HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես աշխարհին նայում եմ իմ մանկության բաց պատուհանից». Գեւորգ Բաբախանյան

«Հաճախ շուրջդ այնքան գորշություն ես տեսնում, որ փակում ես աչքերդ ու երազում կույր ծնվել: Տեր, եւս մի ջրհեղեղ, խնդրում եմ... Բայց դա մի պահ է միայն: Հետո քեզ են այցելում քո մանկության երազները, դպրոցական ընկերներդ, ոսկե դաշտերի ծղրիդները, թոնրի լավաշը... Ու դու նորից ձեռքդ ես վերցնում վրձինը ու վրձնում տաք ու բարի գույներ»,- ասում է գեղանկարիչ Գեւորգ Բաբախանյանը: Կտավների տակ նա ստորագրում է` Ընծա:

Ընծայի ստեղծագործական ուղին բարդ է եղել. նա սկզբում սովորել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետո մեկնել է Իսրայել, դարձել ճեմարանական, ապա թողնելով ամեն ինչ` մեկնել Իտալիա` գեղանկարչական հմտություններ ձեռք բերելու: Այն հարցին, թե ինչու է այդքան երկար տեւել կերպարվեստին նվիրվելը, ասաց. «Միշտ էլ զբաղվել եմ նկարչությամբ, սակայն էլ չէի կարող կիսատ ապրել, պիտի ամբողջությամբ արվեստին նվիրվեի: Հավատն իմ ներսում է եւ միշտ կլինի: Կերպարվեստի մեջ էլ մնում եմ եւ ստեղծագործում եմ հավատով»: Նրա գեղանկարչության մեջ ակնհայտորեն դրսեւորված են եւ թատերական արվեստը, եւ հավատը: Ընծայի արվեստում կարեւոր տեղ է զբաղեցնում մանկության թեման: «Մարդիկ մահվան անդարձությունից հարություն առան, ականջների վրա քայլեցին, բայց երբեք չվերադարձավ մանկությունը: Ես փորձեցի այն ետ բերել իմ նկարներով: Բայց իզուր, այն ետ չի գալիս: Թերեւս` ամենաանդառնալին աշխարհում: Մանկությունը անսպառ ստեղծագործելու հնարավորություն է: Ես աշխարհին նայում եմ իմ մանկության բաց պատուհանից. այդպես ավելի լավ է»,- ասում է նկարիչը: Գեւորգի ստեղծած կերպարներում մեծ թիվ են կազմում մանուկները, որոնք բոլորն էլ իրենց տարիքի համեմատ չափազանց հասուն են, իմաստուն: Մի յուրահատուկ բան եւս կա նրա ստեղծագործություներում. կերպարներից շատերը չունեն աչքեր կամ դրանք արտահայտված չեն: «Նրանք ավելի շատ զգում են»,- բացատրեց գեղանկարչիը:

Ընծան ասում է, որ ինքը նկարում է ինքնաբերաբար, առանց նախօրոք մտածելու. «Չգիտեմ` ոնց եմ նկարում: Սկզբում պարզապես միտքն է գալիս, հետո` կերպը: Ուղղակի նստում եմ մաքուր թղթի առաջ ու սկսում նկարել: Կարող է` նախօրոք ուզենամ մի բան նկարել, հետո այլ բան է ստացվում, բայց կարեւորն այն է, որ նկարելիս նաեւ մաքրվում ես: Պետք է ուղղակի սիրել մարդկանց: Ես սիրում եմ, հոգի ու պատմություն դնում ամեն մի կերպարի մեջ: Ամբողջ կյանքում սովորում ես: Կյանքն է իմ ամենամեծ ուսուցիչը: Կյանքի մեջ` մարդիկ, բնությունը, մանուկները, հիշողությունները, ամեն օրը»: Ընծան ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Վերջերս Իտալիայում նա մասնակցել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նվիրված մի ցուցահանդեսի. «Այս ցուցահանդեսը մարդասիրական մի ցուցահանդես էր` ուղղված «գժանոցների» դեմ, որ վաղուց արդեն պատմություն են Եվրոպայի համար»: Ցուցահանդեսը կայացել է նախկին հոգեբուժարանում: «Տեսնել էր պետք, թե ինչպես էր հոգեկան հիվանդ մարդը նկարել հոգեբուժարանի պատերին: Հանճարի դրսեւորում էր»,- իր հիացմունքն է փոխանցում Գեւորգը:

Ստեղծագործելու հարցում Ընծային օգնում են իր հովանավորները: «Ես չեմ կարող շատ լուրջ դատողություններ անել հայկական իրականությունից, քանի որ նոր եմ վերադարձել Իտալիայից: Սակայն սա նաեւ համեմատելու հնարավորություն է տալիս. մենք ունենք այն ներուժը, որին ուղղակի պետք է հնարավորություն տալ: Գուցե պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել տաղանդավոր մարդկանց: Բայց մի բան պարզ է. եթե մարդուն տրված է ստեղծագործելու ձիրքը, նա պիտի ստեղծագործի` անկախ ամեն ինչից»:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Անկրկնելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter