Խաչատուրովը, գիտակցության չգալով, մահացել է. ՊՆ եւ ՌՈ ներկայացուցիչները դեպքի վայրից հեռացել են
Այսօր`ժամը 03:20-ի սահմաններում, 20-ամյա Վահրամ Խաչատուրովը, Մյասնիկյան պողոտայում վարելով «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի 20 ՕՏ 929 համարանիշի ավտոմեքենան, «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ չհասած, չկարողանալով տեղավորվել շրջադարձի մեջ, դուրս է եկել դեպի ձախ և ընդհարվել ծառին:
Ընդհարվելուց հետո մի քանի պտույտ շրջվելով` ընթացել է և հայտնվել մայթին` բախվելով մեկ այլ ծառի:
Մինչ դեպքի վայր են ժամանել
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության փրկարարներն ու վթարի հարևանությամբ բնակվող` սեփական տների բնակիչներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր, 20-ամյա Ռաֆայել Ալոյանին:
Վարորդն ու ուղևորը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Վ. Խաչատուրովը,
գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է նարգիլե, իսկ հավաքվածները պատմել են, որ երբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից, վարորդը ձեռքում պինդ բռնած է եղել նարգիլեի փողրակը:
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ հաստաբուն ծառը արմատախիլ անելուց հետո ավտոմեքենայի վրայից պոկվել և մոտ հինգ մետր դուրս է թռել գազի բալոնը:
Ապահովագրական ընկերության ներկայացուցիչներ, ըստ ֆոտոլրագրողի,
դեպքի վայր չեն եկել, իսկ երբ ահազանգով ժամանել են պաշտպանության նախարարության ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և հենց դեպքի վայրում իմացել, որ վթարի ենթարկվածները Էջմիածնի զորամասի ժամկետային զինծառայողներ են, ասել են, որ գործով պետք է իրենք զբաղվեն: Սակայն չգիտես ինչու 10 րոպե հետո նրանք հեռացել են դեպքի վայրից:
Հավաքված քաղաքացիների զրույցից պարզ է դարձել, որ ՊՆ և ՌՈ ներկայացուցիչները հեռախոսային խոսակցություններից հետո դեպքի վայրում ոչ մի քննչական գործողություն չկատարելով հեռացել են:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել