Վստահ են, որ Եվրադատարանում կշահեն
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբանները, բացի Վահագնի բուն գործիցի, 4 գործերով դեռևս շարունակում են դատական վեճերը Վրաստանի վարչական դատարանում: Առաջին երկու գործերը վերաբերում են Ֆրանսահայ փաստաբանին, ում Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ստանձնել Վահագնի պաշտպանությունը` օրենքի հապճեպ փոփոխությամբ: Այս գործը բողոքարկվել է և Վրաստանի վարչական դատարան, և Սահմանադրական դատարանում: «Վահագն Չախալյանը առաջին հայն է, որը Վրաստանի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել` օերնքն անվավեր ճանաչելու համար»,-նշեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Երրորդը` Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանին 2009թ-ի օգոստոսին Վահագնի հետ տեսակցելն արգելելու բողոքն է: Վերջինը` Վահագն Չախալյանի տանը հայտնաբերված զենք-զինամթերքի փորձաքննությանը փաստաբան Նինո Անդրաշվիլու ներկայությունը ապահովելու թույլտվություն չտալու բողոքարկումն է:
Ռոբերտ Թաթոյանը վստահեցրեց, որ այս 4 գործերը, Վահագնի բուն գործի հետ, գնալու են Եվրադատարան: Ռոբերթ Թաթոյանը նաև նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կշահեն գործը, քանի որ խախտումներն ակնհայտ են, գործն էլ` սարքած: Իսկ վրացական իշխանությունները երկու մարտավարություն են ընտրել` հնարավորինս հյուծել Վահագն Չախալյանին, ձգձգել դատավարությունները, երկրորդը` տարաբնույթ գործարքներ կնքելու առաջարկներ են անում, որպեսզի Վահագնը ընդունի առաջադրված մեղադրանքները, և նրան գրավով ազատ կարձակեն:
Այս պահին դեռ Վահագնի բուն գործի Վճառաբեկ բողոքից որևէ արձագանք չկա: Օրնքով սահմանված 6-ամսյա ժամկետը դեռ չի լրացել: Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ Եվրադատարան դիմելու հայցում հիմնական երկու մեխերը` պաշտպանական իրավունքի բնագավառի և թարգմանության իրավունքի խախտումներն են: Վահագնի առողջությունը կայուն է, սակայն «Հետքի» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ քարտեզներ պարունակող որևէ գրականություն թույլ չեն տալիս փոխանցել Վահագնին` անկախ նրանից, թե քարտեզն ինչ բովանդակություն ունի:
Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությունը Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» միությունը ամփոփել է փոքրիկ գրքույկով` «Բանտային քաղաքական գրառումներ» վերնագրով, որն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում ներկայացրեց Ռոբերթ Թաթոյանը: Հեղինակը հենց ինքը` Վահագն Չախալյանն է: Գրքույկում ամփոփված է 2009թ-ի բանտային գրառումները, իսկ երկրորդ մասում հավաքված են նրա պաշտպանական ճառերը, դատարանում ասված վերջին խոսքը, բաց նամակը Վրաստանի նախագահին և գործունեության ամփոփ նկարագիրը` 2001-2008թթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել