
Ինչով պայմանավորված էլ այսօր Փաստաբանների պալատում ասուլիս էին հրավիրել Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը և փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրանք ահազանգում են, որ պատկան մարմինները, մասնավորապես ոստիկանությունը փորձում է «քիթը խոթել» փաստաբան-վստահորդ հարաբերությունների դաշտ:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ Դելեյանը` հենվելով «Առգրավում կատարելու մասին» իր կայացրած որոշման վրա, փորձել էր «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ գրասենյակից առգրավել Արա Զոհրաբյանի համակարգիչը և տպիչը: Վերջինս դա բացատրել է նրանով, որ Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում պետք է ճշտի, թե փաստաբան Զոհրաբյանն իր կազմած իրավաբանական բնույթի փաստաթուղթը կոնկրետ երբ է կազմել ու տպել:
Արա Զոհրաբյանի համաձայնությամբ համակարգչի մեջ համապատասխան ֆայլը զննվել է (ներառյալ դրա կազմման ժամանակագրությունը) և տպվելուց հետո հանձնվել քննիչին, սակայն փաստաբանը հրաժարվել է քննիչին տրամադրել համակարգիչը և թույլ է տվել առգրավվել միայն տպիչը:
«Հենց միայն «վստահորդ» բառն ասում է այն մասին, որ տվյալ անձը` իրավաբանական կամ ֆիզիկական, վստահել է իր գործը փաստաբանին` դրա հետ մեկտեղ նաև իր անձնական գաղտնիքները: Ինչ-որ վստահորդի կողմից փոխանցվել է փաստաբանին, դա փաստաբանական գաղտնիք է, որը պահպանվում է օրենքով: Ոչ ոք իրավունք չունի մխրճվել այդ իրավունքի մեջ և խախտել այն»,- ասում է Ռուբեն Սահակյանը` շեշտելով, որ «այդ իրավունքը ճանաչված է միջազգային զանազան փաստաթղթերով և ներպետական օրենսդրական ակտերով:
«Փաստաբան և վստահորդ հարաբերությունները պետք է կրեն կոնֆիդենցյալ բնույթ և որևէ մեկն իրավասու չէ «քիթը խոթել» այդ դաշտ: Նույնիսկ Քրեական դատավարության օրենսգիրքը փաստաբանին, ըստ էության, կարգավիճակով հավասարեցրել է հոգևոր խոստովանահոր հետ: Եվ փաստաբանական գաղտնիքը հրապարակելու 3 դեպք է օրենսդիրը նախատեսում` երբ առկա է վստահորդի համաձայնությունը, երբ առկա է վեճ վստահորդի և փաստաբանի միջև ու այն պարզելու համար պետք է ինչ-որ փաստեր հրապարակել, և երբ առկա է նախապատրաստվող ծանր հանցագործություն»,- ավելացնում է Արա Զոհրաբյանը և նշում, որ հիշյալ երեք պատճառներն էլ իր համակարգիչն առգրավելու համար բացակայում են: Նա միաժամանակ շեշտում է, որ իր համակարգչում, բացի փաստաբանական, կան նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Իսկ ինչո՞ւ է փորձ արվում խախտել նշված իրավունքը: Փաստաբանների պալատի նախագահի խոսքերով` տվյալ դեպքում «սխալի պատճառը քննիչի տարրական անգրագիտությունն է և դատախազական հսկողության բացակայությունը»:
«Կարծում եմ, որ լրատվամիջոցների և Փաստաբանական պալատի հայտարարության շնորհիվ երևի թե նրանց մոտ քննարկում է եղել և հասկացել են, որ սխալ են արել»,- ասում է փաստաբան Զոհրաբյանը և կարծիք հայտնում, որ այլևս չեն փորձի համակարգիչն առգրավել: Հակառակ դեպքում, նա պատրաստ է պայքարել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Սա երևի թե առաջին դեպքն է, երբ փարձում են փաստաբանի համակարգիչն առգրավել ու բնականաբար, եթե մենք թույլ տանք, որ այդպիսի բան անեն, մյուս անգամ կփորձեն նմանատիպ գործողություններ իրականացնել և մտնել փաստաբանի խոհանոցը»,- հավելու է փաստաբանը:
Բանախոսները նշում են, որ ավելի շատ մտահոգված են, որ այս ապօրինությունը կարող է դառնալ նախադեպ ու սովորականի պես դրվել կիրառության մեջ, ճիշտ այնպես, ինչպես ոստիկանությունը «շրջանառության մեջ է դրել մեկ այլ բացասական երևույթ», հատկապես` մարտիմեկյան իրադարձություններից հետո:
«Բերման ենթարkված անձանց մոտ չեն թույլատրում փաստաբանին ներս մտնել: Ավելին` փաստաբանը կարող է ժամերով սպասել, ընդ որում` ոչ թե ոստիկանության ընդունարանում, այլ դրսում: Եվ, փաստորեն, մի քանի ժամ հետո կթույլատրեն կամ չեն թույլատրի` կապված փաստաբանի հնարամտությունից,- ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը, - մենք ուզում ենք ահազանգել, որ այսպես մենք չենք ունենա ժողովրդավարական պետություն, որի կարևոր հատկանիշներից մեկը ոչ թե իդեալական օրենքներ ունենալն է, այլ դրանց կիրառումը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել