Ստեփանակերտ. ընտրություններից առաջ
Արցախում սեպտեմբեի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ օրերս Արցախի «Նոր էջ» անկախ թերթը հարցախույզ էր անցկացրել Ստեփանակերտում: Ինչպես հայտնի է, հարցման վերջնական արդյունքները թվեր են լինում, որոնց հիման վրա վերլուծություն են կատարում: Սակայն ամեն մի հարցված իրեն յուրահատուկ մոտեցումներով առաջնորդվելով է ընտրում առաջադրված այս կամ այն պատասխանը: Քանի որ Ստեփանակերտի համայնքի ղեկավարի ընտրություններն ավելի շատ հետաքրքրություն են իրենց մեջ պարունակում, քան ավագանու ընտրությունները, այդ իսկ պատճառով հարցաթերթիկի բոլոր երեք հարցերը, բացառությամբ «Դուք մասնակցելու՞ եք ընտրություններին», վերաբերում էին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներին:
Ստեփանակերտի համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդները երեքն են` Սուրեն Գրիգորյանը, Մարատ Հասրաթյանը և Էդուարդ Աղաբեկյանը: Մենք ոչ մի հարցվողից մեկնաբանություն չենք պահանջել, բայց կային այնպիսիք, ովքեր ցանկացան հայտնել իրենց կարծիքը։ Ստորև ներկայացնում ենք առավել հետաքրքիրները։
Կրպակի սեփանականատեր - Ես մասնակցելու եմ ընտրություններին: Սուրեն Գրիգորյանին եմ ձայն տալու։ Նա առաջ իմ քարտուղարն է եղել, լավ աշխատող է, համ էլ ծանոթ մարդ է, ինչո՞ւ պիտի ուրիշին ձայն տամ: Միայն Սուրեն Գրիգորյանին:
Զինծառայող - Սուրեն Գրիգորյանին կյանքում ձայն չեմ տա, տարիներ առաջ նա, չիմանալով իրականությունը, ինձ դասալիք «հանեց»:
Երիտասարդ կին զինծառայող - Չգիտեմ ում ընտրել, մեզ դեռ չեն ասել:
Աղքատիկ շորերով, բայց մտավորականի տեսքով քաղաքացի - Սուտ է ամեն ինչ, արդեն որոշված է: Ոչ մեկին էլ չեմ ընտրելու, առավելևս` Սուրեն Գրիգորյանին: Դղյակներ է կառուցել…
Երաժշտական ուսումնարանի ուսուցչուհի - Դեռ չեմ որոշել, բայց Սուրեն Գրիգորյանին հաստատ չեմ ընտրելու: Բավական է, նա արդեն հարուստ է:
Միջնակարգ դպրոցի ուսուցչուհի - Երևի Էդիկ Աղաբեկյանին, մենակ նրան եմ ճանաչում:
Խանութի հավաքարարուհի - Վեչ մինին... Թող ռադ ինին...
Վաճառողուհի - Իմ տեղ հինչ օզումս նշե, ինձ հետե մին ա:
Թոշակառու մի մարդ և նրա երկու որդիները - Անունը ո՞նց է… հա, Մարատին: Ես աղավնի եմ պահում, նրա ծանոթը երեկ ինձ աղավնի տվեց ու ասաց, որ Մարատը լավ տղա է, երիտասարդ տղա, բանվորական ընտանիքից, ընդհանրապես կաշառք չի վերցնում... Մարատին եմ ձայն տալու:
Թոշակառուի կրտսեր որդին - Ոչ մեկին։ Տես, տարածքները թանկացրել են: Ասում են, իբր մենք տարածքները կէժանացնենք: Ասա դուք ի՞նչ եք ձեզանից ներկայացնում, որ մի հատ էլ տարածքները էժանացնեք: Ոչ մեկին:
Թոշակառուի ավագ որդին - Ոչ մեկին: Մի 150 հազար դրամ պարտք ունեմ, ով պարքտս փակի, նրան էլ ձայն կտամ: 100 հազարով էլ ձայն կտամ: Հլը մի քանի ձայն կտամ… դե մարդկանց կասեմ, նրանք ձայն կտան իրեն: Էդ Մարատն էլ ջահել տղա է, զոռով դեպուտատ են դրել, հիմա էլ ուզում ա քաղաքապետ դառնա՞… Ոչ մեկին։
Հարցումների համաձայն՝ եթե ընտրությունները տեղի ունենան մոտակա օրերին, ապա հաղթելու մեծ հնարավորություն ունի Արցախի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը, որի թեկնածությունը պաշտպանել է հարցվածների 27.5 տոկոսը: Երկրորդ տեղում 2004-2008 թթ. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Աղաբեկյանն է՝ 17.5 տոկոս: Երիտասարդ թեկնածու Մարատ Հասրաթյանի թեկնածությունը պաշտպանել է հարցվածների 7.5 տոկոսը:
Հայկ Ղազարյան
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել