Թե ովքեր են իրականում պախարակում բանակը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր հայտարարությունների ժամին ասաց, որ իր աղբյուրներից ճշտել է, որ բանակում վիճակն ավելի լավ է, քան ասենք` 2007-ին: Պատգամավորը դիմել է իր «աղբյուրների» օգնությանն այն բանից հետո, երբ վերջերս մի շարք կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ քննադատական խոսքերով են հանդես եկել բանակում կատարվող երեւույթների վերաբերյալ: Ըստ պատգամավորի` նորից մի խումբ մարդիկ պարապ են մնացել:
«Արդեն սկսում ես մտածել, որ սա ոչ թե պարապ մարդկանց հոխորտանք է, այլ նպատակաուղղված հարձակում ազգայինի դեմ: Բանակում զինվորին պետք է ապահովել սոցիալ-կենցաղային պայմաններով, սնունդով, սովորեցնել լավ կրակել, օգտվել իրեն ամրակցված զենքից, ֆիզիկապես կոփել եւ այլն: Թվարկվածներից եւ ոչ մեկի մասով դժգոհություն չկա, եւ ոչ ոք այդ մասին չի խոսում ու գրում: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում, որ իր որդուն վատ են սովորեցրել կրակել ինքնաձիգից, կամ իր որդին բանակից վերադարձել է ֆիզիկապես շատ թույլ: Եթե չեն բողոքում, ուրեմն շատ լավ է, որովհետեւ պաշտպանության նախարարը հակամարտության մեջ գտնվող մեր երկրում առաջին հերթին պետք է աշխատի հենց այդ ուղղություններով, կարգապահության ուղղությամբ նույնպես,-ասաց Կարեն Ավագյանը եւ հավելեց,- Մի՞թե պաշտպանության նախարարը պետք է բացատրի մեր որդիներին, որ զավակս, 5 հոգով մեկին մահու չափ ծեծելը ստորություն է, ինչ էլ նա արած լինի»:
Կարեն Ավագյանը, ամփոփելով իր հայտարարությունը, ավելացրեց, որ պետք է նայել ճշմարտության աչքերին եւ այն մարդիկ, ովքեր պախարակում են հայոց բանակը, այդպիսով օտարում են «ժողովրդի քրտինքով ստեղծված բանակը հենց ժողովրդից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել