HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի սակագնի բարձրացումը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական խնդիր է

Փորձագետ Արթուր Ղազարյանի կարծիքով` գազի սակագնի բարձրացումը, այն է 96 դրամը 136 դրամ դառնալը, խոշոր սպառողների համար` 215 դոլարը` 256 դոլար,  արդարացված չէ: Հղում կատարելով «ՀայՌուսգազարդի» տվյալներին` համաձայն որոնց` Հայաստանում 1 խմ գազի այրումից ստանում են 8218 կիլոկալորիա ջերմարարություն` Արթուր Ղազարյանն ասում է, որ այս ցուցանիշը նորմալ է, բայց եթե գազի գինը համեմատվի ջերարարության ու որակի հետ, ապա այն չի ապահովում համապատասխան և նշված արդյունքը: Այսօր գազի սակագնի վերաբերյալ «Հայելի» ակումբում Ահարոն Ադիբեկյանի հետ կարծիքներ փոխանակելիս, Արթուր Ղազարյանը նշեց, որ Հայաստանում չկա լաբորատորիա կամ որակի համապատասխան տեսչություն, որը կատարեր ուսումնասիրություն, իսկ «ՀայՌուսգազարդն» ինքն է որակի փաստաթուղթը ներկայացնում: Արթուր Ղազարյանը նաև փորձ է արել: Նա տան «Բաքսին» միացրել է գազին, և մեկ ժամվա ընթացքում նշված ջերմությունը, որը պետք է ապահովեր նշված չափի գազ վառելուց հետո, չի համապատասխանել սպասված արդյունքին: «Եթե գազի գինը բարձրացնում եմ, բայց որակը նույնն է մնում, դա աբսուրդ է, նման բան չի լինում: Իսկ եթե կալորիականությունը բարձրացնում են գազի գնի հետ, դա ինչ-որ տեղ կարելի է ընդունել»,- վստահ է Արթուր Ղազարյանը: Բանախոսի կարծիքով` գազի սակագնի բարձրացման նպատակը հենց շահույթ հետապնդելն է և ոչ թե «ՀայՌուսգազարդի», իրենց իսկ մեկնաբանությամբ, վնասով աշխատելու պատճառը: Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, նախևառաջ, գազի գնի բարձրացումը ավելի շատ քաղաքական խնդիր է, քան տնտեսական: Ըստ նրա` ջերմակիրները կամ էլեկտրակիրները, որքան էլ փորձեն մնալ տնտեսական ոլորտում, չի ստացվում և մնում են քաղաքական ոլորտում, իսկ գազի գինը ձևավորվում է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական շարժառիթներով: Ահարոն Ադիբեկյանը նշում է մի քանի դրդապատճառներ, որոնք կարող են խաթարվել գազի սակագնի բարձրացմամբ: Գազի ներմուծումը էկոլոգիական հարց է լուծել, պահպանվել են անտառները, հիգիենիկ նշանակություն է ունեցել` մարդիկ սկսել են առավել հաճախ լողանալ, քանի որ ջուր տաքացնելով լողանալը մեծ խնդիր է եղել նախկինում: Լուծվել է նաև ջեռուցման խնդիրը: «Հետևաբար գնի աճը կնվազեցնի գազի օգտագործումը. ցուրտ կլինի մեր տանը, ճաշը կարող է մենք ուտենք կիսաեփ, կդժվարանան հիգիենիկ հարցերը, անտառներն էլ կսկսեն հատել»,- հիմնավորեց Ահարոն Ադիբեկյանը: Նա հավելեց, որ գազի գնի բարձրացման որոշումը պետք է լինի ոչ թե զուտ տնտեսական ոլորտում, այլև քաղաքական և պետական մակարդակում, քանի որ այն կարող է բազմանշանակ հետևանքեր թողնել: Ավելին, սոցիոլոգը կարծում է, որ հարցը պետք է քննարկման դրվի նաև ՀՀ Ազգային ժողովում: Ըստ բանախոսի` պետք է նաև արագացնել Իրանից գազ ստանալու գործընթացները, քանզի մրցակցությունը կարող է շուկայական գինը սահմանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter