Մեկնարկելու է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը
Արդեն 10 անձինք ցանկություն են հայտնել մասնակցել «Բնակարան երիտասարդներին» ծրագրին: «Ազգային հիպոթեկային ընկերություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանն ակնկալում է, որ «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան»պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում ստեղծված «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ ՓԲԸ-ն համագործակցության առաջին պայմանագիրը կստորագրի արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, միևնույն ժամանակ ընտանիքների անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը, ինչպես նաև երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30-ը:
Ծրագրի շահառուն պետք է ունենա եկամտի բավարար մակարդակ` ստանձնած վարկային պարտավորությունները կատարելու համար: Սակայն ծրագրում կան սահմանափակումներ: Այն հիմնականում նախատեսված է միջին և ցածր եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներին` մոտ 340 հազար դրամ:
Ծրագիրը նկարագրելիս այսօր ԿԲ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ազգային հիպոթեկային ընկերություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նշեց, որ վարկատու կազմակերպություններն էժան միջոցներ են տրամադրում, կառավարությունն էլ սուբսիդավորում է ծրագիրը, որոնց հաշվին վարկատուները ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր են տրամադրում երիտասարդ ընտանիքներին: Շահառուները դիմելու են բանկերին, անցնելու են որակավորում, և եթե համապատասխանեն սահմանված պահանջներին, վարկատու կազմակերպությունները վարկ են տրամադրելու նրանց շուկայականից ցածր տոկոսադրույքով: Որից հետո կֆինանսավորվի վարկը և կաշխատի կառավարության սուբսիդավորման մեխանիզմը. փողը փոխանցվելու է վարկառուին` վարկի մարման համար: Բանկի և երիտասարդ ընտանիքի միջև կնքվելու է պայմանագիր, որի տակ նշվելու է տոկոսադրույքը: Այն ենթակա չէ փոփոխության: Նախատեսված է 10-10.5- % տոկոսադրույք, որից 2%-ը սուբսիդավորելու է Կառավարությունը:
Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի փոխանցմամբ` ՀՀ 22 բանկերը ողջունել են ծրագիրը, իսկ 10 բանկ արդեն պատրաստակամություն է հայտնել ստորագրել համապատասխան պայմանագրերը և վարկավորել ծրագիրը: Արարատ Ղուկասյանը համոզված է, որ դեռևս կլինեն բանկեր, որոնք կմիանան ծրագրին:
Սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքի համար եկամուտն արդյոք կբավարարի փակել վարկը, թե ոչ, ըստ Մ. Եդիգարյանի, եկամուտների պահանջվող մակարդակը կապված է վարկի գումարի և ժամկետի հետ: «Եթե անձն ուզում է վերցնել 11 մլն, որը առավելագույնն է, նրա համար ավելի եկամուտ է պահանջնվելու, բայց նույն եկամուտը չի պահանջվի այն անձի համար, որը վարկ է վերցնում 3 կամ 4 մլն դրամ` շրջանում բնակարան ձեռք բերելու համար»,-պարզաբանեց նա:
Նվազագույն պահանջվող կանխավճարը 30 % է: Սակայն, ըստ բանախոսների, սա դեռ պիլոտային ծրագիր է, որը կարող է փոփոխության ենթարկվել: Մարման ժամկետը նախնական 10 տարի է, բայց այդ ուղղությամբ էլ դեռ ճշգրտումներ են կատարվում:
Այլ բանկերում վարկեր ունեցող անձը կարո՞ղ է դառնալ ծրագրի մասնակից, թե՞ ոչ, Արարատ Ղուկասյանի խոսքերով, ծրագրում նմանատիպ սահմանափակում չկա. «Բանկը պետք է գնահատի իր հաճախորդի վարկունակությունը, և եթե իր եկամուտը նաև այս վարկի մարմանն է բավարարում, ինչու չէ` կարող է ստանալ»:
Մհեր Եդիգարյանի կարծիքով` ավելի քան 300 շահառու կլինի: Վերջինիս հաշվարկներով` քանի որ կապիտալը 3 մլրդ դրամ է, եթե առավելագույնը հաշվարկեն 10-11 մլն դրամի վարկեր, կլինեն 280-300 շահառուներ: «Չնայած իմ փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են առավելագույն գումար վերցնում, կարելի է ասել` 300-500 շահառու կարող են լինել»,-կարծում է նա:
«Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ի հիմնադիրը հենց ՀՀ Կենտրոնական բանկն է, որի հիմքում դրված կանոնադրական կապիտալը, ինչպես արդեն նշվեց, կազմում է 3 մլրդ դրամ: Լրագրողների հարցին` արդյոք այս ծրագիրը շահույթ հետապնդում է, թե ոչ, Մհեր Եդիգարյանը նշեց, որ նման ցածր տոկոսադրույքով վարկեր չէր տրամադրվի, եթե նպատակը շահույթը լիներ: «Իհարկե, գործունեության ընթացքում կառաջանան շահույթներ, որի մի մասը կուղղվի ադմինիստրատիվ ծախսերին, մյուս մասը` վերադառնալու է ֆոնդին` հետագայում վարկեր տրամադրելու համար»,-չբացառեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել