետական տեսչությունը ևս տեղյակ չէր, թե ինչու են հատվել այդ ծառերը:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել