HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Սանոսյան. «Ջավախքը դառնում է տնտեսական զարգացման խաչմերուկ»

Այսօր «Արցախ» ակումբում ծնունդով ջավախքցի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը ներկայացրեց Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականացրած մի քանի սոցիալ-տնտեսական ծրագրեր:  Բանախոսի տվյալներով` անցյալ տարի Վրաստանի պետական բյուջեից մոտ 20 մլն դոլար է հատկացվել Ջավախքին: Իսկ 40 կմ երկարության գազամուղը, Հայկ Սանոսյանի ասելով, Վրաստանի «բարի կամքի դրսևորման» շնորհիվ է հասել մինչև Ախալքալաք: Հայկ Սանոսյանի եղբորը պատկանող տեղական կազմակերպությունն է իրականացրել այս ծրագիրը:   Պատգամավորը վստահեցրեց, որ գազամուղի շինարարությունը շարունակական է լինելու, և այս տարի իր եղբոր անձնական միջոցներով գազիֆիկացվելու է նաև Նինոծմինդայի շրջանը: Հաջորդ տարի նախատեսվում է նաև գազիֆիկացնել շրջկենտրոններին մոտ տեղակայված և համեմատաբար շատ բնակչություն ունեցող գյուղերը: Հայկ Սանոսյանը շեշտեց, որ Ջավախքում տնտեսական նշանակություն ունեցող այս ծրագրերը Վրաստանի իշխանությունները սկսել են իրականացնել վրաց-օսական պատերազմից հետո: Այժմ իրականացման փուլում է Թբիլիսի-Նինոծմինդա 165 կմ երկարությամբ մայրուղին, որը շարունակվելու է Ախալքալաքի ուղղությամբ և հասնելու է մինչև Թուրքիա: «Այս ճանապարհը լավ ազդեցություն է թողնելու ազգաբնակչության տնտեսական կյանքի վրա, որովհետև անմիջական կապ կլինի»,-նշեց պատգամավորը: Հայկ Սանոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանին Ասիական բանկի տրամադրած 500 մլն դոլարից 60 մլն արդեն հատկացված է միջազգային չափանիշներին համապատասխան այդ մայուղու կառուցման համար: «Այս ծրագրով Հայաստանը կդառնա տարանցիկ պետություն: Մենք այստեղ դիտում ենք ոչ միայն Հայաստանի տնտեսական շահերը, այլ նաև Ջավախքի, քանի որ մայրուղին անցնելու է Ջավախքով` մինչև Սև ծով: Փաստորեն, Ջավախքը դառնում է տնտեսական զարգացման խաչմերուկ»,-ասաց Հայկ Սանոսյանը: Սրա հետ մեկտեղ, ըստ բանախոսի, Ջավախքում կզարգանա կոմունիկացիան, համապատասխանաբար կյանքն այնտեղ կաշխուժանա: Պատգամավորը կարծում է, որ Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է ոչ միայն վրաց-օսական պատերազմից հետո, այլ նաև հայ-թուրքական արձանագրություններից հետո: «Երբ մենք էլ դառնանք տարանցիկ երկիր, Վրաստանը մեզնից կախված կլինի, և նրանք իրենց ապրանքներն էլ արդեն Պարսից ծոցից կարող են տանել-բերել»,-ասաց Հայկ Սանոսյանը և հավելեց, որ հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունները շահավետ են բոլոր կողմերի համար: Լրագրողների հարցին, թո ինչպես է Հայկ Սանոսյանը վերաբերում Ջավախքում հայերն լեզուն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու  ջավախքահայերի պահանջին, նա պատասխանեց, որ այն առավել կնպաստի հայ-վրացական հարաբերություններին, վրաց հասարակությանը հայերի ինտեգրմանը: Հայերի ինտեգրմանը, ըստ նրա, կնպաստեր նաև հայ-վարցական համատեղ համալսարանը, որի միջոցով տեղացի հայերը կկարողանային սովորել վրացերեն լեզուն: «Մոտ 7-8 ամիս է` չեն կարողանում գտնել մի պատրաստված գրագետ մարդ, ով վրացերեն իմացություն ունենա, որպեսզի նահանգապետի տեղակալ նշանակեն: Մենք չպետք է մեղադրենք վրացիներին, որ չեն ուզում, մենք էլ չունենք նման կադրեր, որոնք ունեն վրացերենի իմացություն»,-ասաց Հայկ Սանոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter