Սկսվել է «ԻստԻնվեստորն» ընդդեմ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հայցի քննությունը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց գերմանական ներդրումային` «ԻստԻնվեստոր» ընկերության հայցի քննությունն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի: Հիշեցնենք, որ «Իստինվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում ուներ 3.2 % բաժնետոմս, սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս:
Նիստը նախագահող դատավոր Ա. Մելքումյանը փորձեց կողմերից ճշտել, թե արդյոք նրանք հաշտության եզրեր չե՞ն տեսնում: «Իստինվեստոր» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ հայցվորը բաց է բանակցությունների համար, իսկ կոմբինատի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը նշեց, որ եթե կա հաշտության առարկա, իրենք ևս պատրաստ են հաշտություն կնքել, բայց դեռևս հայվոր կողմից նման առաջարկ չեն ստացել:
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կողմերը չունեին: Արա Զոհրաբյանը, ներկայացնելով հայցի պահանջները, նշեց, որ եթե կոմիբինատի կոնսոլիդացման արդյունքում որևիցե բաժնետեր չի կարողացել ձեռք բերել գոնե մեկ բաժնետոմս, ապա ստացվում է, որ բաժնետերը զրկվել է իր սեփականության իրավունքից: Իսկ անձը կարող է սեփականությունից զրկվել միայն դատական կարգով (Հայցի մանրամասները տես` «Գերմանացի ներդրողն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. գործը մտել է դատարան»): Հակառակ դեպքում, խնդիր է առաջանում Սահմանադրության դրույթների և Եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածի, այն է` սեփականության իրավունքի հետ: Պատասխանող կողմը գտավ, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Արա Զոհրաբյանը ներկայացրեց ապացույցներ պահանջելու միջնորդություն: Նա դատարանին խնդրեց պատասխանողից պահանջել` ներկայացնել ընկերության տիրատեպության ներքո գտնվող մի շարք փաստաթղթեր, քանի որ իրենք դիմել են ընկերությանն այդ փաստաթղթերը տրամադրելու գրավոր պահանջով, սակայն պատասխանողը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի տրամադրել: Արա Զոհրաբյանը պահանջում էր մասնավորապես ընկերության գրանցման վկայականը, կանոնադրությունը, փոփոխությունները, հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը, ընկերության ստորաբաժանումների հիմնարկների կանոնադրությունները, տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթի և վնասի հաշիվները, պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական-վիճակագրական փաստաթղթերը, ընկերության բաժնետերերի ցուցակները, կնքած պայմանագրերը և այլ փաստաթղթեր:
Դավիթ Մանթաշյանը նշեց, որ «ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 55 –րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը վկայակոչել էր հայցվորն իր միջնորդությունում, այդ փաստաթղթերը կարող են տրամադրվել բաժնետերերին, սակայն այս պահի դրությամբ հայցվորն արդեն բաժնետեր չէ, ըստ այդմ` միջնորդությունը հիմնավորված չէ:
Երկրորդ հանգամանքը, ըստ փաստաբանի, այն է, որ «պահանջվող փաստաթղթերի բովանդակությունը և ցանկը չեն համպապատասխանում հայցի առարկային և կապ չունեն վեճի բովանդակության հետ: Փաստաբանը նշեց, որ «ԻստԻնվեստորը» պատշաճ կարգով ծանուցվել էր, նրան ուղարկվել է օրակարգի նյութերը, տեղեկացված է եղել ժողովի մասին, և տեղեկացված լինելու պարագայում դիմել է «Ամերիա» աուդիտորական ընկերությանը, որի ներկայացուցիչները լիազորագրով ներկայացել են «Արարատ» ԿԳՕԿ, նրանց տրամադրվել է վիճելի ժողովին վերաբերող համապատասխան բոլոր փաստաթղթերն ու նյութերը:
«Վեճի առարկային վերաբերող նյութերը հայցվորն ունի: Այսպիսի պահանջ դնելով, ես կարծում եմ, որ հայցվորը փորձում է դատարանին տանել այլ ուղղությամբ»,- ասաց Դավիթ Մանթաշյանը և խնդերց միջնորդությունը մերժել:
Որպես պատասխանողներ գործում ներգրավված են նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» («Nazdak-OMX»):
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ներկայացուցիչ Գրիգոր Բեկմեզյանը ևս առարկեց միջնորդությանը դեմ` նույն հիմնավորմամբ` «հայցվորը բաժնետեր չէ և նման իրավունք չունի»:
Պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացուցիչ Աշոտ Թորոսյանը նույնպես առարկեց, բայց փորձեց ճշտել հիմնավորումը, թե ինչքանո՞վ է դա կարևոր հայցվորի և հայցի համար:
Արա Զոհրաբյանը բացատրեց իրենց պահանջը հայցի հիմնավորմամբ, ըստ որի` իրենք նաև վիճարկում են գնահատող «Էն-Աուդիտ» ընկերության եզրակացությունը, որով մոտ 6 մլն դրամի արժեզրկում է կատարվել ընկերության կապիտալը հաշվարկելիս: Նրա խոսքերով` այդ փաստը հաստատելու համար է իրենց անհրաժեշտ են նշված փաստաթղթերը, իսկ հաշվապահական հաշվետվությունները կարող են որոշ պարզաբանումներ մտցնել, որը կարևոր կլինի գործի, ինչպես նաև իրենց արձանագրած ընթացակարգային խախտումները պարզաբանելու համար:
Դավիթ Մանթաշյանի դիտարկմանը, թե հստակ չէ նույնիսկ հայվորի պահանջը` փաստաթղթերը ո՞ր թվականների կամ ամիսների համար է անհրաժեշտ, Արա Զոհարբյանը նշեց, որ իրենց անհրաժեշտ են վերջին երեք տարվա տվյալները:
Դավիթ Մանթաշյանը ևս մեկ անգամ առարկելով միջնորդության դեմ, պատրաստակամություն հայտնեց ներկայացնել «Էն-Աուդիտ» ընկերության եզրակացությունը, սակայն Արա Զոհարբյանը պնդեց, որ դա իրենց պահանջած փաստաթղթերից մեկն է, իսկ իրենց անհրաժեշտ են բոլոր փաստաթղթերը:
Դատարանը հետաձգեց դատական նիստը մինչև փետրվարի 16-ը` միջնորդությունը քննարկելու և որոշում կայացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել