Իրավաբանականի ուսանողին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն Արամյանը, երեկ՝ ժամը 23:50-ի սահմաններում, վարելով «Հոնդա» մակնիշի 22 ՍՏ 001 համարանիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցով ընթանալիս` թիվ 24 շենքի դիմաց, բախվել է ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուսանող-վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի
փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կտրել-մասնատել են «Հոնդա» ավտոմեքենան, ինչից հետո կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել 22-ամյա տղային:
Այնուհետև դեպքի վայր ժամանած շտապբուժօգնության ավտոմեքենան վարորդին տեղափոխել է թիվ 2 բուժմիավորում:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, քանի որ վթարի վայրում առաջացել է խցանում, և այն վերացնելու
համար գործի են անցել մի քանի տեսուչ:
Մինչ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ երիտասարդներ մեքենայի վրայից հանել են համարանիշները:
Հավաքված մարդկանց մեջ եղել են նաև վարորդի ընկերները, ովքեր զարմացել են, թե ինչպես կարող է նման ավտովթար լինել, երբ իրենց ընկերը պետք է ծառայության մեջ լիներ: Արդյոք նշված տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականության, թե՞ ոչ, կպարզի քննությունը:




Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել