HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակի» բանկային հաշիվների վրա դրված կալանքը դեռ չի վերացվել

Լևոն Քոչարյան-«Հայկական ժամանակ» օրաթերթ վիճաբանության դատական փուլն ավարտվել է: Վճռաբեկ դատարանը քննության չի առել օրաթերթի բողոքը, և դեռևս 2009թ-ի դեկտեմբերին այն ետ է վերադարձրել: Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, դիմել էր դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող այն տեղեկությունները, թե Ամանորից առաջ ինքը եղել է Դուբայում, և տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է: Առաջին ատյանը հայցը բավարարել էր, իսկ վերաքննիչը` մասնակի փոփոխության ենթարկել, որով օրաթերթը պարտավորվում էր վճարել 3 մլն դրամ և հերքել վերոնշյալ տեղեկատվությունը: Փետրվարի 11-ին «ՀԺ»-ն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պարտադրանքով և օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու, օրաթերթի տպագրությունը շարունակելու համար ստիպված է եղել վճարել 3 մլն դրամը: Օրաթերթի փաստաբան Տիգրան Մուրադյանը «Հետքին» տեղեկացրեց, որ չնայած իրենց վճարումներին, թերթի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը մինչ օրս չի վերացվել: «Հարկադիր կատարողը չգիտես ինչու ձգձգում է և փորձում է չհանել այդ արգելանքը, երբ արդեն պարտավոր էր վերացնել արգելանքները: Ես փորձեցի բանկի հետ ճշտել, բայց ԴԱՀԿ-ն ասում է, որ արգելանքից հանվելու գրությունը իբրև թե դեռ չեն ստացել: Երկուշաբթի բանկը պետք է ինձ տեղեկանք տա, որ ես տանեմ ԴԱՀԿ, և ԴԱՀԿ-ը հանի արգելանքը»,- պարզաբանեց Տիգրան Մուրադյանը: Փաստաբանը նշեց, որ եթե երկուշաբթի էլ արգելանքները չվերացվեն, ինքը ստիպված է լինելու բողոք ներկայացնել Արդարադատության նախարարություն: Օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հերքման պահանջը դեռևս չեն կատարել, քանի որ այն անհասկանալի է, և կարիք կա որոշակի պարզաբանումների, որոնք ստանալու համար դիմելու են դատարան: Այդուհանդերձ, Աննա Հակոբյանը նշեց, որ իրենց տպագրած տեղեկատվության ճշմարտացիությունը ապացուցելու հնարավորություն չեն ունեցել, իսկ լրատվության աղբյուրը բացահայտել չեն ցանկանում: «Մենք ամենօրյա թերթ ենք և գործ ունենք բազմաթիվ աղբյուրների հետ, մեր աշխատանքը այդ լուրով չավարտվեց: Եթե մենք անվստահելի գործընկեր դառնանք մեր աղբյուրների համար, դա լուրջ կվնասի մեր աշխատանքին: Բայց անկախ այդ աղբյուրից` մենք ունեինք բոլոր հնարավորությունները` ապացուցելու լուրի ճշմարտացիությունը: Դրա համար բազմաթիվ միջնորդություններ արեցինք դատարանին, ու եթե այդ միջնորդությունները բավարարվեին, նման հարց չէր ծագի, և աղբյուր բացահայտելու անհրաժեշտություն չէր առաջանա»,- ասաց Աննա Հակոբյանը: Նրա խոսքերով` վճարվելիք գումարը արդեն իսկ որոշակի նեղություն է պատճառում թերթին: Վճարումը միանգամից են կատարել, ինչին օրաթերթը պատրաստ չի եղել: Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ իրենք կդիմեն Եվրադատարան, բայց հարցը դեռևս քննարկվում է: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter