Բերման է ենթարկվել վրաերթից հետո փախուստի դիմած քաղաքացին
Երևանի այսպես կոչված Ախպարաշեն թաղամասից ոստիկանություն բերման են ենթարկել Շահումյան 4-րդ փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Արտակ Համբարձումյանին: Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արտակ Համբարձումյանը օգոստոսի 16-ին Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի էր ենթարկել մի տղամարդու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը՝ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Սուրեն Ջաղոյանը, տեղում մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով:
Պարզվել է, որ Արտակ Համբարձումյանը վրաերթը կատարել է «BMW» մակնիշի 02 ԼԼ 101 համարանիշի ավտոմեքենայով: Նա քննչական մարմնին խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը, նշված կանաչ
գույնի ավտոմեքենայով, այնուհետև պատմել է, որ վերադարձել է դեպքի վայր, որտեղ արդեն հավաքված են եղել մեծ թվով քաղաքացիներ, ոստիկանության աշխատակիցներ, և հեռվից տեսել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ Արտակ Համբարձումյանը քննչական մարմնին պատմել է, որ վրաերթից 3 օր հետո նա «BMW»-ի համար գնել է նոր դիմապակի, թափք և հովացման համակարգ: Այնուհետև սեփական ուժերով իր տանը փոխել է վնասված դետալները, որից հետո մեքենան տարել է արհեստավորի մոտ եւ խաբել, թէ մեքենան հարվածել է տան պատին, խնդրել է ներկել, ինչն էլ արհեստավորն արել է:
Ըստ ֆոտոլրագրողի՝ մինչև նշված մեքենան հայտնաբերելը, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն ու ՃՏՀ քննության բաժնի քննիչները զննության են ենթարկել մոտ 700 «BMW» մակնիշի կանաչ գույնի ավտոմեքենաներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել