«Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի հարցը լուծելու համար հարկավոր է Մայր Աթոռի միջամտությունը»
Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի հարցով ցանկացած հայ իրավունք ունի զբաղվելու, բայց խնդրի լուծման համար հարկավոր է Մայր Աթոռի միջամտությունը: Այս տեսակետն այսօր «Արցախ» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը: «Մեր եկեղեցին պետք է փնտրի եզրեր, հարաբերություններ, որպեսզի կարողանա լուծել խնդիրը»,- ասաց բանախոսը:
Լրագրողների հարցին, թե պե՞տք է այս հարցում միջամտեն երկու երկրների խորհրդարանները, թե ոչ, Հայկ Սանոսյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է տարբեր ուղղություններով աշխատել. «Ցանկացած հայ պետք է բարձրաձայնի, որ այս գործընթացներին օգուտ տա: Ցանկացած գերատեսչություն պետք է այս հարցով զբաղվի»: Անդրադառնալով Վրաստանի իշխանությունների` հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, Հայկ Սանոսյանը նշեց, այս ոլորտը, իսկապես, վատ հիմքերի վրա է, քանի որ Վրաստանում միշտ եղել է ստալինաբերիական գաղափարախոսությունը, քանդվել են եկեղեցիներ, օգտագործվել են որպես պահեստ, փակվել են դպրոցներ: Պատգամավորը նույնիսկ թվեր ներկայացրեց, թե ինչպիսի վիճակագրություն է այս ոլորտում, համաձայն որի` Թբիլիսիում գործող 30 հայկական եկեղեցիներից այժմ մնացել են երկուսը` Սուրբ Գևորգը և Սուրբ Էջմիածինը: Ըստ բանախոսի` այս ոլորտում դեռ անելիքներ ունեն թե Վրաստանի, թե Հայաստանի իշխանությունները: «Միջգերատեսչական հանդիպումները պետք է շատ լինեն: Մեր մշակույթի նախարարը պետք է աշխատի Վրաստանի մշակույթի նախարարի հետ, մեր Կրթության նախարարը պետք է աշխատի Վրաստանի կրթության նախարարի հետ: Այսինքն` յուրաքանչյուր գերատեսչություն պետք է աշխատի միմյանց հետ, որպեսզի գտնեն ընդհանուր լեզու»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել