HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը հաշվի չի առել 2 փորձագիտական եզրակացությունները

Գառնիկ Վարդանյանը զրկվել է ժառանգություն ստացած բնակարանից Թալինցի Գառնիկ Վարդանյանը 35 տարի հորաքրոջ աղջկան խնամելուց հետո նրանից ժառանգություն է ստացել Թալինի մեկսենյականոց բնակարանը: Կտակի մասին Գառնիկ Վարդանյանը իմացել է միայն հորաքրոջ աղջկա` Էլյա Իսրայելյանի մահվանից հետո: Իսկ Էլյա Իսրայելյանը կտակը կազմել եւ նոտարով հաստատել է մահվանից 3 տարի առաջ` 1995 թ.: 10 տարի անց Էլյա Իսրայելյանի քույրը` Ռիմա Իսրայելյանը, դիմել է դատարան, որպեսզի ետ ստանա քրոջ բնակարանը: Չնայած արդեն սպառվել էր մահացած քրոջից ժառանգություն ընդունելու` օրենքով սահմանված ժամկետը, Ռիմա Իսրայելյանը պատճառաբանել է, թե 1995 թ. սեպտեմբերի 22-ին կազմած կտակը կեղծ է եւ դատարանից պահանջել է «Թալին» նոտարական տարածքի նոտարի կողմից 1999 թ. օգոստոսի 3-ին Գառնիկ Վարդանյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը անվավեր ճանաչել եւ հարգելի համարել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները: Գառնիկ Վարդանյանին այնքան չի հուզում բնակարանից զրկվելու միտքը, որքան երկար տարիներ խնամած հորաքրոջ աղջկանից հիշատակ մնացած նվերը: «Քույրերն ու եղբայրը նրա հետ հարաբերություններ չունեին, չէին էլ շփվում, նույնիսկ թաղմանը չեկան, իսկ ես նրան քրոջ պես պահել եմ, խնամել: Արդեն կարծես թե սկզբունքի հարց է դարձել»,- ասում է Գառնիկ Վարդանյանը: Նրա խոսքերը հաստատում է նաեւ հանգուցյալի եղբայրը` ոստիկանությունում տված բացատրության մեջ: Վերջինս նաեւ փաստել է, որ իրենք հանգուցյալ քրոջ հետ երկար տարիներ չեն շփվել ծագած վեճի պատճառով: «Քրոջս հետ ես 1963-64 թթ.-ից ոչ մի կապ չեմ ունեցել: Նրա հետ կապ չեն ունեցել նաեւ քույրերս: Գիտեմ, որ մտերիմ հարաբերություններ ուներ միայն մորեղբորս որդին` Գառնիկ Վարդանյանը, ով էլ 1998-ին Էլյայի մահվան արարողությունները ամբողջությամբ ինքն է արել: Ռիման Էլյայի հետ ոչ մի կապ չի ունեցել, նա նույնիսկ Էլյայի թաղմանը չի մասնակցել, ինչպես եւ ես, եւ թույլ չի տվել, որ Էլյային թաղեն մեր ծնողների կողքին»,- արձանագրել է Միշա Իսրայելյանը: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2008 թ. հունիսի 19-ին Ռիմա Իսրայելյանի հայցը բավարարել է: «Վերցրին թոշակի մարման գործերից մի ուրիշ ստորագրություն, տարան փորձագիտական եզրակացության, որի տակ գրել էին, որ դա է կտակի ստորագրությունը, այլ ոչ թե կտակի եւ սեղանամատյանի ստորագրությունը,- պատմում է Գառնիկ Վարդանյանը:- Դատարանն էլ հաշվի է առել հենց այդ փորձաքննությունը»: Գառնիկ Վարդանյանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Դատախազությունը Գառնիկ Վարդանյանի մոտ եղած հանգուցյալի փաստաթղթերը` կուսակցական տոմսը, ինչպես նաեւ նրա ստորագրությամբ այլ փաստաթղթեր համեմատելու համար ուղարկել է փորձաքննության ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: «Փորձաքննությունների ազգային բյուրոն», ուսումնասիրելով կտակի, նոտարական գործողությունների գրանցման սեղանամատյանի, կենսաթոշակային գործի, կուսակցական տոմսի, անձնագիր տալու դիմումի եւ ստանալու փաստաթղթի, 3 լուսանկարների հակառակ երեսներին տեղավորված ստորագրությունները, փաստել է. «Թվարկված համընկնող հատկանիշները կայուն են, էական եւ բավարար անհատականացնող համակցություն են կազմում հանգելու այն հետեւության, որ հետազոտելի ստորագրությունները կատարվել են միեւնույն անձի` Էլյա Իսրայելյանի կողմից»: Նույնաբովանդակ եզրակացություն է տվել նաեւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը: Սակայն դատարանը հիմնվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿի- եզրակացության վրա, որն ուսումնասիրել է հանգուցյալի միայն երկու ստորագրությունները: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ (նախագահությամբ Գ. Մատինյանի) անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: «Նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող հավաստի հանդիսանալ, քանի որ փորձագետներին տրամադրվել էր հանգուցյալ Էլյա Իսրայելյանի ստորագրության ընդամենը մեկ նմուշ, այն էլ` կատարված մոտ 16 տարի առաջ` 1980 թվականին, որը միանշանակ պետք է տարբերվեր 1995 թ. նրա կողմից կտակում արված ստորագրությունից, հետեւաբար դա չէր կարող հավաստի լինել»,- հիմնավորում է Գառնիկ Վարդանյանը վճռաբեկ բողոքում: «Ես զրկվեցի իմ ամբողջ տարիների բարոյական օգնությունից, եւ ստացվում է, որ ես կեղծիք եմ կատարել: Քննիչն ասաց, որ եթե ստորագրությունը կեղծ լինի, ինձ ու նոտարին կդատեն, ես էլ հարցրի` իսկ եթե այդպես չլինի, ասաց` կդատեն դատավորին եւ փորձագետին: Ոչ նրանց դատեցին, ոչ էլ` ինձ, բայց տունը ձեռքիցս առան»,- ասում է Գառնիկ Վարդանյանը: Երեք անգամ Գառնիկ Վարդանյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը քննության չի առնվել` անհիմն լինելու պատճառով: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Գառնիկ Վարդանյանը չի հիմնավորել եւ ապացուցել բողոքում նշված հանգամանքների նոր երեւան եկած լինելու փաստը (խոսքը վերը նշված փորձագիտական 2 եզրակացությունների մասին է-հեղ.), որը հիմք կհանդիսանար դատական ակտի վերանայման համար: Գառնիկ Վարդանյանն անելանելի վիճակում է: Չգիտի` ի՞նչ լծակներով արդարության հասնի: Նրա փաստաբան Կարեն Քամալյանը դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն նախորդ դատական ակտերը համարում է անօրինական: Փաստաբանի խոսքերով` միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո կկարողանա ասել, թե իրավական ինչ հնարավորություններ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter