HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գերակա շահ ճանաչված հասցեի տան գործը կքննվի այսօր

Այսօր` ժամը 14:00-ին, Վարչական դատարանում կքննվի Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցը, որով նրանք պահանջել են սեփականաշնորհել մոտ 60 քմ ինքնակամ կառույցը: Նրանց տան տարածքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: Սակայն ընտանիքը ցանկանում է սեփականաշնորհել տունը, որպեսզի այն իրացնելու դեպքում համարժեք փոխհատուցում ստանա կառուցապատողից: Նշենք, որ ըստ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` ինքնակամ 60 քմ կառույցը պետք է սեփականաշնորհվի, քանի որ մինչեւ 300 քմ սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը եւ/կամ դրանց վրա կառուցված բնակելի տները եւ/կամ բնակելի նշանակության օժանդակ շինությունները` ներառյալ բացառիկ գերակա շահ ճանաչված տարածքներում, համարվում են այն ֆիզիկական անձի սեփականությունը, որի սեփականությունը համարվող հողամասին կից է արվել օգտագործվող հողամասը: «Եթե Աբրահամյանները 98-ին ունեցել են սեփականություն, ապա դրա կողքի ինքնակամ շինության նկատմամբ այս օրենքի ուժով ճանաչվելու է իրենց սեփականության իրավունքը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աբրահամյանների փաստաբան Էդգար Բադեյանը: Հիշեցնենք, որ Աբրահամյաններին պատկանող Բուզանդ 83 հասցեի մեկ այլ տուն արդեն քանդվել է, քանի որ վերջինիս վերաբերյալ կար դատարանի որոշում: Իսկ ինքնակամ կառույցի վերաբերյալ Աբրահամյանները պայմանագիր չեն կնքել Հայկ Բեգլարյանի հետ եւ դա հավանաբար կանեն այն սեփականաշնորհելուց հետո: Ընտանիքը պահանջում է համարժեք փոխհատուցում: «Հայկ Բեգլարյանն ուզում է այս տարածքի վրա բարձրահարկ շենք կառուցել, մեր տան հաշվին գերշահույթ է ստանալու, դե ուրեմն թող բարի լինի ապահովել մեզ բնակարանով,- «Հետքին» ասել է Բուզանդ 83 հասցեում բնակվող Նունե Համբարձումյանը,- մենք նրան կենտրոնի տարածք ենք տալիս, որքան էլ այն վատ վիճակում գտնվի, սա մեր միակ տունն է, թող ապահովեն մեզ բնակարանով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter