HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրացի լինելը «պրեստիժ» է, փողոցում հայերեն խոսելը` ամոթ»

«Նորավանք» ԳՀԿ փորձագետ Թամարա Վարդանյանը հայ-վրացական հարաբերություններում և հատկապես Ջավախքի խնդիրների լուծման հարցում լուրջ խնդիր է տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում: Ըստ փորձագետի` Հայաստանը միշտ կրավորական կեցվածք է ընդունում` հաշվի առնելով տրանզիտային ճանապարհը: «Մենք պետք է հայտարարենք, որ մեզ համար գերակա է Վրաստանում ապրող յուրաքանչյուր հայի անվտանգությունը»,- այսօր Թեքեյան կետրոնում կազմակերպված քննարկման ժամանակ զեկուցելիս նշեց փորձագետը: Նրա կարծիքով` Հայաստանը Վրաստանի հետ հարաբերվելիս պետք է խոսի հավասարը հավասարի հետ, այլ ոչ թե ցույց տա, թե կախում ունի նրանից: Թամարա Վարդանյանի դիտարկմամբ, Ջավախքը դեռևս չենք կորցրել երկու պատճառով. Ջավախքի հայությունը գիտակցում է, որ ապրում է իր պատմական հայրենիքում, իսկ երկրորդը` կլիմայական պայմաններն են, որոնց վրացիները չեն հարմարվում, որպեսզի այնտեղ վերաբնակվեն: Անդրադառնալով Վրաստանի վարած քաղաքականությանը` Թամարա Վարդանյանը նշեց, որ Վրաստանը բազմէթնիկ պետությունից անցում է կատարում դեպի միաէթնիկ պետության, այսինքն` ազգային պետության: Իսկ այն, որ Վրաստանում ապրող բնակչությունը վրացացվում է, ըստ փորձագետի, ապացուցում են մարդահամարի տվյալները. եթե 1926 թ-ի մարդահամարի տվյալներով Վրաստանի բնակչության շուրջ 56 % էր վրացի, ապա 2002թ-ի մարդահամարով` մոտ 84 %-ը: Նույն տվյալներով` հայերի ներկայությունը Վրաստանում 17.6 %–ից հասել է  5.7 %-ի:  «Էթնիկ փոքրամասնությունները այս պետության մեջ երկու ուղի ունեն` կամ պետք է ուծացվեն, կամ` հեռանան: Վրաստանը երկու ուղին էլ կիրառում է:  Ջավախքում ավելի ուժեղ են արտագաղթի տեմպերը, քան ուծացման, իսկ թիֆլիսահայությունն ավելի արագ ուծացվում է»,- ասաց Թամարա Վարդանյանը: Նա դիտարկմամբ` «Թբիլիսիում վրացի լինելը «պրեստիժ» է, իսկ փողոցում հայերեն խոսելը` ամոթ»: Թբիլիսիում ապրող հայերը, հատկապես ոչ հայկական թաղամասում ապրողները, համեմատաբար ավելի արագ են ուծացվում, իսկ կոմպակտ բնակվող Հավլաբար թաղամասում դեռևս պահպանվում են: Մինչդեռ Թբիլիսիի հայերը կարող էին մեծ աջակցություն ցուցաբերել Ջավախքին, եթե ինչ-որ սուբյեկտ դառնային: Իսկ Թբիլիսիի հայությունը Ջավախքի խնդիրներն այնքան էլ լավ չի պատկերացնում, քանի որ նրանք Ջավախքի մասին տեղեկությունները ստանում են վրացական ԶԼՄ-ներից: Ջավախահայերի վրացերենի չիմացության առաջնային խնդիրը, Թամարա Վարդանյանի կարծիքով, կարելի է լուծել հայ-վրացական համատեղ համալսարանի բացմամբ, երկորդը` հայերեն լեզվին տարածաշրջանում կարգավիճակ տրամադրելով: «Եթե թիֆլիսահայերը վրացերեն գիտեն, դա իրենց փրկում է,- հարցում է Թամարա Վարդանյանը և պատասխանում,- չի փրկում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter