HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենացավոտը մեր ճանապարհի հարցն է»

Լոռու մարզի Քարինջ գյուղի գյուղացիները չգիտեն` իրենց գյուղի տարիներ շարունակ չլուծվող հիմնախնդիրների համար ում մեղադրել: Այս պահին Քարինջում գյուղացիներին մտահոգում է գյուղում կրկին բռնկված խոզերի ժանտախտը: «Գյուղում խոզերի հիվանդություն կա, բայց ի՞նչ իմանանք` ժանտա՞խտ ա, թե՞ ինչ: Խոզերի անկում եղել ա, բայց չեմ կարող ասել` որքան: Սատկեցին էլ, մորթեցին էլ»,- ասաց գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արամ Եղինյանը: Ուսուցչուհի Մանուշակ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քարինջում կան բնագավառներ, որտեղ առաջընթաց կա, իսկ որոշ բնագավառներում վիճակը ծանր է: «Օրինակ` գյուղը երկար տարիներ մանկապարտեզ չի ունեցել, անցյալ տարվանից արդեն ունենք մանկապարտեզ: Է~, ամենացավոտը մեր ճանապարհի հարցն է»,- ասաց Մանուշակը: Քարինջի նոր մանկապարտեզը մեկ տարի առաջ տեղակայվել է գյուղի դպրոցի հին շենքում, քանի որ մանկապարտեզի նախկին տիպային շենքը թալանվել է, իսկ թալանված շենքի բակում թափված գոմաղբը փաստում էր, որ այն ներկայումս անասունների համար որպես գոմ է ծառայում: Գյուղում ասացին, որ մանկապարտեզի շենքում անասուն պահելը թույլատրել է Քարինջի նախորդ համայնքապետը: Ռազմագիտության ուսուցիչ Ատոմ Սարգսյանը հավատացած էր, որ այս տարի լուծվելու է գյուղի ճանապարհի վերանորոգման խնդիրը: «Մեր իմացածով` այս տարվա պետական ծրագրերում պետք ա մեր ճանապարհի վերանորոգումը մտցված լինի»,- ասաց նա: Մարտի 9-ին քարինջցիների հետ հանդիպման եկած Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը գյուղացիներին չի հայտնել, որ Ձաղիձոր-Աթան ճանապարհի վերանորոգումը, որից օգտվում են նաեւ Քարինջի գյուղացիները, 2010 թ. պետական ծրագրերում չի ներառվել: Այդ մասին նա հայտնել էր փետրվարի 9-ին կայացած մարզխորհրդի նիստում` իր տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ: Փոխարենը, ինչպես մեզ տեղեկացրին գյուղացիները, նա քարինջցիներին խոստացել է դեպի Քարինջ գյուղ բարձրացող ճանապարհի վիճակի մասին տեղեկացնել տրանսպորտի նախարարին, որպեսզի վերջինս գա, ճանապարհները տեղում նայի: Քարինջի դպրոցի տնօրեն Վանիչկա Պետրոսյանը պատմեց, որ դպրոցի շենքը 2004 թ. ձմռանը վերանորոգվել է Հայ կրթական հիմնարկության օժանդակությամբ: Նա տեղյակ չէր, թե որքան գումար է ծախսվել: «Հիմնականում լուսամուտների, մանրահատակի եւ պատերի կոսմետիկ վերանորոգում է արվել»,- ասաց տնօրենը: Դպրոցի շենքի ներսում շրջելիս նկատում ես, թե ինչ խնամքով է այն պահպանվում: Դրա վկայությունն էին ծաղիկներով լի մաքուր դասասենյակներն ու աշակերտական նստարանները: Վանիչկա Պետրոսյանը հպարտանում է, որ իր ղեկավարած դպրոցի պատուհանների վրա տարածաշրջանի շատ դպրոցների նման «ցելոֆաններ» չեն քաշված: Դպրոցում սովորում է 108 աշակերտ: «Առաջին դասարանում 14 աշակերտ է սովորում, 11-րդ դասարանում` 3, 10-րդ դասարանում ունենք 16 աշակերտ, 4-րդ դասարան չունենք: Մեր մանկավարժական կոլեկտիվի 17 ուսուցիչներն էլ ունեն բարձրագույն կրթություն»,-հայտնեց տնօրենը: Վերջինիս հարցրինք նաեւ գյուղում բռնկված խոզերի ժանտախտի մասին: «Մարզպետը մարտի 9-ին գյուղի բնակիչների հետ հանդիպման էր, բերել էր նաեւ մարզի գլխավոր անասնաբույժին, որը ժողովրդին խորհուրդ տվեց, որ առայժմ խոզերը դուրս չանեն գոմերից, խտացված կեր օգտագործեն մի երկու օր, մինչեւ տեսնեն, թե ինչ է կատարվում»,- ասաց Վանիչկա Պետրոսյանը: Քարինջի հիմնախնդիրների մասին զրուցեցինք նաեւ գյուղամիջում հավաքված գյուղացիների հետ: Զրույցը ծավալվեց գյուղ եկող ճանապարհի շուրջ. «1982 թ. է կառուցվել ճանապարհը ու մինչ օրս ոչ մի անգամ չի վերանորոգվել: 1981 թ. սեպտեմբերի 26-ին «Մարց-Ձաղիձոր» ճանապարհահատվածին ժայռերից գահավիժած քարերի հետեւանքով ճանապարհով գնացող ավտոմեքենայի մեջ մեր գյուղից մի ամբողջ ընտանիք է զոհվել: Մարց գյուղից էլ նույն կերպ մի ընտանիք էր զոհվել, ավտոմեքենային նորից քարն էր խփել»,- ասաց Մայիս Մկրտումյանը: «Մեր գյուղում, այո, ժանտախտն արդեն սկսվել ա, էդ մասին ահազանգվել ա, բայց ահազանգելով ոչ մի բան չի ստացվում»,- տեղեկացրեց Համլետ Մխիթարյանը եւ հավելեց, որ այդուամենայնիվ գյուղի ամենահրատապ խնդիրը համարում է ճանապարհի հարցը: «Ես մի անգամ հեռուստացույցով լսել եմ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի բացատրությունը մեր ճանապարհի մասին, ասաց, որ մինչեւ Մարցի տակից Ձաղիձոր գնացող ճանապարհին հարող Մարց գետի վրայի հէկը չկառուցվի, մեր ճանապարհի խնդիրը չի լուծվելու: Ու ճանապարհի 40 տոկոսը իրենք քանդեցին հէկի համար, քանդեցին ու էդպես էլ ճանապարհի էդ հատվածը մնաց անանցանելի: Էս չեն վերանորոգում, թող վերանորոգեն մեր 2-րդ` Դսեղ-Մարց-Քարինջ ճանապարհը»,- ասում է Մայիս Մկրտումյանը: «Ճամփեն մտքիցդ հանի: Ասեմ, թե ընչի: Ցավը բռնած կնգանը որ հիվանդանոց են տանըմ, ճամփիցը ետ են բերում, իսկ որ տանեն հիվանդանոց, ընդի էլ փող են ուզում: Էնա մեր հղի կնանոցը հլե էդ լադոկները տալիս են, երեխեն ծնվում ա: Ճամփեն մտքիցդ հանի,- ճանապարհի խնդրին իր մեկնաբանությունը տվեց Լեւոն Մկրտումյանը ու շարունակեց,- մեր գեղի ջրի խողովակները, 63 տարեկան եմ, չեմ հիշում, թե երբ են փոխել: Մեկ: Տրուբեքը 90 տոկոսով փտած են, եթե հնարավորություն ունեք, էդ մասին էլ գրեք: Ակումբ չունենք երիտասարդության համար` երկու, գեղի ժամը վերանորոգելու է` էդ էլ երեք: Էլ ո՞րն ասեմ: Գազը բերել են գեղամեջը հասցրել` տեր կանգնող չկա, որ տները հասցնենք»: Գյուղացիները մեր ուշադրությունը հրավիրեցին գյուղի էլեկտրականության լարերը պահող հենասյուների վրա: «Ստոլբեքը թեքված վեր են ընկնում, վթարի ժամանակ մի էլեկտրիկ էլ ա ռիսկ չի անում դրանց վրա բարձրանա»,- ասաց գյուղամիջում կանգնածներից մեկը: Քարինջի համայնքապետ Նորիկ Մկրտումյանն ասաց, որ վթարային վիճակում հայտնված էլեկտրասյուների վիճակի մասին Թումանյանի էլցանցի տնօրինությանը հայտնել է դեռեւս 2009 թ. օգոստոսին: Քարինջն ունի 99 հա վարելահող, ըստ համայնքապետի` սեփականաշնորհումից հետո ընդամենը 1-2 տարի են մշակել գյուղացիները: Գյուղն ունի ընդամենը 450 խոշոր եղջերավոր անասուններ եւ 707 հա խոտհարք: «Վարելահողերը լրիվ դարձել են խոտհարքներ: Գյուղացիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գյուղում քարի 4 արտադրամաս կա, 4 խանութ, այլ փոքր ձեռնարկություններ չունենք»,- ասաց համայնքապետը: Նրան խնդրեցինք նախ ներկայացնել խոզերի ժանտախտի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ժանտախտն այսօր հիմնավորված, փաստացի մասնագետների եզրակացությամբ` չկա, չումա է եղել, մեր սովորական չուման, վակցինան բերվել ա, վարակված է եղել 4 ընտանիքի` երեւի մի 10-12 գլուխ խոզ: Անկում չի եղել, հիվանդ խոզերը մորթվել են եւ օգտագործվել»: «Չուման որպես առանձին հիվանդություն գոյություն չունի: Կա ժանտախտ` աֆրիկյան եւ դասական: Չուման դասական ժանտախտի դրսեւորումն է»,- ասաց քարինջցի Կորյուն Մխիթարյանը: Ուշ երեկոյան գյուղից հեռանալիս իր տան դռան մոտ կանգնած քարինջցի տիկին Ալվարդին հեռվից, գրեթե գոռալով, հարցրի` հո հիվանդ խոզ չունե՞ս, նա էլ գոռալով պատասխանեց. «Մի մերուն ունեմ, էսա ծնելու ա, տունարած եմ պահում, մի քանի տարի առաջ 20 խոզ եմ ունեցել, որը սատկեց` փոսը լցրինք, կոպեկ էլ չենք ստացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter