«Եթե չկա Ջավախք, վաղը չի լինի Հայաստան»
Ջավախքցիները` Ջավախքի խնդիրների մասին
Եթե փոքր երեխային ծեծում են, ապա նա իր բողոքը ներկայացնում է ոչ թե հարևանին, այլ ծնողներին: Ջավախքահայերն էլ իրենց բողոքները ներկայացնում են Հայաստանին` ակնկալելով սատար կանգել իրենց, որպեսզի համատեղ ջանքերով դուրս գան ստեղծված իրավիճակից: Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած սեմինարում այսպես ներկայացրեց իրենց ակնկալիքը Ջավախքից ժամանաց Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլոյի) նախագահի տեղակալ, «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը:
«Զսպանակը անընդհատ սեղմվում է, իսկ ֆիզիկայից գիտենք, որ եթե զսպանակը սեղմվում է, ու երբ գալիս է վերջին պահը, երբ նա կանգ է առնում, այդ ճանապարհին լրիվին սկսում է ոչնչացնել, դա պատերազմական իրավիճակ է»,-ասում է Նորիկ Կարապետյանը և հաստատում, որ Ջավախքում իրավիճակը իրոք լուրջ է և միջամտության կարիք ունի: Իսկ այդ վիճակից դուրս գալու համար երկու ճակատով պետք է պայքարել: Մինչդեռ Նորիկ Կարապետյանի խոսքերով, հայաստանյան գործիչները Ջավախքի խնդիրները իրապես չեն տեսնում, մինչև չեն լինում Ջավախքում, նախքան այցելությունը նրանք «երազի նման են տեսնում» Ջավախքի խնդիրները:
Նորիկ Կարապետյանը խոստովանում է, որ լինելով Վրաստանի իշխանության ներկայացուցիչ, իր կաշվի վրա է զգում վրացական իշխանությունների ճնշումները: «Իմ մոտ մեկ-մեկ հիասթափություն է առաջանում, իսկ ինչ-որ մեկը պետք է ոգևորի, որ այդ հիասթափությունն անցնի»,-ասում է նա և նորից շեշտում, որ ջավախքահայությունը մեծ ակնկալիք ունի Հայաստանից:
Անդրադառնալով Ջավախքի նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականությանը` Նորիկ Կարապետյանը նշում է, որ Վրաստան-պետությունը երկու հարկից է բաղկացած. աաջին հարկը աշխարհի հանրությանը երկայացվող Վրաստանն է` որպես ժողովրդավար պետություն` ժողովրդավար ընտրություններով, մարդու իրավունքները պահպանող, երկրորդ հարկը` զուտ Վրաստանի իրական պատկերն է, որը հեռու է ներկայացվածից:
«Եթե չկա Ջավախք, վաղը չի լինի Հայաստան»,-ասում է Ջավախքից ժամանած մյուս մասնակիցը` սակրեբուլոյի պատգամավոր, «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա համաձայնեց քննարկման ժամանակ հնչեցրած Ջավախքին ինքնավարություն տալու տեսակետին` նշելով, որ դա միջոց է լուծում տալու ծառացած խնդիրներին: Սակայն, նրա կարծիքով, դա չպետք է լինի նպատակ: «Մենք Նախիջևանում ունեինք ինքնավարություն, հիմա չունենք»,-օրինակ բերեց Դավիթ Ռստակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել